Այն, որ Հայաստանում ընտրություններում հաղթում է նա, ով ընտրակաշառք է բաժանում, վաղուց արդեն ոչ ոքի չի զարմացնում: Զարմանալին թերեւս ընտրակաշառքի հայտնաբերման ու դրա համար պատասխանատվության ենթարկելու փաստն է:
Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների օրը Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը հեռարձակել էր մի տեսանյութ, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես է քաղաքացին ընտրակաշառք բաժանում ընտրողներին: Քաղաքի Շառլ Ազնավուրի հրապարակում «Գազել-32213» մակնիշի 29 ՕՕ 719 համարանիշի ավտոմեքենայից, որը պատկանում է Գյումրու բնակիչ Վազգեն Սարգսյանին, հինգհազարական դրամ ընտրակաշառք էր բաժանվել հինգ ընտրողի: Ականատեսների վկայությամբ ընտրակաշառք բաժանող կինը հորդորել էր քվեարկել ՀՀԿ-ի օգտին:
«ԳԱԼԱ» հ/ը-ն արձանագրել էր դա եւ նույն օրը ցուցադրել տեսանյութը, որում գյումրեցիները եւ իրավապահ մարմինները հստակ ճանաչել են ընտրակաշառք բաժանող Շողիկ Մելքոնյանին եւ իրենց քվեն 5 հազար դրամով ծախող քաղաքացիներին: Նշենք, որ 41-ամյա Շ. Մելքոնյանը Գյումրու «Մհեր Մկրտչյան հուշատուն» թանգարանի տնօրենն է, ակտիվ ՀՀԿ-ական:
«Էս ի՜նչ հաշիվ ա…» վերնագրով տեսանյութի հեռարձակումից հետո Շիրակի մարզի քննչական բաժինը գործի առթիվ նյութեր է նախապատրաստել: Հետագայում Մելքոնյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվեց իբրեւ թե հանցակազմի բացակայության պատճառով: Սակայն ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որոշմամբ հարուցվեց նոր քրգործ՝ ՀՀ քր. օր.-ի 154 պրիմ 2 հոդվածի 2-րդ մասով:
Ամբաստանյալի միջնորդությամբ իրականացեց արագացված դատավարություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մելքոնյանը նախկինում դատված չի եղել, աշխատավայրից ներկայացրել է դրական բնութագիր, խնամքի տակ ունի երկու անձ եւ զղջում է իր արարքի համար, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանը նրան ազատազրկման է դատապարտեց 3 տարի ժամկետով: Սակայն Շ. Մելքոնյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան՝ երկու տարի ժամկետով: Դատարանը բնակության վայրի այլընտրանքային պատիժների կատարման բաժնի բաժանմունքի վրա է դրել կնոջ վարքի հսկողությունը` նրա նկատմամբ կիրառելով ՀՀ քր. օր.-ի 70 հոդվածը:
Այսպիսով՝ դատարանն ազատ արձակեց մայիսի 6-ին Գյումրիում ընտրակաշառք բաժանած ՀՀԿ-ական Շողիկ Մելքոնյանին:
«Էդպես էլ պիտի լիներ, իշխանություններն իրենց պահանջները կատարողներին հո չէի՞ն դատելու: Աստված մի արասցե, այդ կինը Հայ ազգային կոնգրեսից լիներ, ոչ միայն դատ ու դատաստան կանեին, այլեւ կգնդակահարեին: Ի դեպ, ցանկացած ընտրության ժամանակ Գյումրիում կարելի է նման փաստ արձանագրել, թարմ օրինակ՝ ՏԻՄ ընտրությունները»,-կատարվածի շուրջ «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում տեսակետ հայտնեց ՀԱԿ Գյումրու կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը:
ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ՞ ՉԷ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ