ՀԱՐՑ. Ամերիկյա՞ն, թե՞ ամերիկական, արգենտինյա՞ն, թե՞ արգենտինական: Առօրյա խոսակցական լեզվում երկու տարբերակներն էլ օգտագործվում են: Հայոց լեզվին մոտ կանգնած մարդիկ առանց հիմնավորման խորհուրդ են տալիս առաջնությունը տալ ամերիկյան եւ արգենտինյան տարբերակին: Սրան հիմնավորում կա՞: Գուցե արեւելահայերենի եւ արեւմտահայերենի խնդի՞րն էլ այստեղ դեր ունի:
ՊԱՏԱՍԽԱՆ. Արամայիս Ասլանյանի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ լեզուն կենդանի օրգանիզմ է եւ հաճախ ինքն է թելադրում կանոններ: Դրանք երբեմն կարող են լեզվագիտական հիմնավորում չունենալ, բայց այդ դեպքում անգամ իրենց կարեւորությամբ չեն զիջում օրենսդրական դաշտում տեղ գտած լեզվական որեւէ կանոնի: Դրանցից են եւ Ա. Ասլանյանի բերած օրինակները՝ ամերիկյան, այլ ոչ ամերիկական, արգենտինյան, այլ ոչ արգենտինական: Ի հակադրություն նշված լեզվական ճիշտ ձեւերի՝ մենք ունենք հայկական (այլ ոչ հայկյան, այս ձեւը գործածվում է միայն Հայկ նահապետի առնչությամբ), ռուսական (այլ ոչ ռուսյան) ձեւերը, որոնք միանգամայն ճիշտ են եւ ընդունելի: Ածականակերտ վերջածանցի գործածության այս տարակերպությունը լեզվական որեւէ հիմնավորում չունի: Ցանկացած լեզվում նման չնորմավորված օրենքների հիմքում գլխավորապես ընկած են լինում բարեհնչունությունն ու հակիրճությունը: Նշված դեպքն էլ դրանց թվին է պատկանում:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բոլորս էլ գիտենք, որ հայերենը բարդ, բայց եւ հարուստ բառապաշար ունեցող լեզու է: Սակայն վերջին շրջանում հեռուստաեթերից ավելի շատ լսում ենք լեզվաբանական սխալ ձեւակերպումներով փողոցային, բարբառային հայերեն, ինչն էլ խոսում է վերին օղակների թույլ ու անհետեւողական լինելու մասին: Շատ գովելի է, որ սահմանափակ թվով քաղաքացիներ դեռեւս մտահոգված են հայերենի անաղարտության համար եւ այդ ճանապարհին որոշակի քայլեր են ձեռնարկում, մասնավորապես նաեւ վերոշարադրյալ հարցադրումը: