Ապրիլի 17-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա ցուցահանես` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Օրերս մի խումբ նկարիչներ, որոնք եւս ներկայացրել էին իրենց կտավները` ցուցահանդեսին մասնակցելու համար, պարզել են, որ իրենց նկարները չեն ցուցադրվելու: Նրանցից շատերը մի ամբողջ տարի աշխատել են իրենց կտավների վրա, սակայն այսօր նրանց գործերը իրենց իսկ ձեւակերպմամբ` արհամարհվել են:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ստեղծվել է հանձնաժողով, որի անդամները քվեարկության միջոցով ընտրել են այն նկարները, որոնք պետք է ներկայացվեն ցուցահանդեսում. «Հանձնաժողովը դրել եմ ոչ թե ես, այլ այն ընտրվել է համագումարի կողմից, անգամ հանձնաժողովի անդամներից շատերի գործերը չեն ընդգրկվել ցուցահանդեսում, բողոքելու ի՞նչ կա, կարգն է այդպես: Նկարիչներից շատերի գործերը թեմային չէին առնչվում, ոմանց նկարների գեղարվեստական արժեքն էր ցածր, եթե բոլորին լավություն անեինք, մեզ 4-5 դահլիճ էր պետք գալու»,- մեկնաբանեց Կարեն Աղամյանը:
Այնինչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Խաչիկ Հարությունյանը, ում կտավը եւս չի ներկայացվելու ցուցահանդեսին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեց, որ հանձնաժողովը տվյալ դեպքում ձեւական բնույթ է կրում. «Հանձնաժողովն այստեղ կապ չունի, ամեն բան Կարեն Աղամյանի ձեռքում է: Ես համոզված եմ, որ մշակույթի նախարարությունը, որոշ բարերարներ գնելու են որոշ կտավներ, ուստի Կարեն Աղամյանը ընտրել է այն նկարիչների կտավները, ովքեր գործարքի մեջ կմտնեն իր հետ, քանի որ, ես տեղյակ եմ, որ այդ գնված կտավների գումարի 80 տոկոսը Կարեն Աղամյանը վերցնում է իրեն ու մի երկու կոպեկ թողնում նկարիչներին: Իսկ մեզ հետ նա գործարքի մեջ մտնել չի կարող, ուստի հանել է մեր նկարները: Սա բոլորին է հայտնի, իրենք, իհարկե, չեն խոստովանի»,- ասաց նա:
Այս կապակցությամբ Կարեն Աղամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման խոսակցությունները ստվեր են գցում 100-րդ տարելիցին նվիրված այս միջոցառման վրա. «Վաճառք չի լինելու, դա սուտ է, կեղծիք, չի կարելի բիզնեսի վերածել այս ամենը: Նկարիչների միությունը հասարակական կազմակերպություն է, ոչ կոմերցիոն է, վաճառք կազմակերպելու իրավունք էլ չունի, դա մեր իրավունքներից վեր է»,-մեկաբանեց նա:
Մինչդեռ Խաչիկ Հարությունյանը պնդում է, որ ստախոսը հենց Կարեն Աղամյանն է. «Մշակույթի նախարարությունը պայմանագրեր չի կազմելու, բայց տեղում գնումներ է կատարելու իր ֆոնդի համար, ամեն տարի էլ նախարարությունը, որոշ բարերարներ, օրինակ` Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, գումար են հատկացնում եւ գնում որոշ նկարներ, ես այդ ներքին խոհանոցին ծանոթ եմ, Կարեն Աղամյանը, իհարկե, այդ մասին լռում է»,- ասաց նա:
Խաչիկ Հարությունյանի խոսքով` իր հետ համակարծիք են հարյուրավոր նկարիչներ. «Նկարիչների միության նախագահը բիզնես է անում, թեպետ սա բիզնես էլ չես կարող անվանել, քանի որ բիզնեսն ունի շուկա, կանոններ, սա, ավելի շուտ, մոնոպոլիա է հիշեցնում, իսկ հանձնաժողովի կազմում իր դրած անդամներն են, թույլ մարդիկ, որ ինքն ինչ ասի` լսեն»-կարծիք հայտնեց նկարիչը:
Նրա համոզմամբ` Կարեն Աղամյանն ինքն է խայտառակում եւ ստվեր նետում ցուցահանդեսի վրա` ներկայացնելով գեղարվեստական արժեք չունեցող մի շարք կտավներ. «Գնացե՛ք եւ ինքներդ տեսե՛ք, թե ինչ կտավներ են ներկայացված ցուցահանդեսում: Ես նախապես ծանոթացել եմ դրանց: Դա էժանագին, անորակ նկարչություն է: Առաջին հերթին հենց Կարեն Աղամյանի հեղինակած կտավի գեղարվեստական արժեքը շատ ցածր է, դե, ինքը վատ նկարիչ է, վատը որն է` նկարել չգիտի բացարձակ: Նման նշանակություն ունեցող ցուցահանդեսին ինչպե՞ս կարելի էր նման խայտառակ ձեւով ներկայանալ: Աշխարհը գալու է` այս անհեթեթությունը նայի՞: Աբսուրդ: Բարձրարժեք արվեստ հասկացությունը վաղուց նկարիչների միությունում վերացել է եւ վերածվել շուկայական հարաբերությունների: Ափսոսում եմ, որ մեր նախկին հզոր միությունը, որ սրբավայրի պես բան էր, այլեւս չկա»,-եզրափակեց նա:
Աննա Բաբաջանյան