ԷԼԻ ԽԱԲԵՑԻՆ ՈՒ ՀԻԱՍԹԱՓԵՑՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. հունվարի 1-ին ակնկալվող նվազագույն աշխատավարձի 7 % բարձրացումը չի փոխհատուցում տարեսկզբից հանրապետությունում գրանցված 10,2 % գնաճը:  
Նախօրեին  ՀՀ կառավարությունը եւս մեկ անգամ ապացուցեց իր խոսքի եւ գործի տարբերությունը: Հերթական  նիստում  կառավարության կողմից հաստատվեց   «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 35 000 դրամ: Այսինքն` կառավարությունը նախատեսում է 2013թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացնել ընդամենը 2500 դրամով:  Պետբյուջեում դա կդիտվի որպես լրացուցիչ ծախս եւ կկազմի 941 մլն դրամ:
Աշխատավարձի բարձրացմանը զուգահեռ օրեր առաջ կառավարության մեկ այլ որոշմամբ   առաջարկվել է փոփոխել նաեւ «Եկամտային հարկի մասին» եւ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքները: Ըստ այդմ, ներկայում վարձու աշխատողների անվանական աշխատավարձերից հաշվարկվող եւ պահվող եկամտահարկի ու պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ինչպես նաեւ գործատուների հաշվին կատարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն 2013թ. հունվարի 1-ից կիրառվելու է միայն եկամտային հարկը, որը հաշվարկվելու է վարձու աշխատողների անվանական աշխատավարձերից եւ գործատուների միջոցով վճարվելու է պետական բյուջե: Հիշեցնենք, որ օրերս ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դիմել էր կառավարությանն առաջարկով, որ նվազագույն աշխատավարձը 32 500 դրամի փոխարեն դարձնեն 72 500 դրամ: Առաջարկը մերժվել էր:
Կառավարության քաղաքականության մասին «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում մեկնաբանություն տվեց ԱԺ ՀԱԿ պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանը:
«Սա մեկ անգամ եւս ապացուցեց, որ կառավարություն՝ որպես այդպիսին, գոյություն չունի: Բնական է, որ կառավարությունը նման որոշումներ է կայացնում, չէ՞ որ նրա անդամները հիմնականում գործատուներ են, իսկ դա ապացուցում է այս գործընթացում նրանց շահագրգռվածության ցածր աստիճանը: Հիասթափեցնող է, որ տարեսկզբից հանրապետությունում գրանցվել է 10,2 % գնաճ (ասեմ, որ ես  այս ցուցանիշին էլ  չեմ հավատում), իսկ արդեն հաջորդ հունվարից նոր փորձում են բարձրացնել աշխատավարձերը: Ըստ էության, աշխատավարձը  բարձրացել է 7 %-ով, որը գնաճը չի Էլ փոխհատուցում: Ուստի կառավարությունը կրկին հիասթափեցնում է իր անտրամաբանական վարչարարությամբ, պատվեր կատարելով»,-կարծում է Բագրատյանը` ընդգծելով, որ այս պարագայում 20 տարի հետո միայն մեր կառավարությունը կհասնի այն մակարդակին, որ ՀՀ քաղաքացու նվազագույն աշխատավարձը համապատասխանի նվազագույն սոցիալական զամբյուղին: Եթե, իհարկե, այս իշխանությունները կարողանան եւս 20 տարի կառչել իրենց աթոռներից:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս