ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Կաթողիկոսարանի պաշտոնական էջից

Զատկական տոների առթիվ Երուսաղեմ են գնացել ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ, գեներալ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը: Նրանց հետ է եղել նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանությունից հայտնել են, որ այցի ընթացքում նրանք Քրիստոսի գերեզմանի վրա աղոթել են Հայաստանի խաղաղության եւ սահմանին կանգնած հայ զինվորների համար:

 

 

 

 

ՀԱՐՑ. Երեւանի փողոցների գրեթե բոլոր կանգառները գծանշված են ռետինե ուռուցիկ բարձիկներով: Չանցած մեկ ամիս՝ ավտոմեքենաների անիվների հարվածներից հեղույսները թուլանում են եւ քայքայվում: Հաճախ են քայքայված բարձիկները փոխարինում նորերով: Վարորդները գլուխ են կոտրում ու չեն ընկալում դրանց իմաստը: Ուստի դիմում ենք ձեզ մի քանի հարցերով.
– ի՞նչ նպատակով են տեղադրվում այդ բարձիկները
– ո՞րտեղ են դրանք պատրաստվում
– որքա՞ն է յուրաքանչյուր բարձիկի արժեքը
– Երեւանի փողոցներում քանի՞ բարձիկ է տեղադրված:

Մարտին եւ Արամայիս Ասլանյաններ (հաղորդակցության ուղիների ճարտարագետ-նախագծողներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառագոտիները երթեւեկելի գոտիներից առանձնացնող ռետինե ուղղորդիչները հանդիսանում են երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոց եւ գծանշումների հետ համատեղ կիրառմամբ նպատակ են հետապնդում առավել ընդգծելու կանգառագոտիները, դրանք հիմնական հոսքից բաժանելու, այլ տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումն այդ գոտիներում արգելելու, կանոնները խախտողների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտ իրավական հիմքեր ապահովելու համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն կանգառներում, որոնցում դրանք կիրառվել են վերոհիշյալ նպատակներին հասնելու համար գրանցվել է զգալի արդյունավետություն: Դրանք պատրաստվում են Հայաստանում՝ ռետինատեխնիկական ապրանքներ արտադրող կազմակերպությունների կողմից: Յուրաքանչյուր նոր ռետինե ուղղորդիչի մեկ գծմ-ի արժեքը (ներառյալ տեղադրումը) կազմում է 14000 ՀՀ դրամ, յուրաքանչյուր վերատեղադրվող ռետինե ուղղորդիչի մեկ գծմ-ի արժեքը (ներառյալ տեղադրումը) կազմում է 7000 ՀՀ դրամ: Ռետինե ուղղորդիչներ տեղադրված են թվով 10 փողոցներում (62 կանգառագոտում)՝ 672 հատ (604.4մ երկարությամբ), որից թվով 6 փողոցներում (36 կանգառագոտում) տեղադրված են նոր թվով՝ 427 հատ (298.9մ երկարությամբ), իսկ թվով 4 փողոցներում (26 կանգառագոտում) վերատեղադրվել են հին թվով՝ 245 հատ (305.5մ երկարությամբ):

Երեւանի քաղաքապետարան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ Երեւանի քաղաքապետարանն ամեն կերպ փորձում է արդարացնել ռետինե բարձիկների տեղադրման անհրաժեշտությունը, այդուամենայնիվ, նկատենք, որ դրանց համար ծախսվում են բավականին մեծ գումարներ, եւ հարց է առաջանում՝ արդյո՞ք հնարավոր չէ նույն արդյունքին հասնել այլ, առավել մատչելի միջոցներով:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Ունեմ իդեալական վարկային պատմություն: Բայց այս պահին երաշխավոր եմ մեկ այլ անպարտաճանաչ վարկառուի, որն ամեն ամիս ուշացումով է կատարում վճարումները: Արդյո՞ք ես ինչ-որ կերպ կարող եմ հրաժարվել երաշխավոր լինելուց:

Արամ Հակոբյան (39 տարեկան, պատմագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի համաձայն` երաշխավորությունը դադարում է`
1) դրանով ապահովված պարտավորությունը դադարելու, ինչպես նաեւ՝ առանց երաշխավորի համաձայնության պարտավորությունը փոփոխելու դեպքում, որը հանգեցրել է նրա պատասխանատվության մեծացմանը կամ նրա համար այլ անբարենպաստ հետեւանքների.
2) երաշխավորությամբ ապահովված պարտավորությամբ պարտքն այլ անձի փոխանցելով, եթե երաշխավորը պարտատիրոջը համաձայնություն չի տվել պատասխանատվություն կրել նոր պարտապանի համար.
3) եթե պարտատերը հրաժարվել է ընդունել պարտապանի կամ երաշխավորի առաջարկած պատշաճ կատարումը.
4) երաշխավորության պայմանագրում նշված ժամկետի ավարտով, որով այն տրվել է: Նման ժամկետի բացակայության դեպքում երաշխավորությունը դադարում է, եթե պարտատերը, երաշխավորությամբ ապահովված պարտավորության կատարման ժամկետը լրանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, երաշխավորի դեմ հայց չի հարուցել: Երբ հիմնական պարտավորության կատարման ժամկետը նշված չէ եւ չի կարող որոշվել կամ որոշվել է պահանջի պահով, երաշխավորությունը դադարում է, եթե պարտատերը երաշխավորության պայմանագիր կնքելու օրվանից երկու տարվա ընթացքում երաշխավորի դեմ հայց չի հարուցել: Երաշխավորությունը կարող է դադարել նաեւ պարտատիրոջ եւ երաշխավորի համաձայնությամբ:

Ֆինանսական հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երաշխավորը պարտատիրոջ առջեւ պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը` ներառյալ տոկոսներ վճարելը, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը եւ պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետեւանքով առաջացած` պարտատիրոջ այլ վնասները հատուցելը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով:




Լրահոս