Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վանաձորի զորամասերից մեկի նախկին երկու հրամանատարների՝ Խաչիկ Ավետիսյանի եւ Էդիկ Մարկոսյանի գործով դատավարությունը: Նրանց ղեկավարած զորամասում մոտ 12 մլն դրամի յուրացման դեպք է գրանցվել, որը, չգիտես ինչու, շատ ուշ են հայտնաբերել:
Խաչիկ Ավետիսյանը 07.08.2008-27.03.2010թթ, լինելով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, կոչումով փոխգնդապետ, կրելով զորամասի ֆինանսական կարգապահության պահպանման համար պատասխանատվություն, պատշաճ կարգով չի ղեկավարել զորամասի ֆինանսական տնտեսությունը: Նա կեղծ ֆինանսական փաստաթղթերով եւ ստորագրություններով զորամասի բանկային հաշվից եւ դրամարկղից դուրս է գրել խոշոր չափերի գումար եւ յուրացրել: Խաչիկ Ավետիսյանի անփույթ վերաբերմունքի հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Ըստ մեղադրանքի՝ նա 24.10.2008թ-ին աշխատանքի է ձեւակերպել Ա. Մարգարյանին եւ մինչեւ 2010թ. մարտ ամիսը նրա անվամբ բանկային պլաստիկ քարտով անօրինական կերպով աշխատավարձ ստացել: Որպես փականագործ-վարորդ՝ ծառայության է ձեւակերպել Ե. Սահակյանին, որը իրականում ծառայության չի ներկայացել, եւ նրա անունով մոտ մեկուկես տարի անօրինական աշխատավարձ է դուրս գրել: 2009թ. հունվար-հուլիս ամիսներին էլ ավտոմեքենայի շահագործման նպատակով զորամասի պահեստից դուրս է գրել 1168 լ բենզին եւ յուրացրել:
Ինչ վերաբերում է Էդիկ Մարկոսյանին, ապա նա 9 տարի՝ 1999թ. դեկտեմբեր ամսից մինչեւ 07.08.2008թ.-ն է եղել զորամասի հրամանատար: Այս փոխգնդապետը եւս կրել է զորամասի ֆինանսական կարգապահության պահպանման պատասխանատվություն, որը, սակայն, պատշաճ կարգով չի իրացրել: Արդյունքում կազմվել են կեղծ ֆինանսական փաստաթղթեր, կեղծվել են ստորագրություններ, եւ անօրինական կարգով զորամասի բանկային հաշվից ու դրամարկղից Էդիկ Մարկոսյանը դուրս է գրել խոշոր չափերի գումար եւ յուրացրել:
Ստացվում է` այս զորամասում 9 տարի ստուգում չե՞ն արել, թե՞ արել են, բայց լռել: Նրանք ստորագրությամբ բաց են թողնվել, իսկ ահա երրորդ մեղադրյալը՝ զորամասի նախկին հաշվապահ, քաղցկեղով հիվանդ երեխայի մայր Գայանե Փահլեւանյանը, երկու անգամ ինքնասպանության փորձ անելուց եւ 3,5 մլն դրամի չափով վնասը վերականգնելուց հետո դատապարտվել է 5 տարվա ազատազրկման եւ շաբաթներ առաջ կալանավորվել: Նշենք նաեւ, որ նա 2004-ից է եղել զորամասի հաշվապահը, եւ հարց է, թե նրանից առաջ ով է օգնել հրամանատարին յուրացումներ անել:
Ի դեպ, մեր նախորդ հրապարակումից հետո, նախնական տեղեկություններով, ինչ-որ զարգացումներ են սկսվել՝ որոշ իրավապահների պատժելու եւ Գայանեի պատիժը մեղմացնելու հետ կապված: Դրանց մասին կտեղեկացնենք հետագայում:
ԶՈՐԱՄԱՍԸ 9 ՏԱՐԻ ՉԷԻ՞Ն ՍՏՈՒԳԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ