ԵՍ ԷԼ ԴՈՒ ԵՄ, ԴՈՒ ՉԿԱՍ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին մեկը մյուսին հաջորդող քաղաքական նշանակալի գործընթացների արանքում  տեղի են ունենում որոշ իրադարձություններ, որոնք այլ պարագայում կարժանանային լրատվամիջոցների ու հանրության բուռն քննարկմանը: Սակայն  ներկայիս սրընթաց զարգացումներում դրանք մի տեսակ կորում են: Մինչդեռ ափսոս, քանի որ հայ քաղաքագիտական  մշակույթը հարստանում է  այնպիսի եզակի նախադեպերով, որոնք իրենց զավեշտալիությամբ պարզապես  աբսուրդի են հասնում: Խոսքն իհարկե Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու` ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության կամ մարտի 1-ի գործով նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին չէ, թեպետ երկու դեպքում էլ առկա է զավեշտի որոշակի չափաբաժին: Օսկանյանի դեպքում` քանի որ  ԱԺ  մեծամասնությունը կազմող քրեաօլիգարխիկ պատգամավորների ֆոնին նա պարզապես ազնվության տիպար է թվում, իսկ մարտի 1-ի նոր հանձնաժողովի դեպքում էլ` քանի որ դրա հավանական անդամները կարող են լինել նույն այդ մարտի 1-ում առանցքային դերակատարություն ունեցած անձինք` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Գրիգոր Գրիգորյանի եւ Վարդան Օսկանյանի: Թեեւ վերջինը` արդեն դժվար թե: Ի դեպ, այդ երկու գործընթացները բավական  հետաքրքիր զուգամիտմամբ տեղի ունեցան: Եվ ստացվեց այնպես, որ եթե մարտի 1-ի բացահայտում պահանջող  ՀԱԿ-ը փորձի  պաշտպանել Օսկանյանին, կստացվի, որ նա պաշտպանում է մարտի 1-ի գլխավոր պատասխանատուներից մեկին:  
Սակայն շարունակելով զավեշտալի  գործընթացների թեման եւ մինչ բուն զավեշտին անցնելը` հիշատակենք սոցիալական ապահովության պետական ծառայության  նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ձերբակալությունը: Նա ոչ միայն իր համար հանգիստ  ապրում էր հայրենի Ախթալայում, այլեւ հետ չէր մնում նաեւ մայրաքաղաքային էլիտար իշխանական «տուսովկաներից»: «Խեղճն» ինչ իմանար, որ չարաշահումների ու յուրացումների հայտնաբերումից այսքան ժամանակ անց դառնալու է նախընտրական  PR-ի   հերթական մատաղացուն: Սակայն այս շաբաթվա զավեշտների թոփ հնգյակում, իհարկե, առաջին տեղը գրավում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` Սերժ Սարգսյանին ուղղված 15-կետանոց  նամակի պատասխանը… Հովիկ Աբրահամյանի կողմից: Պատկերացնո՞ւմ եք,  այդ պատասխանը սկսվում է հետեւյալ տողերով. «Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան, շնորհակալություն եմ հայտնում ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակի համար»: Անհասկանալի է միայն, Հովիկ Աբրահամյանի մոտ անձի երկվությո՞ւն է սկսվել, եւ նա մտածում է, որ ինքը Սերժ Սարգսյանն է, թե՞ նա ուզում է Արմեն Արզումանյանի հացը կտրել, քանի որ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի անունից Ս. Սարգսյանին ուղղված նամակի մասին տեսակետ կարող է արտահայտել միայն վերջինիս մամուլի խոսնակը:




Լրահոս