Armlur.am-ը ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկանում է, որ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի զինծառայող Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է նրա պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու մեկ այլ դրվագ։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ 2015 թվականի հունվարի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ ԶՈՒ կազմավորման տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական համերգից հետո ռազմական ինստիտուտ վերադառնալու ճանապարհին կուրսանտ Ա. Մարտիրոսյանը զորամասին ամրակցված ավտոբուսի մեջ վիճաբանել է նույն դասակի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հետ: Վիճաբանության ընթացքում հայհոյել, քաշքշել է վերջինիս՝ այդ կերպ անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:
Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատվել է առանձին վարույթ, որի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ Ա. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով՝ զինծառայողին վիրավորանք հասցնելու համար, որի նախաքննությունն ավարտվել է։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 29-ին Երևան քաղաքում տեղակայված N ուսումնական զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի վայրի զննության արդյունքների, նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից)։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ժողովուրդ»-ին լուրեր են հասել, որ հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 4 կուրսանտներ, սպանելով իրենց ծառայակից Հայկազ Բարսեղյանին, նախ՝ ուսումնարանի բակում փոս են փորել՝ ցանկանալով թաքցնել դին, սակայն ավելի ուշ ինքնասպանության դրվագն են ծրագրել: