Քաղաքականության ֆինանսավորումը Երրորդ հանրապետության պատմության առանցքային թնջուկներից է: Ինչպե՞ս է ֆինանսավորվում հանրային-քաղաքական գործունեությունը Հայաստանում: Սա մի հարց է, որի պատասխանը ստույգ հայտնի չէ: Կարելի է կռահումներ անել, վարկածներ առաջ քաշել, բայց հարցի ստուգելի եւ հավաստի պատասխան հանրությունը չունի:
Իսկ որ հանրային-քաղաքական գործունեությունը ինչ-որ կերպ ֆինանսավորվում է, հասկանալի է ինքնին: Գրասենյակներ, հանդիպումներ, հանրահավաքներ, բրոշյուրներ, տեսանյութեր, քննարկումներ, այցեր. այս ամենը ֆինանսավորում է պահանջում: Եւ ամեն անգամ Հայաստանում քաղաքական գործիչները անխուսափելիորեն խեղճանում են այն հարցի վրա, թե որտեղից է այդ ամենը ֆինանսավորվում: Ամենահայտնի պատասխանը հետեւյալն է. մեզ ֆինանսավորում են մեր բազմահազարանոց համախոհները: Սա պատասխան է, բայց ինքնին նորանոր հարցեր առաջացնում. ու՞մ են տալիս համախոհները փողը եւ ինչպե՞ս, ո՞վ է այն վերցնում եւ ի՞նչ պայմաններում, ինչպե՞ս են մյուսներն իմանում՝ համախոհը հենց այդքա՞ն է տվել, թե՞ դրանից ավել կամ պակաս:
Որտե՞ղ են պահվում այդ գումարները, ո՞վ եւ ինչպե՞ս է կայացնում դրանք ծախսելու որոշումները, ինչպե՞ս է որոշվում՝ նպատակահարմա՞ր է նման ծախսը, թե ոչ, արդյունավե՞տ է, թե ոչ: Ինչպե՞ս է նվիրատվություն իրականացրած համախոհը իմանում՝ ի վերջո ինչի՞ վրա ծախսվեց իր նվիրաբերած դրամը:
Այս ամենը, սակայն, զուտ տեխնիկական հարցեր չեն, որովհետեւ մասնակցել հանրային-քաղաքական գործունեության ֆինանսավորմանը նշանակում է՝ թեկուզ անուղղակի մասնակցել որոշումների կայացմանը: Այսպիսով, եթե հանրային-քաղաքական որեւէ գործունեություն ֆինանսավորվում է շատերի կողմից, ուրեմն որոշումների կայացմանը շատերն են ներգրավված, թեկուզ՝ անուղղակի:
Եւ ընդհակառակը՝ եթե ֆինանսավորողները մեկ կամ մի քանի հոգի են, ուրեմն՝ փոքրանում է նաեւ քաղաքական որոշումների իրական հաշվետվողականության շրջանակը՝ սրանից բխող բոլոր հետեւանքներով: Այսպիսով, հասանք պրոբլեմի առանցքին. այն մեթոդները, որ դրված են հայաստանյան հանրային-քաղաքական գործունեության ֆինանսավորման հիմքում, ստեղծում են բոլոր նախապայմանները, որ որոշումների կայացման վրա ազդեցություն ունեցող ֆինանսավորողների թիվը փոքրանա, նվազի՝ ընդհուպ սահմանափակվելով մի քանի անձերի շրջանակով։ Սա էլ, իր հերթին, քաղաքականությունը տեղափոխում է կուլիսներ՝ նեղացնելով որոշումներ կայացնողների շրջանակը: Ու սա բնական է․ եթե քաղաքականությունը ֆինանսավորվում է կուլիսներում, նշանակում է՝ իրական քաղաքականությունը նույնպես տեղի է ունենում կուլիսներում: Վերը նշվածը, չնայած, լավ կլինի ընկալենք ոչ թե որպես համընդհանուր պրակտիկա, այլ ինչպես ընդունված է ասել՝ որպես ռիսկեր: Այդ ռիսկերը երբեմն կարող են ահագնանալ, երբեմն հնարավոր կլինի շրջանցել դրանք, բայց սրանից պրոբլեմի էությունը չի փոխվում:
«Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման հիմնադրման շուրջ քննարկումների առաջին իսկ փուլից Պայմանագրի գործունեության ֆինանսավորման հետ կապված հարցերը եղել են բուռն քննարկումների առարկա: Ինչպե՞ս է ֆինանսավորվելու պայմանագիրը, ովքեր են ֆինանսավորելու այն. սրանք հարցեր են, որոնց պատասխանները գտնելը մեզ համար եղել է սկզբունքային: Ու եթե հանրային-քաղաքական հարաբերություններում սկզբունքային փոփոխությունների հասնելու մեր հավակնությունները լուրջ են, պետք է փորձենք ինքներս մեզ դուրս դնել քաղաքական գործունեության ֆինանսավորման ավանդական հայաստանյան մեխանիզմներից: Այդ խնդիրը ձեւակերպել ենք հետեւյալ կերպ. եթե մեզ պետք է հազար դրամ, ուրեմն մենք պետք է գտնենք ոչ թե մեկ հոգու, որ մեզ կտա հազար դրամ, այլ պետք է գտնենք հազար հոգու, ով մեզ կտա մեկ դրամ:
Հենց այս խնդրի լուծման համար է ստեղծվել «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամը, որի նպատակը հանրային-քաղաքական գործունեության ֆինանսավորման նոր մեխանիզմների ձեւավորումն է: Այսպիսով, փորձենք պատասխանել հարցին, թե ինչպես ենք պատկերացնում «Քաղաքացիական պայմանագիր» ֆինանսավորումը:
Նախ՝ ումի՞ց ենք ակնկալում «Քաղաքացիական պայմանագիր» գործունեության ֆինանսավորում, կոպիտ ասած՝ ովքեր են մեզ փող տալու:
Մեր պատասխան ը հետեւյալն է՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուց՝ անկախ նրանից՝ Հայաստանու՞մ է ապրում, թե արտերկրում: Աշխարհի ցանկացած մասում ապրող հայերից: Այս պատասխանը, սակայն, մի քանի նոր հարցեր է առաջ բերում: Մասնավորապես, ինչու՞ այդ մարդիկ պետք է ֆինանսավորեն «Քաղաքացիական պայմանագրի» գործունեությունը:
Բնականաբար նրանց համար նախ պետք է ընդունելի լինի այդ գործունեությունը, եւ այն խնդիրներն ու նպատակները, որ շարադրված են «Քաղաքացիական պայմանագրի» հիմնարար փաստաթղթում: Բայց եթե մեկ նախադասությամբ ձեւակերպելու լինենք ֆինանսավորման հիմքում դրված պայմանավորվածությունը, կարող ենք ձեւակերպել այսպես. արտերկրում, Հայաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները, հայերը «Քաղաքացիական պայմանագիր» գործունեությունը ֆինանսավորում են, քանի որ պայմանագիրն իր հիմնական խնդիրն է համարում Հայաստանից երբեւէ հեռացած քաղաքացիների համար Հայաստան վերադառնալու քաղաքական պայմաններ ստեղծելը, այն խոչընդոտների վերացումը, որոնք մարդկանց թույլ չեն տալիս ապրել Հայաստանում կամ վերադառնալ Հայաստան: Սա է «Քաղաքացիական պայմանագրի» առանցքային անելիքը, ցանկացած քաղաքական, տնտեսական, մշակութային, սոցիալական ծրագիր, որ մենք կմշակենք եւ կիրականացնենք՝ ունենալու է մեկ հիմնական վերջնանպատակ՝ ստեղծել պայմաններ Մեծ հայրենադարձության եւ արտագաղթի կասեցման համար: Շարունակաբար մղվել դեպի այն նպատակը, որ ձեւակերպված է Պայմանագրի 5.ե) կետում. «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության առաջնային խնդիրը բնակչության թվի աճն է. ըստ այդմ, առաջիկա 20 տարիներին ՀՀ բնակչության թիվը պետք է կրկնապատկվի: Այս խնդրի լուծման կարեւորագույն միջոցներն են Հայաստանի Հանրապետությունից տեսանելի արտագաղթի դադարեցումը, Հին եւ Նոր Սփյուռքը ներկայացնող հայերի՝ դեպի Հայաստանի Հանրապետություն հայրենադարձության հարաճուն գործընթացի հարուցումը, ծնելիության աճը»:
Այսինքն՝ մեր բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն այս խնդիրների լուծմանը: Այս է պատճառը, որ մեր հիմնադրամը անվանված է «Քաղաքացիական պայմանագրի» վերադարձի հիմնադրամ:
Նման դեպքերում, սովորաբար, մարդկանց մոտ հարց է առաջանում. իսկ որքա՞ն գումար փոխանցենք, որ նորմալ լինի: Այս հարցին էլ գոյություն ունի շատ պարզ պատասխան՝ որքան կարող եք, որքան փոխանցելը դժվար չի լինի ձեզ համար, որքան փոխանցելը մեծ նեղություն չի լինի ձեզ համար: Դա կարող է լինել հազար դրամ, հինգ դոլար, տասը եվրո, հազար ռուբլի, հինգ հազար դրամ, հիսուն հազար դրամ, հազար դոլար. որքան թույլ է տալիս ձեր հնարավորությունն ու ցանկությունը:
Հաջորդ հարցը՝ ինչպե՞ս կատարել նվիրատվություն: Նվիրատվության մի քանի տարբերակներ կան.
Տարբերակ 1. www.civilcontract.am կայքում գործում է դրամական փոխանցումների էլէկտրոնային համակարգ, որի միջոցով աշխարհի ցանկացած մասից կարելի է գումար փոխանցել «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի հաշվեհամարին: Այս համակարգը առայժմ գործում է միայն ARCA եւ MasterCard-ի համար: Այսինքն համակարգի միջոցով Հիմնադրամին նվիրատվություններ կարող են անել առայժմ միայն ARCA եւ MasterCard-ի օգտատերերը: Անկախ նրանից, թե ինչ արժույթ է քարտի վրա, համակարգը օրվա փոխարժեքով այն կփոխարկի հայկական դրամի եւ կփոխանցի Հիմնադրամի հաշվեհամարին:
Տարբերակ 2. Սովորական բանկային փոխանցումներ. «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամն ունի հաշվեհամարներ դրամով, դոլարով, ռուսական ռուբլիով եւ եվրոյով: Այս հաշիվներին կարելի է փոխանցումներ կատարել աշխարհի ցանկացած բանկից: Իհարկե, սա նվիրատուների համար մի փոքր ավելի անհարմար տարբերակ է, որովհետեւ նրանք պետք է մտնեն բանկ, եւ այդպես կատարեն փոխանցումը, եթե, իհարկե, իրենց հաշիվներից փոխանցում անելու էլետրոնային հնարավորություն չունեն: Հիմնադրամի հաշվեհամարների տվյալները կարելի է վերցնել www.civilcontract.am կայքի Հիմնադրամ բաժնում:
Տարբերակ 3. «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամին կարելի է նաեւ առձեռն նվիրատվություններ անել: Նման ցանկություն ունենալու դեպքում խնդրում ենք դիմել Հիմնադրամի տնօրեն Հակոբ Սիմիդյանին (հեռ. 099 54 50 44, էլ.փոստ [email protected]): Առձեռն նվիրատվությունները սահմանված կարգով կմուտքագրվեն Հիմնադրամի դրամարկղ կամ բանկային հաշիվ, նվիրատու անձին կտրվի համապատասխան կտրոն:
Ինչպե՞ս է ծախսվելու գումարը եւ ինչի՞ վրա․ գումարը ծախսվելու են Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի սահմանած կարգով, Քաղաքացիական պայմանագրի կառավարման խորհրդի հայտերի հիման վրա: Այսինքն՝ ծախսման որոշումները կայացնելու են Հոգաբարձուների խորհուրդն ու կառավարման խորհուրդը: Հատուկ պետք է ընդգծենք, որ Հոգաբարձուների խորհուրդը անկախ է կառավարման խորհրդից, եւ Հոգաբարձուների խորհրդում ընդգրկված մարդիկ չեն հանդիսանում Քաղաքացիական պայմանագրի անդամ: Ասել է, թե նրանք, ըստ էության, ոչ թե ծախսողներին շահերն են ներկայացնում, ինչպիսին՝ Հիմնադրամի կանոնադրության համաձայն հանդիսանում են «Քաղաքացիական պայմանագրի» անդամները, այլ հիմնադրամին նվիրատվություն իրականացրածներին: Մեր պայմանավորվածությունը Հոգաբարձուների խորհրդի հետ շատ հստակ է. Հոգաբարձուների խորհրդի անդամները ներկայացնում են Հիմնադրամին նվիրատվությամբ հանդես եկած մարդկանց շահերը, եւ պիտի լինեն երաշխավորը, որ այդ գումարները ծախսվում են թափանցիկ եւ նպատակային: Բայց սա, ի դեպ, գումարների ծախսման արդյունավետության միակ երաշխիքը չէ: Պայմանագրի հիմնարար փաստաթղթում արձանագրված է այսպիսի կետ.
9. է) Պայմանագրին գումար եւ գույք նվիրաբերած քաղաքացիները ցանկացած պահի իրավունք ունեն տեղեկություններ պահանջել կատարված ծախսերի վերաբերյալ, եւ նրանց պահանջը պարտադիր կարգով պետք է բավարարվի առավելագույնը՝ երեք օրվա ընթացքում:
Այսինքն՝ նվիրատվություն իրականացրած քաղաքացին ցանկացած պահի կարող է հաշվետվություն պահանջել իր եւ ոչ միայն իր կատարած նվիրատվության օգտագործման արդյունավետության վերաբերյալ եւ նրա այդ պահանջը պետք է առավելագույնը երեք օրվա ընթացքում բավարարվի:
Հաջորդ հարցը՝ ինչի՞ վրա կարող են ծախսվել գումարները: Այս հարցի պատասխանը նույնպես տրված է «Քաղաքացիական պայմանագրի» հիմնարար փաստաթղթում: Ըստ այդմ՝ գումարները կարող են օգտագործվել հետեւյալ նպատակների համար՝ կազմակերպչական, տեխնիկական ծախսեր, այդ թվում եւ՝ գրասենյակների, գույքի գնում, վարձակալություն, ներկայացուցչական ծախսեր, բարեգործական ծախսեր, գործուղումներ, հանրային իրազեկման ծախսեր:
Հիմնադրամը, ի դեպ, հաշվետվությամբ հանդես գալու պարտավորություն ունի նաեւ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում:
Ինչեւէ, կարող ենք արձանագրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամը թեւակոխում է իր գործունեության հերթական եւ տրամաբանական մի փուլ: Մենք դիմում ենք հանրությանը ֆինանսավորելու «Քաղաքացիական պայմանագրի» գործունեությունը եւ ուրախ ենք արձանագրել, որ անցած ժամանակաշրջանում մանրամասն պլանավորել եւ ստեղծել ենք ժողովրդավարության բոլոր կանոններին եւ ՀՀ օրենսդրությանը համապատասխան մեր գործունեությունը ֆինանսավորելու մեխանիզմներ, որոնք, իհարկե, ժամանակի ընթացքում կկատարելագործվեն: Այս փուլին անցնելով՝ մենք դե ֆակտո լիարժեք կերպով սկսում ենք մեր գործունեությունը եւ հանրությանը, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, աշխարհում ապրող ցանկացած հայի կոչ ենք անում, խնդրում ենք՝ աջակցել Նոր Հայաստան կերտելու նախագծին, որ կոչվում է Քաղաքացիական պայմանագիր: Ձեր նվիրաբերած ամեն դրամը, դոլարը, եվրոն, ռուբլին ներդրվելու է Ազատ եւ Երջանին Հայաստանի կերտման գործին, եւ մենք հաշվետու ենք լինելու ձեր նվիրաբերած ամեն լումայի ծախսման արդյունավետության համար:
Հ.Գ. Քաղաքացիական պայմանագրի 9.ը կետը սահմանում է, որ Պայմանագրի նվիրատուի անձնական տվյալները կարող են հրապարակվել միայն նրա գրավոր համաձայնությամբ: Սա նշանակում է, Պայմանագրին գումարներ նվիրած անձի տվյալները պետք է պահվեն գաղտնի, բացառությամբ այն դեպքերի, երբ նվիրատվություն իրականացրած քաղաքացին համաձայն է, որ իր անունը հրապարակվի Պայմանագրի նվիրատուների ցուցակում:
ԱՐՍԵՆ ԽԱՌԱՏՅԱՆ
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամներ