«ՊԱՅԹՅՈՒՆԸ» ԿՀԵՏԱՁԳՎԻ ՄԻՆՉԵՎ ԱՇՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տնտեսությունը վերջին վեց ամիսներին, կարելի է ասել, լիակատար անտերության է մատնվել, կամ միգուցե ինչ-որ մարդիկ, ովքեր իրենց իշխանություն են հռչակել, փորձում են ինչ-որ կերպ «տիրություն» անել, բայց ապարդյուն:

Ընդամենը վեց-յոթ ամիս է անցել այն օրերից, երբ Սերժ Սարգսյանը պատրաստվում էր գնալ եւ ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին համաձայնագրերը: Այդ շրջանում հնչած կանխատեսումների գերակշիռ մասն այն մասին էր, որ ԵՏՄ-ին անդամակցելը Հայաստանի տնտեսության համար ոչ մի լավ հեռանկար չի խոստանում: ՀՀ ղեկավարությունը եւ նրա ցանկացած քայլը գովերգող գործիչները նման վատատեսական կանխատեսումների հեղինակներին քիչ էր մնում դավաճան հռչակեին: Հիմնական փաստարկն այն էր, որ ԵՏՄ անդամ երկրների, իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստանի շուկա ապրանք արտահանելու հարցում Հայաստանը առավելություն կստանա: Ավելին՝ այն փաստը, որ անցած տարվա ամռանից միջազգային հանրությունը Ռուսաստանի դեմ սկսել էր պատժամիջոցներ կիրառել, որոնք ժամանակի հետ ավելի խստացնում էին, ԵՏՄ անդամակցության կողմնակիցները կրկին փորձում էին որպես նպաստավոր հանգամանք ներկայացնել, թե իբր Ռուսաստանը, մյուս երկրների համար «փակ շուկա» դառնալով, Հայաստանի համար ավելի գրավիչ կդառնա:
Սակայն ողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանի շուկան փակվեց բոլորի, այդ թվում նաեւ Հայաստանի համար, ինչն ունի շատ պարզ բացատրություն՝ հնարավոր չէ առեւտուր անել մի երկրի հետ, որի ազգային արժույթն անընդհատ վայրիվերումների մեջ է: Ու դրա արդյունքը եղավ այն, որ Հայաստանից այս տարվա առաջին երկու ամիսներին դեպի Ռուսաստան արտահանվեց 533 հազար դոլարի ապրանք` անցած տարվա 40 միլիոն 135 հազար դոլարի դիմաց: ԵՏՄ անդամ մյուս երկրներ` Բելառուս եւ Ղազախստան, Հայաստանից այս տարի ընդհանրապես ապրանք չի արտահանվել: Ռուսաստանի հետ Հայաստանի «սիրախաղերը» հանգեցրին նրան, որ դեպի Ուկրաինա արտահանումը եւս նվազեց 75 տոկոսով` այս տարվա երկու ամիսներին այդ երկիր է արտահանվել երկուսուկես միլիոն դոլարի ապրանք` անցած տարվա մոտ 10 մլն-ի փոխարեն: Պաշտոնական վիճակագրությունը դեռեւս չի հրապարակել այս տարվա ընթացքում ներդրումների ցուցանիշը, սակայն, ըստ փորձագետների՝ ներդրում, որպես այդպիսին, այս տարվա առաջին եռամսյակում չի եղել: Նաեւ այս հանգամանքն է, որ տնտեսությունում ստեղծված վիճակի վերաբերյալ բոլոր կանխատեսումները գույժի են նման, քանի որ համընդհանուր գերակշռում է վատի սպասումը: Այս տարվա հունվարի արդյունքներով, անցած տարվա համեմատ, Հայաստանի բանկերում ավանդները պակասել են 28 միլիարդ 716 միլիոն դրամի չափով: Այլ կերպ ասած՝ մարդիկ հունվարին սկսել են ծախսել նախկինում իրենց ետ գցած գումարները:
Մի խոսքով, այսօր արդեն ակնհայտ է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցությունը պետությանը ծանր հարված է հասցրել, եւ մեր հանրապետության տնտեսության համար վնասակար իրադարձությունները շարունակում են զարգանալ: Ու ոչ ոք չի կարող ասել, թե Հայաստանի տնտեսությունում սկսված անկումը մինչեւ ուր է հասնելու: Սակայն վերջին տասն օրերին Հայաստանի արժույթի շուկայում տեղի ունեցող գործընթացները վկայում են, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները որոշակի կմեղմեն Հայաստանի տնտեսությունում ստեղծված «ֆինանսական սովը»: Առաջիկա տասն օրերին Հայաստան կժամանեն բազմաթիվ պետական պատվիրակությունների հազարավոր անդամներ, որոնք Հայաստանում մի քանի միլիոն դոլար կթողնեն: Մինչեւ մեր տնտեսությունը կհասցնի «սպառել» այդ գումարները, արդեն կգա ամառը: Մի խոսքով, Ցեղասպանության 100-րդ տարելիցի հաշվին Հայաստանի տնտեսությունում սպասվող «պայթյունը» կհետաձգվի մինչեւ աշուն:
Ակնհայտ է, որ այս անգամ Հայաստանին օգնող չի լինելու: Միջազգային հանրությունը Հայաստանին թողել է ինքնահոսի, եւ նույնիսկ վարկեր չեն ցանկանում տրամադրել: Ռուսաստանի դեպքում էլ ամեն ինչ պարզ է. այս երկիրը մինչ այժմ էլ իրեն չի կոտորել Հայաստանին օգնելու հարցում, ուր մնաց հիմա, երբ «մեկը լինի իրենց օգնի»: Ելքը, թերեւս, նոր իշխանությունների գալով նոր կանոնների թելադրումը կարող է լինել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԵՏ ԿԱՆՉԵԼԸ ՍԽԱԼ Է
Ինչպես պետք է արձագանքի Հայաստանը, եթե իրականան այն լուրերը, ըստ որոնց՝ Մեծ Բրիտանիայի թագուհին՝ Ելիզավետա Երկրորդը, ապրիլի 24-ին կմասնակցի Գալիպոլիի ճակատամարտին նվիրված, Թուրքիայի կազմակերպած միջոցառմանը: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանից պարզել՝ արդյո՞ք ՀՀ-ն պետք է Մեծ Բրիտանիայից ետ կանչի իր դեսպանին.
-Չէ՛, իհարկե, բոլորովին: Դա քաղաքականություն է, իսկ Թուրքիան այդ մակարդակով է իր քաղաքական հարցերը լուծում: Այս պահին հետ կանչել Անգլիայի դեսպանին, դա կլինի քաղաքական կոպիտ սխալ: Թուրքիան ուզում է ապացուցել, որ չի եղել Եղեռն, որովհետեւ այն, ինչ կատարվեց Հռոմում, կարծում եմ, որ շատ կարեւոր իրադարձություն է ՀՀ-ի արտաքին քաղաքականության, միջազգային հարաբերությունների համար: Շատերը կարծում են, որ Վատիկանը մի փոքր կառույց է, Վատիկան ասելով՝ պետք է հասկանալ 1 միլիարդ կաթոլիկ աշխարհը, փաստորեն 1 միլիարդ կաթոլիկ աշխարհի առաջ Հռոմի պապը հայտարարեց, որ տեղի է ունեցել Ցեղասպանություն, դրա համար վրդովվեցին, կատաղեցին: Ինչ-որ եղավ, ես շատ բարձր եմ գնահատում ու շատ ուրախ եմ դրա համար:
Հ.Գ. Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին Վատիկանից այն բանի համար, որ Հռոմի պապը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ էր մատուցել:
 

 

 

ԿԵՍ ԴՐՈՒՅՔՈՎ
«Հրազդան ՋԷԿ»-ի` դեռեւս իրենց աշխատատեղը պահպանած աշխատակիցներից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ տնօրինությունն էլ նոր կրճատումներ չկատարելու փոխարեն այս անգամ էլ որոշել է կրճատել գործող դրույքաչափերը, եւ աշխատակիցներին արդեն այդ մասին տեղեկացրել են: Թե ինչ միտում ունի «Հրազդան ՋԷԿ»-ի նման քաղաքականութունը, պարզել չհաջողվեց, քանի որ, ինչպես նախորդ անգամ, այս անգամ եւս «Ժողովուրդ»-ին չհաջողվեց տնօրինության հետ կապ հաստատել: Գործարանի կադրերի բաժնից «Ժողովուրդ»-ին վստահեցրին, որ տնօրինությունն ամեն ինչ անում է՝ աշխատողների շահերը պաշտպանելու համար, եւ դժգոհեցին, թե փոխարենը շնորհակալ լինեն, որ աշխատանք ունեն, ավելորդ աղմուկ են բարձրացնում:

 

«ՆԻՍՅԱ» ԳԵՂԵՑԿԱՑԵԼ Է
Օրերս ուշագրավ դեպք է արձանագրվել Մալաթիա-Սեբաստիայում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նշված վարչական շրջանի գեղեցկության սրահներից մեկի` «Վիվա» գեղեցկության սրահի տնօրենը դիմել է իրավապահներին եւ խնդրել հայտնաբերել իր ծանոթներից մեկին: Տնօրենը հայտնել է իրավապահներին, որ իր ծանոթը 2012-ից 2014 թվականները օգտվել է իր գեղեցկության սրահի ծառայություններից` հետագայում վճարելու խոստումով: Այլ կերպ ասած՝ մարդը «նիսյայով» մազ է կտրել եւ ներկել ու հետո «թռել»: Ավելին՝ պարզվում է՝ այդ չարաբաստիկ ծանոթի «նիսյան» կազմում է շուրջ մեկ միլիոն դրամ:

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՏԱՐԲԵՐ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ
Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագին արված հայտարարության կապակցությամբ Թուրքիայի դժգոհությանն անդրադառնալով` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը իտալական Adnkronos.com կայքին ասել է. «Սա աշխարհի 1 միլիարդ 200 միլիոն կաթոլիկների հոգեւոր առաջնորդի խոսք է։ Եթե Թուրքիայում համաձայն չեն այդ կարծիքի հետ, համաձայն չեն Հայոց ցեղասպանությունը ճանաչած բազմաթիվ երկրների, միջազգային կառույցների կարծիքի հետ, ապա դա Թուրքիայի խնդիրն է, այլ ոչ թե միջազգային հանրության»։ Ըստ Նալբանդյանի՝ այս անհամաձայնությունը փաստում է, որ Թուրքիան եւ միջազգային հանրությունը խոսում են տարբեր լեզուներով։

 

ԵՐԱՇԽԱՎՈՐ ԹԵ ՍՊԱՌՆԱԼԻՔ
Չինաստանը, Իրանը եւ մի շարք երկրներ հետաքրքրված են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ համագործակցությամբ: Այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` շեշտելով. «ՀԱՊԿ-ն պատրաստ է դիտարկել ցանկացած երկրի հայտ, լինի դա Պակիստանը, Իրանը, Չինաստանը, Ադրբեջանը, Վրաստանը»: Փաստորեն, մեր երկրի անվտանգությունը երաշխավորող մարմնի ղեկավարը մեզ պատերազմով սպառնացող թշնամական Ադրբեջանին ասում է «էստի համեցեք»: Սրանից հետո հարց է առաջանում` ՀԱՊԿ-ն ՀՀ անվտանգության երաշխավորն է թե անվտանգության սպառնալիքը:

 

ԿԱՐԵՎՈՐ, ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ
«Սահմանադրական բարեփոխումների հարցում կարեւոր է մեծամասնության հավանությունը, – երեկ այս մասին ԱԺ-ում հիշեցրել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը` նկատելով,- լիարժեք համակարծություն, միակարծություն ապահովելը գրեթե անհնար է, բայց համակարծությունը շատ կարեւոր է»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպմանը ԱԺ ԲՀԿ, «Ժառանգություն»-ը եւ ՀԱԿ խմբակցությունները վերահաստատել են բարեփոխումների վերաբերյալ իրենց բացասական դիրքորոշումը:

 

ԲԱՅՑ ԻՆ՞Չ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես ներկայացված կլինի Ծիծեռնակաբերդում, իսկ պատվիրակության կազմը կնշանակի անձամբ երկրի նախագահ Բարաք Օբաման։ Այս մասին «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը` հավելելով, որ շուտով պատվիրակության կազմը հայտնի կդառնա, եւ իրենք այն կհրապարակեն:

 

ՔԼԻՆԹՈՆԸ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ
Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար եւ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը հայտարարել է 2016-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։ Քլինթոնն այս մասին հայտարարել է իր պաշտոնական կայքում, ինչպես նաեւ՝ սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութում։ Youtube-ում տեղադրված տեսանյութը մեկ օրում ավելի քան 2 միլիոն դիտում է ունեցել։

 

ԿԵՍՕՐԻՑ ՀԵՏՈ
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում արտերկրյա բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ անցկացվելու են արարողակարգային միջոցառումներ: Այցելուների համար մուտքը դեպի հուշահամալիր կբացվի ժամը 13:00-ից: Հուշահամալիր այցելությունը շարունակվելու է նաեւ ապրիլի 25-ին: Ապրիլի 24-ին՝ երեկոյան 20:15-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Համաշխարհային 24/04» նվագախմբի համերգը` տասնյակ երկրներից ժամանող 140 երաժիշտների, աշխարհահռչակ խմբավարների եւ մենակատարների մասնակցությամբ: Մուտքն անվճար է:




Լրահոս