ՕԵԿ-ին չեմ անդամագրվելու. Արագած Ախոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 10-ին Աժ ճեպազրույցների ընթացքում ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, թե ՕԵԿ գրասենյակներում կտրուկ ավելացել է կուսակցությանն անդամագրվելու դիմումների թիվը: «Այո, մեր գրասենյակներում ընդունելության գործընթացն իրականացել է այդ օրերին եւ ավելի ակտիվ է եղել, քան նախկինում: Ես տեղեկություններ չունեմ, թե ով ինչ է ասում, կամ ով ում է զանգում, բայց որ մեր գրասենյակներում ակտիվություն կա, ես դա հաստատում եմ»: Հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ նախկին անդամներ, այդ թվում` պատգամավորներ, դիմել են, ՕԵԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «ԲՀԿ անդամներ դիմել են, իսկ ինչ վերաբերում է պատգամավորներին, ամեն խոսակցություն չի, որ հրապարակման ենթակա է»:

Նշենք, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությունից հետո մի խումբ ԲՀԿ-ական պատգամավորներ հայտարարեցին, որ իրենք լքում են կուսակցությունը, իսկ երեք հոգի էլ` ԲՀԿ խմբակցությունը՝ Գրիգորի Մարգարյան՝ Բելաջիոյի Գրիշ, Մուշեղ Պետոյան եւ Դավիթ Քոչարյան: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Արագած Ախոյանի հետ` պարզելու համար՝ արդյո՞ք նրանք դիմում են ներկայացրել՝ «Օրինաց երկիր» կուսակցությանն անդամագրվելու համար:

-Պարո՛ն Ախոյան, պատրաստվո՞ւմ եք ՕԵԿ-ական «դառնալ»:

-Ոչ, ոչ, արդեն տեւական ժամանակ է, ինչ այս հարցը շրջանառվում ու քննարկվում է, կարծում եմ՝ պետք է մոռանան այդ հարցի շահարկումները:

-Բայց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը օրերս նորից հայտարարել է, որ ԲՀԿ-ականներից դիմումներ են ներկայացրել՝ ՕԵԿ շարքերը համալրելու համար: Դուք այդ մարդկանց թվո՞ւմ չեք:

-Իսկ ինչու իրենք չեն արձագանքում այդ դիմումներին, թող արձագանքեն, ավելի լավ, մենք էլ կիմանանք՝ ում շնորհավորենք: Ես դրա հետ որեւէ առնչություն չունեմ:

-Դուք մտադրություն ունե՞ք որեւէ կուսակցության անդամագրվել:

-Ո՛չ, ես հայտարարել եմ, որ ոչ մի կուսակցության անդամ չեմ լինելու:

-Այդ դեպքում ինչո՞վ են պայմանավորված ՕԵԿ խմբակցության ղեկավարի նման պնդումները:

-Ոչ թե չեմ կարող մեկնաբանել, այլ չեմ ուզում մեկնաբանել: Այսքանը, ես կուսակցության չեմ անդամագրվելու:

Սոնա Գրիգորյան




Լրահոս