«ԲԱՆԴԱՆ»՝ ՌՈԲԻՆՀՈՒԴՅԱ՞Ն ՈԳՈՎ, ԹԵ՞ ՔԱՂՊԱՏՎԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15:00-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվելու է հայտնի «բանդայի» գործով դատը, որի անդամները մեղադրվում են մի շարք նախկին պաշտոնյաների եւ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ իրականացրած ավազակային հարձակումների եւ գողությունների մեջ:
Նրանք ռոբինհուդնե՞ր են, թե՞ քաղաքական պատվեր իրականացնողներ: Մինչ այս հարցի պատասխանը գտնելը նշենք, որ գործով անցնող տուժողները 18-ն են, մեղադրյալները՝ 6-ը՝ Արտուշ Հակոբյանը, Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը, Արման Դալլաքյանը, Արթուր Մանուկյանը, Քյարամ Ամոյանը: Իսկ ավազակախմբի անդամներից  Գուրգեն Հայրապետյանը չկա այդ ցուցակում, քանի որ Մյասնիկյան պողոտայում վնասազերծելու ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Ըստ մեղադրանքի՝ Ա. Հակոբյանը եղել է «պարագլուխը». նա 2011թ. մայիսի սկզբին անձանց նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու նպատակով Գ. Հայրապետյանի հետ միասին ստեղծել եւ ղեկավարել է նշյալ եւ քննությամբ չպարզված անձանցից կազմված հանցախումբը, որը զինված է եղել տարբեր տեսակի ապօրինի կերպով ձեռքբերված զենքերով՝ 9 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-գնդացիրով, 5,45 մմ տրամաչափի «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգով, 7,62 մմ տրամաչափի «ՏՕԶ-49» տեսակի թմբուկավոր ատրճանակով, 9 մմ տրամաչափի «Մակարով» ատրճանակով, 7,62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի ատրճանակով, «ՏՏ» տեսակի առանց գործարանային համարի ատրճանակով, «ԲԼՈՈՒ Ց 06» տեսակի մարտականի ձեւափոխված հրազեն հանդիսացող ձայնագազային ատրճանակով:
2011թ. մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում «բանդան» հարձակվել է Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի եւ նրանց ընտանիքների անդամների վրա: Բացի այդ, Ա. Հակոբյանը կազմակերպել է 2011թ. սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը «բանդայի» կողմից կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությունը, որը ձախողվել էր, իսկ կասկածյալները՝ վնասազերծվել: Նրանցից ոմանց մոտ նաեւ թմրամիջոց է հայտնաբերվել, որը եւս ներառվել է համապատասխան անձանց առաջադրված մեղադրանքի ծավալում: Անդրադառնալով գողոնին՝ հիշեցնենք, որ 2011-ի հուլիսի 1-ի լույս 2-ի գիշերը զինված եւ դիմակավորված անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք էին գործել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետի տուն, ծեծի ենթարկել Աղվան Գրիգորյանին, նրա որդիներին եւ 80-ամյա մորը, ինչից հետո տանը պահվող չհրկիզվող պահարանը տեղափոխել տանտիրոջը պատկանող BMW X5 մակնիշի ավտոմեքենան եւ հեռացել: Թե որքան է կազմել Ա. Գրիգորյանի նյութական վնասը, պարզ կդառնա դատաքննության ժամանակ, երբ քաղհայց ներկայացվի: 2011-ի օգոստոսի 21-ին էլ հարձակվել էին ԱԺ նախկին պատգամավոր 65-ամյա Նապոլեոն Ազիզյանի տան վրա, բռնության ենթարկել Ազիզյանին, նրա կնոջն ու դստերը եւ զենքի սպառնալիքով հափշտակել 3 միլիոն դրամ, 20 հազար դոլար, ոսկյա զարդեր եւ արժեքավոր վեց նկար (ըստ որոշ տեղեկությունների՝ ընդհանուր 300 հազար դոլարի):
Հունիս 2-ի գիշերն էլ հարձակվել էին Երեւանի Ավան թաղամասում գտնվող «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ծրագրի ղեկավար Էդուարդ Բեզոյանի տան վրա եւ այն աստիճան ծեծել նրան ու որդուն, որ նրանց տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի վերակենդանացման բաժանմունք: Հարձակվողները պարաններով կապել էին այդ պահին տանը գտնվող 4 անձանց, գտել չհրկիզվող պահարանը, այն դրել հենց Բեզոյաններին պատկանող ջիփի մեջ եւ հեռացել: Ըստ մամուլում շրջանառված տեղեկությունների՝ չհրկիզվող պահարանում եղել են մոտ 200 հազար դոլարի ընդհանուր արժողությամբ ոսկյա եւ արծաթյա զարդեր եւ մոտ 50 000 դոլար կանխիկ գումար: Դատարան ներկայացված քաղհայցերից կպարզվի նաեւ նրանց նյութական վնասի իրական չափը: Այսինքն՝ խումբն ամենեւին էլ պատահական մարդկանց տուն չի մտել. հիշեցնենք, որ մամուլում շրջանառված վարկածների համաձայն՝ «բանդայի» անդամները լավ տեղեկացված են եղել գումարների առկայության մասին, ինչը նշանակում է՝ կա՛մ նրանց ինչ-որ պետական աղբյուրից տեղեկատվություն են տվել, կա՛մ «բանդան» ուղղակի որոշել է հարձակվել հենց նախկին պաշտոնյաների տան վրա՝ ենթադրելով նրանց պաշտոնավարման ժամանակ կուտակված գումարների մոտավոր չափը: Նշենք նաեւ, որ որպես տեղեկատվության արտահոսքի հնարավոր աղբյուր՝ մամուլում շրջանառվում էր ՀՔԾ պետի՝ վերջերս մահացած տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդու անունը: Ըստ գլխավոր դատախազության` վերջինիս ավելի ուշ էին բերման ենթարկել, երբ ստուգում էին ինչ-որ մեքենայի պատկանելության հարցը: Սակայն, ինչպես երեւում է, նրա անունը չկա մեղադրյալների վերջնական ցուցակում:
Հ.Գ. Այս հարձակումները երեւի թե երկու բան կարող են նշանակել. հասարակությունն այնքան է բեւեռացել, որ «բանդան» որոշել է ինքնուրույն եւ դաժանորեն պատժել երկրին եւ հասարակության մի մասին չքավորության եզրին հասցրած նախկին պաշտոնյաներին (այլ հարց է՝ ինչ սկզբունքով են ընտրվել թիրախները) կամ, եթե իշխանական ինչ-որ թեւից ուղղորդված հարձակումներ են, ապա գլխավոր միտք տվողը շատ է կարդացել մարդակեր կախարդի մասին հեքիաթներ, որոնք իրենց զոհին նախ հաց (պաշտոն) են տալիս, չաղացնում, հետո ուտում: Այս դեպքում երեւի հակառակ թեւի քաղաքական դեմքերի թիմակիցներն ախորժալի են եղել:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս