ԺՈՂՈՎՈՒՐԴ. Հենց այսպես էլ… ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արձագանքելով մոտ երկու շաբաթ առաջ ԱԺ-ում բյուջեի կատարողականի հաշվետվությունների քննարկումների ընթացքում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հարցադրմանը, թե ԱԳՆ ղեկավարը վարում է ՀՀ պատմության մեջ ամենաթանկ մեքենան եւ իրեն անհարկի ճոխություններ թույլ տալիս, ՀՀ արտգործնախարար Էդվարդ  Նալբանդյանն «Առավոտ»-ի թղթակցին ասել է. «Գիտեք ինչ, մեղադրանքները, երբ որ անիմաստ են եւ թյուրիմացություն, դրանց պատասխաններ տալու կարիք էլ չկա»: Եւ, այնուամենայնիվ, պատասխանել է` հավաստիացնելով, որ այդ մեքենան արժե ոչ թե 100-300 հազար եվրո, ինչպես պնդել էր Փաշինյանը, այլ «առնվազն մի տասն անգամ» պակաս` 45 հազար դոլար: Նախ, անհասկանալի է, թե այդ ինչ «դիվանագիտական մաթեմատիկայով» է Նալբանդյանը 100-300 հազար եվրոն բաժանելով «առնվազն տասի»` ստացել 45 հազար դոլար: Բացի այդ, ի՞նչ է նշանակում. «Այդ մեքենան եղել է մեր դեսպանության մեքենան, որը գնվել է 2005 թվականին եւ 5 տարի օգտագործված է եղել: Նաեւ օժանդակությամբ, աջակցությամբ՝ հյուպատոսի: 5 տարի հետո, երբ ժամանակը եկել է, որ այդ մեքենան կարելի է վաճառել, ավելի նպատակահարմար է գտնվել, որ դա բերվի արտգործնախարարություն եւ օգտագործվի արտգործնախարարության ներկայացուցչական նպատակներին»: Անհասկանալի է՝ ինչ ասել է` օժանդակությամբ, աջակցությամբ հյուպատոսի, եւ ով է այդ հյուպատոսը, որի 5 տարի քշած-մաշեցրած մեքենայի վրա աչք է դրել երկրի արտգործնախարարը: Ընդ որում, դրա համար դեռ մի բան էլ արդարանալով. «Եթե որեւէ երկրի բարձրագույն ղեկավարությունից բացի, որեւէ մեկը պետք է ներկայացուցչական մեքենա ունենա, ապա պարզ է, որ դա արտգործնախարարությունն է»: Սակայն այս պարզաբանման հետ կապված ամենազավեշտալի դրվագն այն է, որ վերը հիշատակված քննարկման ընթացքում ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալ Շավարշ Քոչարյանը խնդրո առարկա մեքենայի առնչությամբ ասել էր. «Արտգործնախարարի մեքենան նվիրատվություն է, որը եղել է Գերմանիայից, այլ ոչ թե բյուջեի հաշվին գնված մեքենա է»: Եթե, ինչպես պնդում է Նալբանդյանը, այդ մեքենան գնվել է մեր դեսպանության կողմից, այդ դեպքում հետաքրքիր է, իսկ ինչ միջոցների հաշվին են գնվում մեր դեսպանության մեքենաները, եթե ոչ բյուջեի` ինչպես պնդում է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Իրականում սա շատ լուրջ հարց  է, կարելի է ասել` «դիվանագիտական ատկատների» գրեթե բացահայտված դեպք, որի վրա հրավիրում ենք ՀՀ «զայրացած» նախագահի եւ «զարհուրած» վարչապետի ուշադրությունը: Կարծում ենք՝ նրանք պետք է օր առաջ պարզեն, թե ԱԳՆ-ում ով է, ի վերջո, ստում` Նալբանդյանը, թե Քոչարյանը: Թեեւ չենք կասկածում, որ առաջիկայում ԱԳՆ մամուլի խոսնակը կատարվածը կներկայացնի որպես Շավարշ Քոչարյանի սխալ տեղեկացվածության արդյունքում ծագած թյուրիմացություն: Հետաքրքիր է միայն` բոլո՞ր հարցերում են մեր երկրի ԱԳ նախարարն ու փոխնախարարը նույնքան փոխհամաձայնեցված հայտարարություններ անում:




Լրահոս