ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր լրագրողներին ներկայացրեց ընթացիկ ծրագրերը, ձեռքբերումները, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում իրականացված աշխատանքները:
Անդրադառնալով Հայոց մեծ եղեռնի ականատես-վերապրածների առողջապահական խնդրին` Արմեն Մուրադյանը նշեց, որ այն մշտապես նախարարության ուշադրության ներքո է և ծրագիրը մեկնարկել է դեռևս 2014 թվականին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ստեղծվել է համակարգող խորհուրդ, որը բժշկական օգնություն, դեղեր և բժշկական պարագաներ է տրամադրել 28 ականատես-վերապրածի: Երևանում և մարզերում մասնագիտական խմբերի համայցերի ընթացքում կատարվել են անհրաժեշտ բժշկական հետազոտություններ, որոնց հիման վրա ստեղծվել են ականատես-վերապրածների բժշկական անձնագրերը: «Նախարարությունում առանձնացվել է շուրջօրյա հեռախոսահամար, որով կարող են զանգահարել ականատես-վերապրածները կամ իրենց հարազատները և ստանալ անհրաժեշտ բուժօգնություն»,- նշեց Արմեն Մուրադյանը:
Տեղեկացնենք, որ այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է 055 05 86 26 շուրջօրյա հեռախոսահամարը: Անհարժեշտ բժշկական օգնություն է տրամադրվում նաև Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին։
Նախարարը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում բնակչության և Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց առաջնային, շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումն արագ կազմակերպելու նպատակով նախարարի հրամանով ստեղծվել է համակարգող խորհուրդ։ Երևանի բժշկական կենտրոնների տնօրենների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և Արմավիրի մարզի առողջապահության ոլորտի ղեկավարների հետ քննարկվել են միջոցառումների ընթացքում բնակչության և հյուրերի բժշկական օգնությունը բարձր մակարդակով ու արագ կազմակերպելու հարցերը։
«Համաճարակաբանական հսկողությունը ուժեղացվել է սկսած սահմաններից, անցումային կետերից: Բոլոր հյուրանոցները կցվել են պոլիկլինիականերին, ուժեղացվել է պոլիկլինիկական ծառայությունը և հիվանդանոցային ցանցը: Բոլոր բժշկական կազմակերպությունները ապահոված են բժշկական պարագաներով և դեղերով»,- տեղեկացրեց նախարարը:
Այդ օրերին առանձին մասնագետների հերթապահություններ կսահմանվն պոլիկլինիկաներում։ Հստակեցվել են ապրիլի 23-ից 24-ը Երևանում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսվող բազմամարդ միջոցառումների ընթացքում շտապ բժշկական օգնության մեքենաների հերթապահությունները և տեղակայումը: Հերթապահություներ կսահմանվեն նաև նախարարությունում։ Կուժեղացվի «թեժ գծի» ծառայությունը։ Գործող 52-88-72 հեռախոսահամարին կավելանան ևս երկուսը` (+374 10) 56-23-63 և (+374 10) 56-27-83։
Արմեն Մուրադյանը շեշտեց, որ վերջին մեկ տարում դեղորայքային քաղաքականության ոլորտում ունեցած կարևոր ձեռքբերումը «Դեղերի մասին» ՀՀ օրենքի լրամշակված և հստակեցված տարբերակի և հարակից մի շարք այլ օրենքների նախագծերի ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացնելը և ՀՀ Ազգային ժողով ուղարկելն է։ Այս ոլորտում նորույթ է շաքարային դիաբետով հիվանդներին անհրաժեշտ հաբերի ձեռքբերումն անմիջապես արտադրողից։ ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության կարիքների համար «Դիաբետոն 60 մգ» դեղի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» թիվ 78-Ն որոշմամբ նախատեսում է շաքարային դիաբետով տառապող հիվանդներին ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության «Դիաբետոն ՄՌ» 60 մգ դեղի պատշաճ մակարդակով ապահովում: Անմիջապես արտադրող «Սերվիե» ընկերությունից 2015թ. համար ձեռքբերվող «Դիաբետոն» դեղի համար կծախսվի 280.7 մլն դրամ (մեկ դեղահաբը` 36.7 դրամ)` տնտեսելով 61.2 մլ դրամ: Շաքարային դիաբետով հիվանդների 77 տոկոսը կապահովվի անհրաժեշտ հաբերով` նախորդ տարիների շուրջ 30 տոկոսի փոխարեն։ Նախարարը տեղեկացրեց, որ հակադիաբետիկ ֆրանսիական հաբերը հիվանդներին կհասնեն տարվա երկրորդ կիսամյակին։
Նշվեց, որ արձագանքելով նախարարության կոչին` «Բայեր Կոնսյումեր» և «Գլաքսո Սմիթ Կլայն» դեղագործական ընկերությունների ներկայացուցչությունները վերանայել են ՀՀ-ում իրենց կողմից գրանցված և ներկվող դեղերի շուկայական գները` համապատասխանեցնելով Ռուսաստանի Դաշնության շուկայական գներին:
Արմեն Մուրադյանը լրագրողներին տեղեկացրեց 2015 թվականին մեկնարկած մի քանի ծրագրերի արդյունքների մասին։ Սրտի անհետաձգելի վիրահության նոր` կյանք փրկող ծրագրի շրջանակում ապրիլի 16-ի դրությամբ բուժօգնություն է ստացել 457 քաղաքացի։ Ապրիլի 1-ից սրտի անհետաձգելի վիրահատության (ոչ դեղապատ ստենտի տեղադրում) ծրագիրն իրականացվում է 10 բուժհաստատությունում։ Բժշկական օգնության և սպասարկման որակի, ինչպես նաև ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով կշարունակվեն ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության մշտադիտարկումները:
Սոցիալական փաթեթի շահառուների համար մեկնարկած ծրագրի շրջանակում կանխարգելիչ բժշկական զննություն է անցել 6068 շահառու, իսկ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» սկրինիգային ծրագրով 2015 թվականի 1-ին եռամսյակում իրականցվել է շուրջ 4 հազար ՊԱՊ թեստի հետազոտություն և 37 հազար քաղաքացիների մոտ որոշվել է արյան մեջ գլյուկոզի մակարդակը։
Արմեն Մուրադյանն անդրադարձավ նաև հիվանդանոցաշինությանը` նշելով, որ շարունակվում են Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի կառուցման և Ճամբարակի առողջության կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները: Ավարտին են մոտենում Կապանի և Բերդի բժշկական կենտրոնների արդիականացման, ինչպես նաև Ոսկևանի ամբուլատորիայի կառուցման աշխատանքները: Իսկ 2016թ. ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման ծրագրի իրականացման արդյունքում կունենանք տարածաշրջանում եզակի` ցողունային բջիջների լաբորատորիա և բարձրդեղաչափային քիմիոթերապիայի և ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունք` վերակենդանացման ծառայությամբ:
2014 թվականի տնտեսված միջոցների հաշվին այս տարի կկառուցվի ևս 5 համայնքային ամբուլատորիա:
Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի տարածքում տեղակայված Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում տեղադրվել է ցիկլոտրոնային արագացուցիչը։ ՈւԳՀԿ-ի ստեղծման երկարաժամկետ ծրագրի առաջին փուլում կշահագործվի ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնը:
Մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարարն անդրադարձավ նաև մոր և մանկան առողջության պանհպանման, հանրային առողջապահական ծրագրերին, պատասխանեց նաև լրագրողներին հետաքրքրող հարցերին։