ԻՆՉ ՏՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՑԱԾ ՄԵԿ ՏԱՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկուշաբթի օրը լրանում է ՀՀ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման մեկ տարին: Այսօր եթե ասենք, որ Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնավարման մեկ տարում այդպես էլ չկարողացավ որեւէ դրական արդյունք արձանագրել, նշանակում է՝ ոչինչ չասենք: Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ընթացքում, ինչպես նրա նախորդի կառավարման շրջանում, Հայաստանի տնտեսությունը շարունակում է հաստատուն գահավիժել: Չկա ոչ մի տվյալ, որը Հայաստանի ապագայի հետ կապված լավատեսություն կներշնչի: Փորձենք Հովիկ Աբրահամյանի կառավարումը գնահատել թվերով. 2013 թվականի արդյունքներով Հայաստանից անվերադարձ մեկնած քաղաքացիների, ասել է թե՝ արտագաղթի թիվը կազմել էր ավելի քան 42 հազար մարդ, 2014-ին այդ թիվը կազմեց ավելի քան 47 հազար: 2014-ի առաջին երկու ամիսներին Հայաստանից արտահանվել էր 218 մլն 116 հազ. դոլարի ապրանք, այս տարի՝ 163 մլն 59 հազ.-ի, անկումը կազմել է 25,2 տոկոս: 2014-ի ապրիլի 1-ին Հայաստանի արտաքին պահուստները կազմել են 1 մլրդ 970 մլն 300 հազ. դոլար, այս տարի՝ 1 մլրդ 491 մլն 500 հազ.: Հայաստանի արտաքին պահուստները նվազել են 478 միլիոն 800 հազար դոլարով: 2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով գնաճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել էր 4,6 տոկոս, այս տարվա արդյունքներով կազմել է 5,1 տոկոս: Տնտեսությունում առկա ծանր կացությունը բնութագրող թվերը կարելի է շարունակել, բայց կարծում ենք՝ վերը բերվածը լիարժեք բավարար է՝ Հայաստանում հաստատված գաղջի հաղթարշավը բնորոշելու համար: Իսկապես, բարդ ժամանակներում ենք ապրում:

 

 

 

 

Այս շաբաթվա քառօրյայի ընթացքում «Ժողովուրդ»-ը արձանագրել էր, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանը՝ Սասի Արտակը, խորհրդարանի բակ էր մտել իր անձնական ավտոմեքենայով: Սա այն դեպքում, որ պատգամավորներն իրավունք չունեն ավտոմեքենայով խորհրդարանի տարածք «ներխուժել»: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից պարզել, թե այդ ինչ «արժանիքի» համար են Ա. Սարգսյանին թույլատրում խորհրդարան «մտնել» ավտոմեքենայով: «Աշխատանքային պայմաններից ելնելով՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարը ցանկացած մեքենայի համար կարող է սահմանել ԱԺ տարածք մտնելու իրավունք: Հաճախ կարելի է ԱԺ տարածքում տեսնել, օրինակ՝ Հանրային հեռուստաընկերության մեքենան կամ այլ մեքենա, որը կոնկրետ խնդիր է լուծում: Հենց այսպիսի իրավիճակ է ստեղծվել նաեւ Ձեր նշած մեքենան մտնելու թույլտվություն տալու համար: Այդ մուտքը մեկ անգամյա է եղել»,- պատասխանեց Բաբայանը: Ասել է թե՝ Հրայր Թովմասյանի ճաշակն է թելադրում ԱԺ բակ մտնողների ցանկը:

 

 

 

 

ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր նախկին պատգամավոր Վահան Բադասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով նախօրեին «Շուշիի առանձնակի գումարտակի» հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի կալանավորմանը, հայտարարեց, որ դա ՀՀ իշխանությունների ամոթն է: Վ. Բադասյանի կարծիքով՝ այդ կալանավորմանը քարտ բլանշ է տվել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, որը վերջերս պարբերաբար խայտառակ հայտարարություններով է հանդես գալիս: «Ինքը կարծես քվոտա տվեց, որպեսզի Ժիրայր Սէֆիլյանին ձերբակալեն, դա արեց նրա համար, որ Սերժ Սարգսյանն արխային լինի սփյուռքից»,- ասաց Բադասյանը: Վերջինս հայ ազգին կոչ արեց արթնանալ եւ պահանջել Սերժ Սարգսյանից, որ ազատ արձակի ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանին: «Սա իշխանությունների ամոթի հարցն է, որովհետեւ վերջին հաշվով ո՞վ բարոյական իրավունք ունի պատերազմի հերոսին ձեռնաշղթաներ հագցնել ու իրենց իսկ զավակների աչքի առջեւ տանել բանտախուց»,- հայտարարեց ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավորը:

 

 

 

 
Հանրապետական կուսակցության՝ 2014 թվականի ֆինանսական հաշվետվության համաձայն՝ իշխանական այս կուսակցության դրամարկղում անցած տարվա սկզբին եղել է 347 մլն 452 հազ. դրամ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ տարվա ընթացքում ՀՀԿ-ի մուտքերը եղել են այսպիսին՝ 33 մլն 943 հազ. դրամը ստացվել է պետբյուջեից, 71 մլն 693 հազ. դրամ հավաքագրվել է գաղափարակիրների անդամավճարներից, իսկ 4 մլն 210 հազ. էլ այլ՝ օրենքով չարգելված աղբյուրներից: ՏԵղեկացնենք, որ 2014-ի ընթացքում ՀՀԿ-ն ծախսել է 425 մլն 62 հազար դրամ: Այս տարվա սկզբի դրությամբ իշխանական կուսակցության դրամարկղում մնացորդը կազմել է 32 մլն 236 հազ. դրամ: Նշենք, որ վերը նշված գումարներից բացի՝ ՀՀԿ-ն ողջ հանրապետությունով մեկ ունի թվով 51 անշարժ գույք, որոնց հաշվեկշռային արժեքը կազմում է 249 մլն 904 հազար դրամ: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀԿ-ականները բավական չէ պաշտոններ զբաղեցնելով հարկատուների հաշվին ապրում են եւ քայքայում մեր երկիրը, դեռ մի բան էլ կուսակցությունն են բյուջետային միջոցներով պահում:

 

 

 

 

ՊԱՏԱՐԱԳԻ ՀԱՄԱՐ

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող Սերժ Սարգսյանը նախօրեին ելույթ է ունեցել իտալացի խորհրդարանականների հետ ընթրիքի ժամանակ, որում անդրադարձել է հայ-իտալական հարաբերություններին եւ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին: «Երբ անթույլատրելին դառնում է թույլատրելի, երբ անընդունելին ընդունվում է միջազգային հանրության կողմից, ծնունդ են առնում նոր բարբարոսներ: Այս օրերին Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետության» եւ այլ ահաբեկչական խմբավորումների կողմից քրիստոնյաների հանդեպ իրականացվող ոճրագործությունները հետեւանքն են հենց ամենաթողության, անպատժելիության, – շեշտել է Սարգսյանը՝ շարունակելով, – որպես մի ազգի ներկայացուցիչ, որը հարյուր տարի շարունակ պայքար է մղում ցեղասպանությունների կրկնության դեմ, հավատացնում եմ ձեզ, որ այդ հանցագործությունն արդյունք չէ քրիստոնյա եւ մահմեդական, հրեա եւ գերմանացի, հայ եւ թուրք, հութու եւ թութսի տարանջատման, այլ արդյունք է այն ջրբաժանի, որ առկա է համընդհանուր հիմնարար արժեքներ կրողների եւ դրանք ժխտողների միջեւ»:
Այնուհետեւ շնորհակալություն հայտնելով Իտալիայի այն քաղաքներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը` Հռոմ, Միլան, Վենետիկ, Ֆլորենցիա, Տոսկանա, ինչպես նաեւ հիշատակելով Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչման փաստը` Ս. Սարգսյանը հույս է հայտնել, որ Իտալիայի օրենսդիր մարմինը կընդունի նաեւ ցեղասպանությունների ժխտողականությունը քրեականացնող օրինագիծը:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ հայ-իտալական հարաբերությունների հետագա զարգացման հարցերին, ապա հայտնել, որ առաջիկայում՝ Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ, կձեւավորվի Հայաստան-ԵՄ հարաբերությունները կանոնակարգող նոր իրավական հիմք, որից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները կմտնեն նոր փուլ: Նա, իհարկե, չի մոռացել նաեւ կրկնել ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ Հայաստանի կամուրջ դառնալու հնարավորությունների եւ պատրաստակամության մասին` վերստին հիշատակելով 170 միլիոնանոց ԵՏՄ շուկան, որտեղ դեռեւս ինքը` Հայաստանը, մուտք չունի:
Նկատենք, որ չնայած իր տպավորիչ ելույթներին` ոչ միայն Իտալիայում, այլեւ, առհասարակ, տարբեր եվրոպական երկրներում Սերժ Սարգսյանին այդպես էլ չհաջողվեց գոնե Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ ապահովել որեւէ շռնդալից քաղաքական քայլ, որն ի ցույց կդներ Ցեղասպանության ճանաչման հարցում եվրոպական քաղաքակրթական կենտրոնների աջակցությունը: Եվ ապրիլի 24-ից ընդամենը օրեր առաջ Իտալիա կատարած այս այցը եւս դժվար է համարել հաջողված ոչ միայն Հռոմի Պապի` Հայաստան այցելելու հրավերքի մերժման, այլեւ Իտալիայի Հանրապետության առաջին դեմքերի կողմից այդ օրը Ծիծեռնակաբերդում լինելու հրապարակային հայտարարության բացակայության պատճառով:




Լրահոս