ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԸ` ԲԱՐՁԻԹՈՂԻ ՎԻՃԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 13-20-ը Հայաստանում կանցկացվի Ազգային գրադարանային շաբաթ: Այն այս տարի կիրականացվի «Պահպանի՛ր եւ հիշի՛ր» խորագրի ներքո: Հայաստանի գրադարանային ասոցիացիայի կողմից ավանդաբար անցկացվող մշակութային-մասնագիտական շաբաթի նպատակներից մեկն էլ գրադարանային խնդիրների բարձրաձայնումն ու դրանց արդյունավետ եւ համալիր լուծումների որոնումն է:

Այսօր հանրապետությունում, թերեւս, ամենաանմխիթար վիճակում մարզային, համայնքային ենթակայության գրադարաններն են, ի տարբերություն այն քիչ թվով գրադարանների, որոնք մշակույթի նախարարության ենթակայության ներքո են: «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքով գրադարանների խնդիրները համայնքային իշխանությունների կամային լիազորությունների շրջանակում են ներառված, հետեւաբար գրադարանային ոլորտը բարձիթողի վիճակում է:
Դժվար չէ կռահել, որ համալրման, շենքային ու գույքային պայմանների բարելավման, աշխատավարձերի բարձրացման կարիքն ամենաշատը համայնքային գրադարաններն ունեն: Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ստեփանավանի կենտրոնական գրադարան ՀՈԱԿ-ի տնօրեն Էմիլյա Քեղինյանի հետ: Վերջինս նախ անդրադարձավ գրադարանը համալրելու խնդրին:
Նրա խոսքով` 1988-ի երկրաշարժից հետո մեծ պահանջարկ վայելող այն գրականությունը, որը նախկինում հնարավոր էր լինում ձեռք բերել գրադարանային կոլեկտորի միջոցով, այլեւս հնարավոր չէ ստանալ: «Օրինակ` երբ հեռակա կարգով սովորող համայնքի ուսանողներին որեւէ գիրք է հարկավոր լինում, որը չկա մեր գրադարաններում, նրանք ստիպված են հասնել մարզկենտրոն կամ մայրաքաղաք: Որոշ գրքեր հնարավոր է լինում ձեռք բերել սեփական միջոցների ու կապերի, նվիրատվությունների շնորհիվ, սակայն խնդիրն այդ կերպ չի լուծվում»,-ասաց նա:
Տնօրենի խոսքով` այսօր համայնքում մասնագիտական, ծրագրային գրականության խիստ կարիք կա. «1988-ից հետո բուհերի ծրագրերը փոխվել են, ուսումնառությունը կազմակերպվում է նոր գրականության միջոցով, որը մենք չունենք»,-նկատեց նա:
Է. Քեղինյանը նշեց, որ համայնքում հատկապես բարձր է հոգեբանության, մանկավարժության, հայ ժողովրդի պատմության դասագրքերի պահանջարկը:
«Նաեւ դասական գրականության խիստ պակաս կա, օրինակ` Թումանյան չունենք: Պատճառն այն է, որ մեծ պահանջարկ վայելող գրքերը շուտ են մաշվում եւ արդեն շարքից դուրս են եկել: Իսկ նորերը ձեռք բերել հնարավոր չէ բյուջեի սղության պատճառով: Ուստի խնդրի լուծման միակ ուղին պետական մոտեցման ցուցաբերումն է: Եթե պետությունը մտածում է համայնքային գրադարանների ճակատագրի մասին, չպետք է այն հանձնի տեղական ինքնակառավարման մարմիններին, այլ ինքը պետք է իր ենթակայության ներքո առնի դրանք»,-ընդգծեց տնօրենը` հավելելով, որ, օրինակ, Ստեփանավանի թանգարանն արժանանում է պետական մակարդակով ուշադրության, իսկ շրջանի` առանց այն էլ քիչ թվով գրադարանները` ոչ:
Համայնքային գրադարանի առջեւ ծառացած հաջորդ ակնհայտ խնդիրը ցածր աշխատավարձերն են: «Ժողովուրդ»-ը դեռեւս նախորդ տարվա ավարտին հարցում էր ուղարկել ՀՀ մշակույթի նախարարությանը` պարզելու, թե ինչով է պայմանավորված 2015 թվականի պետական բյուջեի նախագծով նախարարությանը նախատեսված հատկացումների ավելացումը: Կառույցից մեզ պատասխանել էին, որ նախարարության բյուջեի հետ կապված փոփոխությունները պայմանավորված են նաեւ բնագավառի աշխատողների աշխատավարձի ավելացումով (1212.9 մլն դրամ): «Բարձրացվել է նաեւ նախարարության ենթակայության ներքո գտնվող գրադարանավարների աշխատավարձը, իսկ համայնքների գրադարանավարներինը` ոչ: Վերջիններս զրկված են անգամ սոցփաթեթներից օգտվելու հնարավորությունից, ինչը վիրավորական է եւ ցավալի: Այնպես որ, աշխատավարձերի բարձրացման առումով առաջխաղացում չկա»,- հավելեց Է. Քեղինյանը: Քանի որ համայնքային գրադարանները մշակույթի նախարարության ենթակայության ներքո չեն, նրանց բախտ չի վիճակվել օգտվել աշխատավարձերի բարձրացումներից, եւ աշխատակիցները մնացել են 55 հազար դրամ աշխատավարձի հույսին:
Տնօրենը մատնանշեց նաեւ գրադարանում գույքի պակասի խնդիրը: «Քաղաքապետարանը խոստացել է դարակների համալրման հարցը լուծել: Ինքս դիմել եմ տարբեր կազմակերպությունների` գրադարանը գույքով ապահովելու հարցում օգնություն ստանալու ակնկալիքով»,- եզրափակեց նա` հավելելով, որ թվարկված խնդիրները ընդհանուր են Հայաստանի բոլոր համայնքային գրադարանների համար:

 

 

 

 

ԴԱԼԻԹԱՅԻ ԱՂՈԹՔԸ` ՆԱԽՆԻՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2011»-ում ներկայացրած երգչուհի Դալիթա Ավանեսյանը օրերս հանրության դատին հանձնեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երգ: Այն կոչվում է «It՚s Armenians՚» («Հայերինն է»): Տեսահոլովակը նկարահանվել է Լիբանանում` «Ս. Խաչ Հարբոյան» բարձրագույն վարժարանի հովանու ներքո: «Ժողովուրդ»-ը Դալիթայի հետ զրուցել է երգի ուղերձի մասին, վերջինս տեղեկացրել է, որ իր մեծ տատիկը եւս Հայոց ցեղասպանության ականատեսներից է եղել:

-Ի՞նչ ուղերձ ես փորձել փոխանցել երգի միջոցով եւ թիրախային ո՞ր լսարանի համար ես ներկայացրել ստեղծագործությունը:
-Երգի երաժշտությունն ավելի վաղ` «Եվրատեսիլ»-ից հետո, նվեր էի ստացել երգչուհի Էմմա Ասատրյանից, ով խորհուրդ տվեց ստեղծագործությունը ներկայացնել Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Խոսքերը գրեց Անիտա Հախվերդյանը, տեսահոլովակի ռեժիսորը Հովիկ Հակոբյանն է, գործիքավորումը կատարել է Դավիթ Ջավադյանը: Երբ անցյալ տարի Լիբանանում էի, համերգի ժամանակ կայացավ երգի պրեմիերան, եւ այն բավական լավ արձագանք ունեցավ, հետո արդեն ինձ նվիրեցին տեսահոլովակը, որը նկարահանվեց հենց Լիբանանում: Ինչ վերաբերում է մեսիջին, ապա երգի վերնագիրն արդեն իսկ հուշում է, որ այն բոլոր հայերինն է` անկախ տարիքից: Սա 15-ամյա աղջկա աղոթքն է` նախնիների հիշատակին:
-Ինքդ օրերս ուղիղ եթերում հուզվեցիր` խոսելով Ցեղասպանության ականատես քո նախնիների մասին: Առհասարակ, տարիքով փոքրերին Ցեղասպանության թեման ժամանակին եւ ճիշտ կերպով մատուցելու խնդիր կա: Գուցե քո ե՞րգն էլ օգնի այդ հարցում:
-Իմ մեծ տատիկը Հայոց ցեղասպանության ականատեսներից է եղել, տասնչորս վանեցի երեխաներից փրկվել են միայն չորսը, ոտաբոբիկ ու սոված` հազիվ հասել են Պարսկաստան, ուստի նրանց հաջորդները ծնվել են արդեն հայրենիքից դուրս: Ինքս ունեմ փոքրիկների մեծ լսարան, եւ գուցե իմ երգն էլ նպաստի, որ նրանք տեղեկանան մեր ազգի համար կարեւորագույն նշանակություն ունեցող թեմային, երգի միջոցով աղոթքի մասնակիցը դառնան…

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 
ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԵՐԳ
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի, դստեր` Նորթի եւ քրոջ` Քլոե Քարդաշյանի հետ Հայաստանից մեկնել էր Իսրայել: Քարդաշյանը Իսրայել կատարած այցի ժամանակ Երուսաղեմի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում մկրտել է դստերը: Ըստ որոշ տեղեկությունների` 2-ամյա Նորթին մկրտել է Պարետ Վարդապետ Երեցյանը: Նորթի կնքամայրը դարձել է Քլոեն: Լրագրողների հետ զրույցում արքեպիսկոպոս Արիս Շիրվանյանն ասել է. «Աղջիկը պաշտոնապես կդառնա քրիստոնյա եւ հայ եկեղեցու անդամ»:
Մկրտությունից հետո զույգն այցելել է Տիրոջ Սուրբ գերեզմանի տաճար, որտեղ, ըստ քրիստոնեական հավատամքի, խաչվել է Հիսուս Քրիստոսը: Ավելի ուշ Քիմն ու Քանյեն ճաշել են Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարքաթի հետ:
Ի դեպ, Իսրայել կատարած այցի ընթացքում ռեփեր Քանյե Ուեսթն առաջարկել էր երկուշաբթի գիշերն անվճար համերգ տալ Երուսաղեմի «Դավիթի աշտարակ» թանգարանում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ապրիլի 13-ին Իսրայելում չեղյալ են հայտարարել Քանյե Ուեսթի համերգը: «Դավիթի աշտարակ» թանգարանի տնօրինությունը հրաժարվել է կազմակերպել համերգը` պատճառաբանելով, որ տեխնիկական խնդիրներ կան: Timesofisrael-ի փոխանցմամբ` չնայած համերգը չի կայացել, այնուամենայնիվ, երկրպագուները հավաքվել են թանգարանի մոտակայքում գտնվող հրապարակում` համերգին մասնակցելու հույսով:
Դե, իսկ Ուեսթի անակնկալ համերգը Երուսաղեմում աննախադեպ չէր լինելու. նա նման ելույթ արդեն կիրակի գիշերն ունեցել էր Երեւանի Կարապի լճում:
Հավելենք, որ զույգն Իսրայել էր մեկնել 24 ժամով, որտեղից արդեն Քիմը մտադիր էր ուղեւորվել Հորդանան:

 

ԱԶՆԱՎՈՒՐԸ ԿԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ
Շառլ Ազնավուրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ապրիլի 24-ին կլինի Հայաստանում: Այս մասին նա հայտարարել է ֆրանսիական Europe 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում: Ազնավուրն անդրադարձել է նաեւ այն հարցին, թե կան արդյոք փոփոխություններ Հայոց ցեղասպանության ընկալումների մեջ Հռոմի պապի հայտնի ելույթից հետո. «Ո՛չ, բայց ամեն բան պետք է փոխվի եւ հաստատ կփոխվի: Երիտասարդությունը ոտքի կկանգնի, քանի որ չի ցանկանա արյան բիծ ունենալ իր ճակատին եւ դրանով ապրել 100 տարի»,-ասել է նա:




Լրահոս