Պուտինը «կատաղել է». ինչու էր «Գազպրոմի» նախագահը հապճեպ Հայաստան եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը ապրիլի 16-ին ժամանել էր Հայաստան եւ հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ: Մեր տեղեկություններով՝ այս այցը հապճեպ պլանավորվել է ՀՀ ԱԺ-ի վերջին` ապրիլի 7-ից 9 տեղի ունեցած քառօրյայում Հայաստանի գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության քննարկումներից հետո:

Պարզվում է՝ այդ քննարկումներից հետո ՌԴ ղեկավարությունը եկել է այն եզրակացության, որ արդեն որերրորդ գործով Ռուսաստանը հայ հանրության աչքում ներկայանում է իբրեւ թալանչի: Այսինքն՝ մեկ պարզվում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է անհայտ պատճառներով մի քանի հարյուր միլիոն դոլարի պարտքեր կուտակել, հետո պարզվում է, որ Հայաստանի գազամատակարարող ընկերություններն են հարյուրավոր միլիոն դոլարների եկամուտներ ունեցել, բայց մի քանի տարի շարունակ համակարգը բարելավելու համար ոչ մի ներդրում չեն կատարել, եւ այսպես շարունակ: Արդյունքում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է «Գազպրոմ» ԲԲԸ-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին շտապ գործուղել Հայաստան:

Ավելին՝ որոշվել է «Գազպրոմի» դուստր ձեռնարկությանը` հայկական «Գազպրոմ Արմենիային», հանձնարարել Հայաստանում մի քանի սոցիալական ծրագրեր իրականացնել` հանրության շրջանում ռուսական ընկերության նկատմամբ ձեւավորված բացասական վերաբերմունքը մեղմելու համար:
Եւ որպեսզի Ալեքսեյ Միլլերը դատարկաձեռն չգա, արագացված կարգով սկսել են նախապատրաստել առաջին ծրագիրը, որպեսզի հնարավոր լինի նրա այցելության պահին պաշտոնապես ազդարարել դրա մեկի մասին: Իբրեւ առաջին ծրագիր ընտրվել է Ավանում ուսումնամարզական համալիր կառուցելու նախագիծը: Ուշադրություն դարձրեք այն փաստին, որ այդ շինարարության համար անհրաժեշտ հողամասը` 31 հազ. 841ք/մ մակերեսով, Երեւանի քաղաքապետրանի ավագանին «Գազպրոմ Արմենիային» վաճառել է ընդամենը երկու օր առաջ` ապրիլի 14-ին:

Երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ այդ համալիրի շինարարության նպատակով ռուսական «Գազպրոմը» 49,3 մլն դոլարի ներդրում կիրականացնի: Ավելին՝ երեկ կազմակերպվել էր նշված համալիրի հիմնարկեքի միջոցառումը` Սերժ Սարգսյանի եւ Ալեքսեյ Միլլերի մասնակցությամբ:
Այն աստիճան էին շտապել, որ նույնիսկ շինարարության հիմքը չէին հասցրել փորել եւ համապատասխան սրվակը տեղադրեցին բետոնե, քառակուսի սալիկի մեջ արված անցքում: Ենթադրվում է, որ այդ բետոնի կտորը հետագայում պետք է դրվի համալիրի շինարարության հիմքում, կամ որ չդնեն էլ, ով կիմանա, կարեւորն անհրաժեշտ էր այսօր այդ միջոցառումը կազմակերպել, ինչն արդեն արվեց:

Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարությանը ՌԴ-ից հանձնարարվել է առաջիկայում սոցիալական 4 ծրագրեր իրականացնել՝ դպրոցաշինություն, դպրոցների ֆինանսավորում, օգնություն սոցիալապես անապահով խավերին ինչ-որ ծրագրով, եւ այսպես շարունակ:

Ենթադրվում է, որ այդ ծրագրերը եւ դրանց քարոզչությունը կօգնեն, որ սպառողներին մատակարարվող գազի սակագնի մոտ 10 դրամով թանկացումը, որը նախատեսվում է ամռանը, Հայաստանի հանրության շրջանում բողոքի մեծ ալիք չբարձրացնի: Ի դեպ, ըստ լուրերի՝ ռուսական կողմը նախատեսում է Հայաստանին մատակարարվող գազը էժանացնել եւ հազար խորանարդ մետրը վաճառել 164 դոլարով` ներկայիս 181 դոլարի փոխարեն (չի բացառվում, որ մինչեւ 25 դոլարով նվազի սահմանին հասնող գազի սակագինը):

Մի խոսքով, Ալեքսեյ Միլլերին Հայաստան ուղարկելով՝ ՌԴ ղեկավարությունը միաժամանակ ցանկացել է մեկ անգամ եւս ճշտել Հայաստանի հանրության շրջանում Ռուսաստանի նկատմամբ առկա տրամադրությունները: Այլ կերպ ասած՝ Ալեքսեյ Միլլերին ասել են, որ նրա ընկերության պատճառով Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը վերջին շրջանում դարձել է խիստ բացասական, եւ նա այս այցի ընթացքում պետք է կարողանար հակառակ ապացույցներ գտնել: Ու քանի որ «Գազպրոմը» միայնակ չի փոշիացրել միլիարդավոր դոլարները, ուստի չի բացառվում, որ Միլլերը Սերժ Սարգսյանին հորդորել է իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել:

Եւ, ահա, այդ խնդիրը լուծելու համար էլ Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին Միլլերին պարգեւատրեց «Բարեկամության» շքանշանով: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանն այդպիսով արձանագրել է, որ պաշտոնական Երեւանը «Գազպրոմի» հետ խնդիրներ չունի, այլ ընդհակառակը՝ բարեկամներ են: Եւ «Գազպրոմի» ղեկավարը, երբ մեդալով վերադառնա Մոսկվա, Վլադիմիր Պուտինին կզեկուցի, որ Հայաստանում առկա դժգոհությունների մասին բոլոր լուրերը բամբասանք են. իրենք իրականում բարեկամներ են: Բայց ռեալ կյանքում՝ Սերժ Սարգսյանի, այլ ոչ թե հայ ժողովրդի հետ:

Վահագն Հովակիմյան




Լրահոս