Պահանջում են 30 մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու ավագանու վերջին նիստում քննարկման էր դրված աղբահանություն իրականացնող երկու ընկերությունների դատական հայցն ընդդեմ քաղաքապետարանի: Բանն այն է, որ «Լուսափայլ քաղաք» եւ «Եղիկյան եղբայրներ» ընկերությունները եւս երկու ընկերության հետ մինչեւ 2013 թվականն իրականացրել են քաղաքի աղբահանությունը, ինչի համար չեն վճարվել: Հիշյալ ընկերությունների ներկայացուցիչների պնդմամբ քաղաքապետարանն այսօր իրենց պարտք է շուրջ 30 մլն դրամ:

Իսկ, ահա, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը, ով հանդես է գալիս որպես քաղաքապետարանի շահերի պաշտպան, մեզ հետ զրույցում նշեց. «Քաղաքապետարանը որեւէ իրավական հիմք չունի վճարելու այդ գումարը, քանի որ պարտքերի իրատեսականության ճշգրտում էր գնում քրեական գործի վարույթի շրջանակներում:
Հիշեցնեմ, որ երբ Սամվել Բալասանյանը ստանձնեց քաղաքապետի պաշտոնը, ֆինանսների նախարարությունն այստեղ ստուգումներ սկսեց՝ կուտակված պարտքերի իսկությունը բացահայտելու համար: Հարուցվեցին քրեական գործեր, որոնց շրջանակներում առգրավվեցին քաղաքապետարանի բոլոր փաստաթղթերը, ինչի պատճառով քաղաքապետարանը չկարողացավ վճարել դեկտեմբեր ամսվա ծառայության գումարները:
«Լուսափայլ քաղաք» եւ «Եղիկյան եղբայրներ» ընկերությունները 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների համար պայմանագիր են կնքել քաղաքապետարանի հետ, սակայն աղբահանություն չեն իրականացրել»,- պարզաբանեց Գ. Մալխասյանը` ավելացնելով, թե ստուգումների արդյունքում բացահայտվել է, որ ընկերությունների կողմից հավելավճար է գրվել 1 մլն դրամի չափով:
Նշենք, որ քաղաքապետարանն ինքն է «Լուսափայլ քաղաք» եւ «Եղիկյան եղբայրներ» ընկերությունների դեմ 2 մլն դրամի փոխհատուցման պահանջով հակընդդեմ հայց ներկայացրել` հիմք ընդունելով ընկերությունների կողմից պայմանագիրը խախտելու փաստը:

Արեւիկ Հակոբյան
Գյումրի




Լրահոս