«Հայ կինը` Հայոց ցեղասպանության տարիներին և հետո»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության նախաձեռնությամբ անցկացվեց «Հայ կինը Հայոց ցեղասպանության տարիներին և հետո» խորագրով միջազգային գիտաժողովը նվիրված՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Ուրախ եմ, որ այսօր հայ կանայք հավաքվել են՝ համատեղ քննարկելու հայ կնոջ դերը Ցեղասպանության և նրան հաջորդած տարիներին: Բոլորիս քաջ հայտնի է, որ հայ կինը հայ ընտանիքի հիմնասյունն է, որի վրա կառուցվում է հայկականությունը: Հայ եկեղեցու, պետության, ընտանիքի և հայոց լեզվի կարևորագույն սյուների հիմքում շաղախված է հայ կնոջ ինքնազոհությունը, նվիրումը և՛ Հայաստանում, և՛ աշխարհում: Ցավոք, սրտի հայ կինը կրել է հայոց պատմության ծանրագույն բեռը, անցել է պատմության տարբեր հանգրվաններով, եղեռնի տարիներին ամենամեծ սարսափներն ու տառապանքներն է տարել, դաջվել է ու մարտիրոսվել:

Եվ փառք ու պատիվ այն միսիոներներին, ովքեր ոչ միայն որբահավաք կազմակերպեցին և փրկեցին հայ կանանց գերությունից ու ստրկությունից, այլև պայմաններ ստեղծեցին, որ նրանք գոյատևեն»: Նախարարն առանձնացրեց հատկապես Զապել Եսայանին, ով հասավ մինչև Եվրոպայի խորհրդաժողով, կարողացավ իր ձայնը լսելի դարձնել, և Դիանա Աբգարին՝ Ճապոնիայում մեր առաջին հանրապետության հյուպատոսին, ով օգնեց փաստաթղթավորել հայ կանանց, գաղթականներին: Գտնվեցին նաև օտար բարեսեր, բարեգութ մարդիկ:

Ավարտելով խոսքը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը հպարտությամբ նշեց, որ թուրքը չկարողացավ իրականություն դարձնել իր երազանքը: Ցեղասպանությունից փրկված հայերը տարածվեցին ամբողջ աշխարհում, վերընձյուղվեցին, զարգացան և ուժեղացան: Նա մասնավորապես նշեց. «Այսօր մենք զարգացած ենք, կրթված, պահանջատեր: Եվ այսօրվա Թուրքիան էլ պատասխանատու է սահմանը փակելու պատճառով մեր կրած տնտեսական վնասների համար, Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների հոգեկան տառապանքների համար, ինչպես նաև՝ այն իսլամացած հայերի ապրումների համար, ովքեր այսօր ապրում են Թուրքիայում: Այս օրերին Թուրքիայում հայերը ոչ միայն Ստամբուլում, այլ նաև Զեյթունում, Դիարբեքիրում, Վանում, Կարսում, Ադանայում և այլուր պատրաստվում են ոգեկոչել Ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Դժվար է գերագնահատել ապրիլի 12-ին Հռոմի պապի հայտարարության միջազգային նշանակությունը: Համոզված եմ, որ չի գտնվի ոչ մի կաթոլիկ, որ փորձի հակառակը պնդել: Մեր պատմության մեջ կմնա ապրիլի 23-ը, երբ մեր եկեղեցին կսրբադասի Ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերին, և նրանց հոգիները վերջապես կհանգստանան: Այս տարին կդառնա շրջադարձային Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման պայքարում: Բայց ինչ էլ անենք, դարձյալ բավարար չէ, դեռ շատ բան ունենք անելու: Պետք է հիշենք ու հիշեցնենք, հիշենք ու պայքարենք»:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետուհի Վիգի Մարաշլյանը. «Կարծես երեկ էր, երբ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին հայությունը՝ Հայաստանից մինչև Սփյուռքի հեռավոր անկյունները, միակամ ու միաբերան վերջ դրեց ողբ ու կոծին և տարավ իր արդար Դատը եկեղեցու դարպասից դեպի քաղաքական կրկես ո´չ որպես մարտիրոսացած ժողովուրդ, այլ որպես վերազարթնող ազգ՝ պատրաստ ամեն զոհողության, պատրաստ պայքարելու՝ որպես արդարության ու հատուցման պահանջատեր, մինչև վերջնական հաղթանակ»:
Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Նարինե Գալստյանն իր ողջույնի խոսքում կարևորեց հայ կնոջ դերը ու նշեց, որ հայ կինն ինչպես անցյալում, այսուհետ նույնպես շարունակելու է հավատարիմ մնալ իր կոչմանը:

Ստոկհոլմից իր ողջույնի խոսքը հղեց «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի հեղինակ Սյուզան Խարդալյանը, որից հետո ցուցադրվեցին հատվածներ ֆիլմից:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հասարակական, քաղաքական գործիչ Իշխանի (Նիկողայոս Պողոսյան) անունը կրող բարձը նվիրեց ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետուհի Վիգի Մարաշլյանին (նշենք, որ «100 բարձ ապրելու համար» նախագծի շրջանակներում 100 բարձերը փոխանցվելու են Սփյուռքի մեր հայրենակիցներին):

«Հայ կինը Գողգոթայի ճանապարհին» խորագրով իր զեկուցման մեջ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան, դոկտոր պրոֆեսոր Էդիկ Մինասյանը շեշտեց, որ հայ կնոջ դերի մասին բարձր ըմբռնումը մեզ հայտնի է դարձել պատմությունից և, իհարկե, մեր կանանց սխրագործությունների մասին վկայություններից: Նա մասնավորապես նշեց. «Ուսումնատենչությունը, նվիրումը, անձնազոհությունը եղել է հայ կնոջ առաքելությունը: Առաքելություն, որն այսօր էլ հայ կինը պատվով է կատարում»:
«Հայոց ցեղասպանությունը ըստ կին ականատես վերապրողների վկայությունների» թեմայով զեկուցումով հանդես եկավ պատմական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանը: ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը ներկայացրեց Ցեղասպանության տարիներին Հայ կնոջ իսլամացման քաղաքականությունը: Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի գիտաշխատող Հասմիկ Գրիգորյանը ներկալացրեց «Սեռական բռնությունների դասակարգումը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության համատեքստում» զեկուցումը:

Հայաստանի ազգային արխիվի գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժնի, արխիվային տեղեկատուների պատրաստման և հրատարակման բաժանմունքի վարիչ Մարինե Մարտիրոսյանը ներկայացրեց ՀՕՄ-ի գործունեությունը Ցեղասպանության տարիներին և դրանից հետո, ՀՕՄ–ի Կենտրոնական վարչության միջազգային գրասենյակի հրատարակչական բաժնի տնօրեն Թաթուլ Սոնենցի՝ «Հայ կինը Ցեղասպանության տարիներին. ազատագրական պայքարի ուղիներում» զեկույցը ներկայացրեց ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության անդամ Ֆրիդա Հաճյանը:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանն իր զեկուցման մեջ անդրադարձավ «Ցեղասպանությունը և հայ կնոջ ճակատագրի բացահայտումը ըստ Ավետիս Ահարոնյանի» թեմային:

Կալիֆոռնիայի Նորթրիջ նահանգային համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ծրագրերի ղեկավար Դոկտոր Վահրամ Շեմմասյանի «Ցեղասպանության ընթացքում գերեվարված հայ կանանց և մանուկների ազատագրումը Սիրիայում` համաշխարհային առաջին պատերազմի ավարտին» թեմայով զեկույցը ներկայացրեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության մամուլի և հրատարակչական գործերի պատասխանատու Անդրանիկ Մարդոյանը:
Թատերագիր, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Նյու Յորքի Ս. Ներսես ընծայարանի դասախոս, պրոֆեսոր Հրանտ Մարգարյանի «Մեկ որբ, մեկ ոսկի» թեմայով զեկուցումը ներկայացվեց տեսակապի միջոցով:

«Զորավար Անդրանիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Իլյիչ Բեգլարյանի զեկուցման թեման էր «Ինչ են խոսում արխիվները. Հայ կնոջ կերպարը ազգային ազատագրական պայքարի պատմության մեջ»:

Գիտաժողովի շրջանակներում գործում էր նաև Հայաստանում հաստատված ձեռագործի սիրիահայ վարպետների և հրուշակագործների աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառ:




Լրահոս