ԺԱՄԱՆԱԿՆ Է ՍՈՎՈՐԵԼ ԱՊՐԵԼ ԱՌԱՆՑ ՌՈՒՍՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանումների դադարելու արդյունքում Հայաստանի արդյունաբերական ճյուղերից մեկը, որն էապես նպաստում է նաեւ գյուղատնտեսության զարգացմանը, սնանկացման շեմին է հայտնվել: Խոսքը կոնյակ եւ գինի արտադրող ձեռնարկությունների մասին է:

Այս տարվա արտահանման մանրամասն տվյալները, մասնավորապես, ըստ ապրանքատեսակների եւ երկրների, կհրապարակվեն այս ամսվա վերջին: Սակայն առկա տվյալներից հայտնի է, որ այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանից արտահանումն անցած տարվա համեմատ նվազել է 25,2 տոկոսով: Ավելին՝ նվազումը տեղի է ունեցել հենց հատկապես դեպի Ռուսաստան արտահանում չիրականացնելու արդյունքում:
Սակայն, ողջ խնդիրն այն է, որ դեպի Ռուսաստան արտահանման ընդհանուր ծավալներում հիմնական մասը կազմում են մեկ խմբի ապրանքներ, դրանք են՝ Էթիլային սպիրտ, չբնափոխած, 80 ծավ.% սպիրտի խտությամբ, սպիրտային թուրմ, լիկյոր եւ այլ սպիրտային ըմպելիք: Իսկ ավելի կոնկրետ՝ խոսքը գնում է հայկական կոնյակների մասին: Մասնավորապես, անցած` 2014 թվականի արդյունքներով Հայաստանից դեպի Ռուսաստան է արտահանվել 308 միլիոն 397 հազար դոլարի ապրանք, որից 132 միլիոն 325 հազարը եղել են վերը նշված խմբի մեջ մտնող ապրանքները: 2014-ին Հայաստանից ընդհանուր արտահանվել է 164 միլիոն 915 հազար դոլարի սպիրտային ըմպելիք: Ի դեպ, 2013-ին Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումների ծավալները եղել են 335 միլիոն 165 հազար դոլար, որից 152 միլիոն 788 հազարը` սպիրտային ըմպելիքները: Այսինքն՝ դեպի Ռուսաստան արտահանման ծավալների 26 միլիոն 768 հազար դոլարի անկման հիմնական մասը` 20 միլիոն 463 հազարի չափով, բաժին է հասել հենց սպիրտային ըմպելիքներին:
Սպիրտային ըմպելիքների արտահանման անկման արդյունքում Հայաստանը, կարելի է ասել, կրկնակի է տուժում: Մի կողմից՝ Հայաստանի տնտեսությունը չի ստանում իր համար նշանակալի այդ գումարները` արտադրողներին դնելով ծանր կացության մեջ: Մյուս կողմից էլ՝ տուժում են նույն արտադրողներից անմիջական կախվածության մեջ գտնվող խաղողագործները: Կոնյակի արտադրության առանձնահատկություններից մեկն այն է, որ արտադրողը սովորաբար իրացնում է մի քանի տարվա հնության արտադրանքը, իսկ դրանից ստացված գումարների մի մասի հաշվին նոր արտադրանքի համար անհրաժեշտ հումք` խաղող է գնում: Այսինքն՝ ներկա վիճակը հուշում է, որ սպիրտային ըմպելիքներ արտադրողներն այս տարի չեն կարողանա խաղող մթերել կամ լավագույն դեպքում՝ շատ փոքր ծավալներով կմթերեն, ինչը ֆերմերների համար խնդրի լուծում չի լինի:
Այսինքն՝ մի կողմից տարին կարծես թե պտղի համար բարենպաստ է եւ գյուղացիներին առատ բերք է խոստանում, մյուս կողմից ամռանը եւ աշնանը կարող է պարզվել, որ դրա իրացման հնարավորություն չկա: Ի դեպ, վերջին քառօրյայի ժամանակ, երբ այս խնդրի մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին հարց էին ուղղել, նա հետեւյալ կերպ էր պատասխանել. «Գինու եւ կոնյակի, նաեւ մյուս ապրանքների արտադրողները պետք է դիվերսիֆիկացնեն շուկաները: Դա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին, այլ նաեւ մյուս երկրներին: Մենք արդեն 15 տարի կոչ ենք անում բոլորին դիվերսիֆիկացնել իրենց արտահանումը»: Այլ կերպ ասած՝ ՀՀ իշխանություններն ուղղակի հայտարարում են, որ ոչնչով չեն կարող օգնել, եւ որ արտադրողներն իրենք պետք է իրենց գլխի ճարը տեսնեն:
Ի դեպ, եթե սպիրտային ըմպելիքները դեպի Ռուսաստան արտահանելիս հիմնական խնդիրը ռուսական ռուբլու վայրիվերումներն են, ինչի արդյունքում արտադրողները մեծ վնասներ են կրում, ապա վերջերս ի հայտ է եկել մի նոր խնդիր, որն ի հայտ է եկել մրգի արտահանման ժամանակ եւ կապ չունի ֆինանսական շուկայում տեղի ունեցող գործընթացների հետ: Բանն այն է, որ Հայաստանից խնձոր արտահանողները Ռուսաստանում մի նոր խնդրի են հանդիպել` գնորդները հրաժարվում են նախկին` շուկայում գործող գինը վճարել: Ասենք՝ նախկինում հայաստանցի արտահանողները խնձորը հանձնել են կիլոգրամը 2-ից 3 դոլարի սահմաններում, իսկ այժմ նրանց պարզապես առաջարկում են մեկ դոլար եւ ոչ ավելին՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանում եւս շուկան վերից վար վերահսկվում է, ինչպես նաեւ համընդհանուր կոռումպացվածության պայմաններում հայ գործարարները փաստի առաջ են հայտնվում եւ ստիպված են իրենց ապրանքը նվիրել ռուսներին եւ վերադառնալ Հայաստան:
Նախկինում, եթե նման իրավիճակ ստեղծվեր, ապա գործարարները կարող էին իրենց ապրանքը Ռուսաստանից տեղափոխել հարեւան Ուկրաինա կամ Բելառուս եւ այնտեղ վաճառելով, վնասները հանած՝ ավելի բարենպաստ վիճակում կհայտնվեին, քան ռուսների քմահաճույքներին ենթարկվելով: Իսկ այժմ Ռուսաստանի տարածքից դեպի նրանց հարեւան երկրներ ապրանք տեղափոխելն այնքան բարդություններ է ենթադրում, որ կարելի է ասել՝ փաստացի անհնար է: Հենց այս փաստն էլ օգտագործում են ռուսները` հայաստանցի գործարարներին ստիպելով, որ իրենց ապրանքը չնչին գնով հանձնեն ու վերադառնան Հայաստան: Այս խնդիրն իրեն առավել զգացնել կտա ամռան ամիսներին, առավել եւս, եթե բնությունը բարեհաճ գտնվի, եւ այս տարի ծիրանի առատ բերք լինի: Մեր տեղեկություններով՝ պտղի արտահանման ընթացքում Ռուսաստանում հայ գործարարների առջեւ ստեղծվող խոչընդոտների մասին ՀՀ իշխանությունները շատ լավ տեղեկացված են, բայց, դե, այս հարցում էլ ոչնչով չեն կարող օգնել. ինչպես կարող են մեծ եղբորը նեղացնել, մեկ էլ տեսար՝ զայրացնեն:
Հ. Գ. Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ` այս տարի Հայաստանի տնտեսությունը կունենա 1 տոկոսանոց անկում, իսկ 2016-ին ՀՀ տնտեսությունը 0 տոկոս աճ կգրանցի։ Նկատենք, որ ԱՄՀ-ի գնահատմամբ` Հարավային Կովկասում Հայաստանը միակ երկիրն է, որի տնտեսությունը անկում կապրի։ Իսկ, ահա, Վրաստանը եւ Ադրբեջանը ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարի աճ կգրանցեն` Վրաստանը 2 եւ 3 տոկոս, Ադրբեջանը` 0.6 եւ 2 տոկոս:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 

ՀԷՑ-Ը ՉԻ ՀԵՐՔՈՒՄ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից երեկ «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ասացին, որ էլէներգիայի սակագնի բարձրացման հարցով ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմել-չդիմելու վերաբերյալ այս պահին հավաստի տեղեկություն չունեն: Այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ը չի հերքում, որ հնարավոր է՝ դիմի էլէներգիայի սակագնի բարձրացման համար: Ենթադրվում է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում լուծել ՀԷՑ-ի պարտքերի խնդիրը, որպեսզի ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը կարողանա գնել այդ ընկերությունը, որոշել են այս կերպ խնդիրը լուծել` ապագա սեփականատիրոջը հնարավորություն տալով լրացուցիչ շահույթի հաշվին մարել պարտքերը: Ի դեպ, «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԷՑ-ն ի վերջո վճարել է այս տարվա առաջին երկու ամիսներին փոքր ՀԷԿ-ից ստացված էլեկտրաէներգիայի դիմաց կուտակած պարտքերը: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ «Փոքր ՀԷԿ-երի միության» նախագահ Նաիրա Նահապետյանը: «Երկու ամսվա պարտքն, այո, վճարել են, իսկ մարտ ամսվա գումարը կվճարեն ապրիլի 25-ին, քանի որ մեր պայմանագրով այդպես է նախատեսված, մենք այլեւս պարտք-պահանջ չունենք ՀԷՑ-ի հետ»,-ասաց Նահապետյանը:

 

ՀԻՆ-ՆՈՐ ՎԱՐԿ
Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ Կառավարությունում ստորագրվել է Հայաստանի եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (տրանշ 4) նախագծի ֆինանսավորման համար 150 մլն դոլարի վարկի տրամադրման համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը եւ Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը: Առաջին հայացքից կարող է թվալ, թե ՀՀ Կառավարությանն, ի վերջո, հաջողվեց ինչ-որ տեղից գումար հայթայթել՝ Հայաստանին սպառնացող տնտեսական ճգնաժամը կանխելու եւ թույլ չտալու համար: Սակայն ողջ խնդիրն այն է, որ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության ծրագիրը վաղուց է ընթանում, եւ դրա շրջանակներում տրամադրվող վարկերը վաղուց արդեն դարձել են պետբյուջեի պես մի բան, այսինքն՝ դրանք ի սկզբանե հաշվարկված են: Այնպես որ, այս վարկը «փրկության գումար» շարքին չի կարող դասվել:

 

ՆԱԽՈՐԴԻ ՆԱԽՈՐԴԻ ԿԱԴՐԸ
Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Վալերիկ Բակլաչյանը նշանակվեց Կոտայքի մարզպետի տեղակալ: Վերջինս 2000-ից 2014 թվականներին նույն պաշտոնն է զբաղեցրել եւ պաշտոնանկ էր արվել Կոտայքի նախկին մարզպետի՝ Արամ Հարությունյանի նշանակվելուց հետո: Այսինքն՝ Կոտայքի նոր մարզպետը` Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը, սկսել է վերադարձնել իր նախորդի նախորդի` Կովալենկո Շահգալդյանի կադրերին:

 

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՆՈՐ ԲԱՆԱՁԵՎ
Չիլիի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ է ընդունել, որում նշվում է հայ ժողովրդի հետ համերաշխության եւ 1915թ. ցեղասպանության դատապարտման մասին:

 

ՆԵՐԿԱ ԵՆ ԵՂԵԼ
Սերժ Սարգսյանը եւ Ռիտա Սարգսյանը երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի համերգին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այսպիսով` Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Քիմ Քարդաշյանին ընդունած Հովիկ Աբրահամյանի, փորձում է առնչվել բացառապես բարձրարվեստ աստղերի հետ, անկախ այն հանգամանքից, որ այդ աստղերի ճանաչելիությունը տասնյակ անգամներ զիջում է նույն Քարդաշյանների հռչակին:

 

ՇԵՐՆ ԷԼ ՄԻԱՑԱՎ
Հայազգի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) Twitter սոցցանցի իր էջում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել, որով Թուրքիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել այն: Գրառումներից մեկում նա ներկայացրել է իր տատիկի պատմածները, որտեղ գրված են, թե ինչպես են թուրքերը մտել իրենց գյուղ, կանչել հանդիպման, ապա սպանել տղամարդկանց, բռնաբարել կանանց եւ աղջիկներին: Իսկ մեկ այլ գրառման մեջ նա նշել է. «Ես զայրացած չեմ (կամ չեմ մեղադրում) Թուրքիայի ժողովրդի վրա մի բանի համար, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ, բայց կարծում եմ, որ Թուրքիայի կառավարությունը պետք է ճանաչի»:

 

ՆԱՐԻՇԿԻՆԻՆ ԿՀԱՆԴԻՊԻ
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին: Պատվիրակության կազմում են պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը եւ Արտակ Դավթյանը: Ապրիլի 16-ին Շարմազանովը երկկողմ հանդիպում կունենա ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ, նույն օրը կմասնակցի «Եվրասիական տնտեսական հեռանկար» միջազգային ֆորումի աշխատանքներին, որտեղ հանդես կգա ելույթով:

 

ԿԳԱ, ԲԱՅՑ ՈՉ ՀԻՄԱ
Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հավաստիացրել է, որ հայկական կողմը Հռոմի պապին հենց ապրիլի 24-ին Հայաստան այցելելու հրավեր չէր արել. «Պապը Հայաստան է այցելելու, անշուշտ, բայց ոչ թե ապրիլի 24-ին, այլ 2016 թվականին: Մենք չենք հրավիրել նրան հենց ապրիլի 24-ին, դա սխալ ինֆորմացիա է: Եկեղեցին հրավիրել է 2015-ին իրեն հարմար պահի, բայց պապը այս տարի մեր ժողովրդի համար այս պատարագը մատուցեց, հաջորդ տարի էլ կայցելի Հայաստան ու կհարգի մեր ժողովրդին: Նա հաստատ այցելելու է Հայաստան, նա պաշտոնապես կհայտարարի այդ մասին, երբ ժամանակը գա»:




Լրահոս