Քարդաշյան քույրերն ու աշխարհահռչակ երաժիշտ Քանյե Ուեսթը երեկ մեկնեցին Հայաստանից: Եւ այսօր արդեն կարող ենք ասել, որ նրանց այցը եւ հատկապես դրա լուսաբանումը ողջ աշխարհի լրատվամիջոցներում էապես նպաստեց Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը: Նույնիսկ մեր երկրում, կարելի է ասել, անցնող շաբաթը գեղեցիկ հեքիաթի պես մի բան էր. աշխարհի մեգաաստղերն այստեղ էին, ու բոլորս խոսում էինք նրանց մասին՝ մի պահ մոռանալով մեր երկրի խնդիրները: Թերեւ հենց այստեղ է թաքնված Քիմ Քարդաշյանի հմայքը, քանի որ աշխարհում շատ կան գեղեցիկ կազմվածքով աղջիկներ, բայց քչերին է հաջողվել Քարդաշյանի հռչակն ու եկամուտներն ունենալ: Թերեւս անհերքելի է, որ Քարդաշյանը PR-ի մեծ վարպետ է: Նրա հանդիպումը ՀՀ վարչապետի հետ, ներողությունը՝ հայերեն չխոսելու կարողության վերաբերյալ, դստեր կնունքի արարողությունը Երուսաղեմի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում… սրանք քայլեր են, որոնք խոսում են Քիմ Քարդաշյանի մեծության ու հաջողված ինքնագովազդի մասին: Նա ողջ աշխարհին եւս մեկ անգամ հիշեցրեց, որ Երուսաղեմում հայկական պատրիարքություն կա դեռեւս քրիստոնեության ընդունման առաջին դարերից, եւ հայերի դերը այդ սուրբ քաղաքում անասելի մեծ է: Իսկ ինչ վերաբերում է Քանյե Ուեսթին, ապա նա եւս ցույց տվեց իր մեծությունը: Մեգաաստղը, որ կես ժամ երգելու համար Ղազախստանում 3 մլն դոլար հոնորար է ստացել, անվճար համերգ տվեց Երեւանում՝ վերջում ցատկելով Կարապի լիճը:
Հ. Գ. Երեւանի քաղաքապետարանը, որ կազմակերպել էր անակնկալ համերգը, տապալեց այն՝ տեխնիկական խնդիրներ առաջացնելով մեգաաստղի համար: Թերեւս այլ բան դժվար էր սպասել ձմռանը ձյուն տեղալուց անակնկալի եկող Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներից:
Ինչպես հայտնի է՝ «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ղեկավար կազմի ձերբակալությունների ժամանակ նրանցից մեկը՝ Կարո Եղնուկյանը, չնայած բերման էր ենթարկվել, սակայն հետագայում ազատ էր արձակվել: Սա այն դեպքում, երբ նրա տունը եւս, ինչպես մյուսների դեպքում, խուզարկվեց, եւ ինչ-որ իրեր առգրավվեցին: Եղնուկյանին ազատ արձակելու փաստը տարբեր լուրերի տեղիք տվեց, ինչպես օրինակ՝ թե նրա համար «դրսից զանգել են»: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Եղնուկյանն ասաց, որ ինքը որեւէ մեկին չի խնդրել՝ իրեն ազատելու համար միջնորդեն, եւ իր համար էլ է փաստն անհասկանալի: Սակայն մյուս կողմից նա հաստատեց, որ երկքաղաքացի է: Հայաստանի քաղաքացիությունից բացի՝ առաջին հերթին նա ԱՄՆ-ի քաղաքացի է: Այսինքն՝ եթե ՀՀ իշխանությունները որոշեին նրան ձերբակալել, ապա պետք է ԱՄՆ-ի դեսպանատանը եւս տեղյակ պահեին: Ասել է թե՝ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմը պետք է ԱՄՆ դեսպանին հիմնավոր ապացույցներով բացատրեր, թե ինչպես է Եղնուկյանը ցանկացել «պոլի փեդով» զանգվածային անկարգություններ կազմակերպել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը որոշել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանին տեղափոխել Երեւան եւ նշանակել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազ: Իսկ, ահա, Կենտրոնի դատախազ Կարեն Բատիկյանը, որն այդ պաշտոնին էր նշանակվել 2013-ի նոյեմբերին, կտեղափոխվի այլ աշխատանքի: Մեր տեղեկություններով՝ Գեւորգ Կոստանյանը չի պատրաստվում Կարեն Բատիկյանին մարզ ուղարկել, այսինքն՝ Րաֆֆի Ասլանյանի հետ տեղափոխության մասին լուրերը ճիշտ չեն: Ենթադրվում է, որ Բատիկյանը կմնա մայրաքաղաքում եւ այստեղ ինչ-որ մի պաշտոն կստանա: Մասնավորապես, լուրեր կան, որ նա կարող է նշանակվել Երեւան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնում: Ի դեպ, վերջին շրջանում հաճախացել է Կոստանյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերի շրջանառումը: Ենթադրվում է, որ նա այս տեղափոխություններով ցանկանում է դատախազության համակարգին ցույց տալ, որ նախկինի պես ինքն է որոշումներ կայացնում:
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի եւ «Երեւանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ-ի տնօրեն Գ. Համբարձումյանի միջեւ կնքված պայմանագրով խորհրդարանն այս տարի 424 հազար դրամ կծախսի իր շենքի ախտահանման եւ մակաբույծների ոչնչացման համար: «Ժողովուրդ»-ը ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից տեղեկացավ, որ նշված պայմանագրով նախատեսվում է ախտահանել խորհրդարանի նկուղային հարկերը եւ պահեստային տարածքները: «Այս տարի, նախորդների համեմատ, շուրջ կեսով նվազեցվել են ախտահանման ծախսերը»,-ասաց Բաբայանը: Նկատենք, որ ՀՀ ԱԺ-ն այն կառույցն է, որտեղ սովորական մակաբույծներից բացի՝ նաեւ բազմաթիվ երկոտանի` մարդու տեսքով մակաբույծներ կան: Նրանք հարկատուների հաշվին աշխատավարձ են ստանում, բայց իրենց գործունեությամբ Հայաստանին վնասելուց բացի՝ ուրիշ ոչինչ չեն անում: Վատ չէր լինի, եթե խորհրդարանում մի դեղ էլ նրանց դեմ փչեին:
ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԵՎՐՈՊԱՅԻՆ
Կիրակի օրը Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի տաճարում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագին հետեւած Թուրքիայի հիստերիկ արձագանքը, կարելի է ասել, նվեր էր հայ դիվանագիտության համար: Հիշեցնենք` կաթոլիկ եկեղեցու քահանայապետն իր խոսքում նշել էր, որ վերջին հարյուրամյակում մարդկությունը վերապրել է «երեք զանգվածային եւ աննախադեպ ողբերգություն: Առաջինը, որը լայնորեն համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, պատուհասել է հայ ժողովրդին»: Ու թեեւ Նորին սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այս ձեւակերպումը, ըստ BBC-ի, երկրորդում էր դեռեւս 2001-ին Հռոմի Հովհաննես-Պողոս Պապի ընդունած հռչակագրի ձեւակերպումը, թուրքական կողմի արձագանքն անհամեմատ ավելի կտրուկ էր, քան տասնչորս տարի առաջ, երբ նշվում էր Հայաստանի` քրիստոնեության ընդունման 1700-ամյակը:
Պատարագը դեռ չավարտված` Անկարայում Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Վատիկանի դեսպան Անտոնիո Լյուցիբելոն, որին փոխանցվել է թուրքական կողմի բողոքի նոտան: Չբավարարվելով դրանով` նույն օրը խորհրդակցությունների համար հետ է կանչվել Վատիկանում հավատարմագրված Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջին։ Իսկ արդեն երեկոյան Հռոմի Պապի ուղերձը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն. «Պապի հայտարարությունները պատմությունը խեղաթյուրում են, հաշվի են առնում միայն մեկ խմբի տառապանքները եւ անտեսում մյուս խումբը,- հայտարարել է «տառապած» թուրք ժողովրդի զավակն ու անցել հաթաթաների,- այդ հայտարարությունը ճանապարհ է բացում Եվրոպայում ռասիզմի համար եւ մահմեդականներին, թուրքերին մեղադրում է հավաքական հանցանքի մեջ։ Այդ ուղերձի հնչեցման համար ընտրված ժամանակը շատ ցավալի է, սխալ եւ անտեղի»։ Ապա Դավութօղլուն արդեն բաց տեքստով սպառնացել է Եվրոպային` ասելով. «Դիմում եմ Հռոմի Պապին եւ քրիստոնյա համայնքին, եթե մենք վերսկսենք պատմական բանավեճերը, ապա իմացեք, որ առավել ամոթալի փաստերը կլինեն հենց Եվրոպայի պատմությունից»: Սա արդեն բացահայտ մարտահրավեր է` նետված Եվրոպային եւ այս իմաստով՝ մեզ համար գործելու լավ հնարավորություն: Այսպիսով` Թուրքիայի ներկայիս իշխանություններն ընդլայնում են «մարտադաշտը» եւ հատկապես ընթացիկ աշխարհաքաղաքական իրողություններում, որտեղ առաջնային դեր ունի կրոնական պատկանելությամբ պայմանավորված արժեհամակարգային բախումը, թուրքական կողմի նման ցինիկ պահվածքին հակադարձելն այլեւս դառնում է հենց նույն Եվրոպայի համար կարեւոր խնդիր: Մեր դիվանագիտությունն էլ իր հերթին պետք է բոլոր հնարավոր խողովակներով շեշտադրի եւ ուշադրություն հրավիրի Թուրքիայի նմանօրինակ պահվածքի վրա` ի ցույց դնելով այն հանգամանքը, որ ժխտողականության յուրաքանչյուր տասնամյակ Թուրքիային ավելի ու ավելի ինքնավստահ եւ անկառավարելի է դարձնում: