Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Ազատության հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» անդամները հանրահավաք էին հրավիրել, որի ժամանակ պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանն ազատամարտիկներին կոչ արեց մասնակցել երկուշաբթի օրը` ապրիլի 20-ին, Ազատության հրապարակում կազմակերպվելիք հացադուլ-նստացույցին` ի պաշտպանություն «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի և ընկերների:
Թե ինչ քայլեր կիրականացվեն իշխանությունների կողմից դա թույլ չտալու համար, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց` ցանկացած գործողություն պետք է լինի բացառապես օրենքի և օրինականության շրջանակներում:
«Երբ ԱԱԾ-ն և Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեցին ձերբակալության հետ կապված, ԲՀԿ-ն անմիջապես արձագանքեց, որի հայտարարության մեջ ներկայացված փաստերը բավարար չեն և այն, ինչ առգրավվել է և ներկայացվել որպես ապացույց հեղաշրջում կատարելու, լրացուցիչ պարզաբանման կարիք ուներ: Ավելին` մենք անմիջապես կապ հաստատեցինք Մարդու իրավուքնների պաշտպանի հետ և կորդինացված մինչև հիմա աշխատում ենք և փորձում առավել մանրամասն ու հանգամանալից պարզաբանումներ ստանալ»,- նշեց Ն. Զոհրաբյանը:
Իսկ հայտարարված հացադուլի և նստացույցի վերաբերյալ Զոհրաբյանն ասաց` յուրաքանչյուր քաղաքացի օրենքով սահմանված կարգով և միջոցներով իրավունք ունի իր բողոքը, անհամաձայնությունն այս կամ այն հարցի շուրջ արտահայտել: «Եթե իրենք հացադուլի և նստացույցի նստեն, Էլինար Վարդանյանն, ում հանձնարարվել է կուսակցության կողից այդ խնդիրը պահել ուշադրության կենտրոնում, պարբերաբար հետևողական կլինի այս խնդրին, և օրենքի որևէ խախտման դեպքում մենք կահազանգենք»,- մանրամասնեց ԲՀԿ նախագահը:
Նշենք նաև, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր` հաշվի առնելով, որ ՀՀ իշխանություններն ուղիղ տեքստով հայտարարել են` ապրիլի 23-ին և 24-ին պաշտոնական միջոցառումներին խանգարող բողոքի ակցիաների կազմակերպիչներին չեն հանդուրժելու, ուստի բացառված չէ, որ առաջիկա օրերին Հայաստանում քաղբանտարկյալների թիվն աճի: Դրա վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանը նշեց` իրենք ձեռնպահ կմնան «քաղբանտարկյալ» տերմինի օգտագործումից, մինչև չունենան այն բոլոր մանրամասներն, ինչը պահանջել են ԱԱԾ-ից և Քննչական կոմիտեից, որը մինչև հիմա չեն ստացել: