Մարմաշենի վանքը գտնվում է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մերձակայքում: Այն կառուցվել է 988-1029 թթ: Այստեղ է ամփոփված Վահրամ Պահլավունին: Թեեւ վանքն այսօր կանգուն է եւ փլուզման վտանգ չկա, սակայն վիճակն անմխիթար է: Հիմնաքարերը խոնավացել են, խոնավությունը հասել է նաեւ վանքի քարերի վերգետնյա մասերին: Այս մասին ահազանգում է «Սրբազան Հող» ՀԿ ղեկավար Սուսաննա Էլբակյանը: Վերջինս նշում է, որ եթե համապատասխան միջոցներ չհատկացվեն պետության կողմից, հնարավոր է՝ մոտ ապագայում մենք կորցնենք նաեւ հայկական միջնադարյան ճարտարապետության այս գլուխգործոցը: Վանքի խոնավացումն ունի իր պատճառները. հիմքի տակ ջրամբար կա կառուցված, իսկ վանքի պատերին էլ շատ մոտ այգիներ կան, որոնք ջրելուց տարածքը գերհագենում է ջրով: Բացի այս՝ տարածքում ՀԷԿ է գործում, այն կառուցված է Ախուրյան գետի վրա, որը եւս վնասում է վանքին (պարզեցինք, որ այն կառուցված է վարկային ծրագրով եւ արժի մոտ երկու միլիոն դոլար): Չի բացառվում, որ վանքի հիմքում երկրաշարժի պատճառով ճաքեր առաջացած լինեն, ու հիմքի տակից ջրի հոսք լինի: Գյուղի ծերերը նշում են, որ վանքի խոնավացումը սկսվել է 40-50 տարի առաջ, սակայն վիճակը հատկապես վատթարացել է վերջին տարիներին: Մասնագետների կարծիքով հնարավոր է՝ վանքի տարածքում նաեւ ստորգետնյա գրունտային ջրեր լինեն. ժամանակին վանքն իր ինքնուրույն խմելու ջրի համակարգն է ունեցել:
Մարմաշենի վանքի պահպանության համար տարիներ առաջ Իտալիայից ժամանած ճարտարապետ Գայանե Կազնատին երկու անգամ 100.000 դոլարի չափով ներդրում է կատարել եկեղեցու վերանորոգման համար, կառուցվել է ջրահեռացման համակարգ, վերանորոգվել է նաեւ գմբեթը: Եկեղեցու պատերը երկաթներով ամրացվել են, մոտ 23 տոննա կիր է լցվել: Ի դեպ, 3-4 տարի առաջ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բերել, պատուհաններ է տեղադրել, որոնք եւս կարող են խոնավության ավելացման պատճառ լինել:
ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ