ՄԻ՛ ՍՊԱՆԵՔ, ԳԱԶԱՆՆԵ՛Ր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի շարք միջազգային զբոսաշրջային  գործակալություններ, այդ թվում ռուսական «Այբեկս» ընկերությունը, աշխարհի որսորդներին հրավիրում են Հայաստան` մուֆլոնի, կովկասյան գորշ արջի եւ  բեզոարյան այծի որսի, որոնք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:  Բնապահպանության նախարարությունը հարկ չհամարեց «Ժողովուրդ»-ին պարզաբանել, թե  ով է Հայաստանում ռուսական գործակալության պատվիրատուն, եւ ում կողմից են տրամադրվում որսի լիցենզիաները:
Արդի աշխարհում որսորդությունը գոյատեւման միջոցից վաղուց վերածվել է հոբբիի եւ եկամտաբեր բիզնեսի: Որսորդական բիզնեսը ՀՀ-ում  դանդաղ է  զարգանում: Սկզբնական շրջանում այն գործում էր անօրինական դաշտում, ապա դրան տրվեցին իրավական հիմքեր: Իսկ մինչ այդ կենդանական աշխարհը հսկայական կորուստներ կրեց, ինչը, չնայած բնապահպանների ահազանգին, դեռեւս շարունակվում է: Որպես օրինակ՝ օրեր առաջ Խոսրովի անտառում ոչնչացված բեզոարյան այծերի, կովկասյան գորշ արջի եւ նապաստակի  որսի սարսափելի կադրերը: Գաղտնիք չէ, որ որսորդական բիզնեսը մեր երկրում դիտվում է որպես բարձրաստիճան չինովնիկների սիրելի զբաղմունք: Ցավալին այն է, որ դրա հետեւանքով ոչնչանում են հիմնականում անհետացման եզրին կանգնած հազվագյուտ կենդանատեսակները:
Դրանց ոչնչացումը «օրինականացվեց» 2004թ., երբ կառավարության որոշմամբ Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում իտալական International Safaris corp ընկերությանը հատկացվեց 2895 հա տարածք էկոտուրիզմի եւ որսորդական տուրիզմի զարգացման նպատակով: Հետագայում այս կազմակերպությունը կառավարության կողմից սիրողական որս կազմակերպելու թույլտվություն ստացավ: Գիտահետազոտական նպատակներով թույլատրվեց նաեւ 8 տարեկանից բարձր թվով 5 մուֆլոնի, նույն քանակի բեզոարյան այծի  եւ 2 գորշ արջի որսը:
«Շատ մեղադրանքներ են հնչում մեր հասցեին: International Safaris corp-ը սկզբում հայ-իտալական  ընկերություն էր, որի նպատակը ՀՀ-ում ֆոտոտուրիզմի զարգացումն էր: Մենք գործում ենք որպես ՀՀ-ում գրանցված որսատնտեսություն եւ ապօրինի գործունեություն չենք ծավալում: Այժմ իրականացնում ենք բնապահպանական եւ վայրի կենդանական աշխարհի վերարտադրության ծրագիր: Ավելին, 2004թ.-ից կառավարությունը թույլատրել է տեսակի երիտասարդացման նպատակով իրականացնել որս, սակայն մենք դա էլ չենք արել»,-«Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց «Սաֆարի» ինտերնացիոնալ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Մաթեւոսյանը: Վերջինս վստահեցրեց, որ տարածքում բեզոարյան այծերի քանակը շատացել է, ինչը կարելի է նկատել նույնիսկ անզեն աչքով Շատին գյուղի դիտակետից. «Մեր մոնիթորինգի տվյալներով «Սաֆարի»-ի տարածքում կա մոտ 600 բեզոարյան այծ նախկին 75-ի փոխարեն, որից 25-30 %-ն արու է: Հաշվառված է նաեւ 55 գորշ արջ, իսկ մուֆլոններ մեր տարածքում չկան, դրանց շարժը միգրացիոն բնույթ է կրում»:
ԱԺ 2010թ. փետրվարի 2-ին ընդունած օրենքով ՀՀ-ում արգելվեց Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսը: Ցանկացած նման որս դիտարկվում է որպես օրենքի խախտում, նույնիսկ անվանական թույլտվություններ այլեւս չեն կարող տրվել: Օրենքը թույլ է տալիս որսորդական տնտեսություններ հիմնել, բայց ի՞նչ իմաստ ունեն դրանք, եթե բուծվող կենդանիների որս չի կազմակերպվելու: Սակայն մյուս կողմից էլ գործող տնտեսություններում որսից ստացվող եկամուտները չեն ծառայեցվում բնաշխարհի վերականգնմանը:
Այս որոշումից հետո աշխարհի տարբեր երկրների տուրիստական գործակալություններ  սկսեցին էքստրեմալ տուրիզմի սիրահարներին որսի հրավիրել ՀՀ: Դրանց թվում է նաեւ   ռուսական «Այբեկս» տուրիստական գործակալությունը, որն աշխարհի որսորդներին հրավիրում է ՀՀ՝ քարայծի ու հայկական մուֆլոնի որսի: Այս մասին տեղեկանում ենք  գործակալության պաշտոնական կայքի գլխավոր էջից: Փորձեցինք կապ հաստատել գործակալության հետ` պարզելու, թե ընկերությունը հայաստանյան որ կառույցի հետ է համագործակցում եւ ինչ իրավունքով է հրավիրում ոչնչացող կենդանատեսակների որսի: Սակայն մեր հեռախոսազանգին պատասխանեցին, որ տվյալ հասցեում այդ գրասենյակն այլեւս չի գործում: Կայքը տեղեկացնում է նաեւ, որ ի թիվս այլ ծառայությունների՝ գործակալությունն իր վրա չի վերցնում քարայծի, հայկական մուֆլոնի, արջի որսի լիցենզիայի ձեռք բերումը: Բնապահպանության նախարարությունից  2 օրվա ընթացքում մեզ չհաջողվեց տեղեկանալ, թե ինչ սկզբունքով, ում եւ ինչ գումարի սահմաններում է  տրամադրվում որսի թույլտվությունը: Հարկ է նշել, որ նախարարության նմանատիպ գործելակերպն ու վերահսկողության բացակ
այությունն են նաեւ նպաստում հայրենի բնության եւ կենդանական աշխարհի ոչնչացմանը:
Տեղեկացնենք, որ ոչ պաշտոնական տվյալներով հայկական մուֆլոնի որսի գինը 6800 դոլար է, իսկ բեզոարյան այծինը` 5700: Հայկական մուֆլոնը գրանցված է Կարմիր գրքի CR՝ ծայրահեղ վիճակ բաժնում, իսկ բեզոարյան այծը` երկրորդ EN` անհետացման սպառնալիքի ներքո խմբում: Սրանից հետո հարկ է, որ  կառավարությունը, ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության, մշակի որսորդական բիզնեսի զարգացման ռազմավարություն, որպեսզի այն չդառնա ինչ-որ մեկի մենաշնորհը, իսկ կենդանական աշխարհն էլ  չվտանգվի:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս