Armlur.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր Ծիծեռնակաբերդի հուշակոթողի համահեղինակ, ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, համահեղինակի իրավաժառանգ, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը և հուշահամալիրի թանգարանի համահեղինակ, ճարտարապետ Լևոն Մկրտչյանը նամակով դիմել են հանրությանը՝ տեղեկացնելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տիրույթում հայտնված մի «Տաղավարի» մասին, որը, ըստ ճարտարապետների, աղճատել է հուշահամալիրի ամբողջական դիտաընկալման տեսահորիզոնը:
Armlur.am-ի հետ զրույցում ճարտարապետ Սաշուր Քալաշյանը բավական վրդովված նշեց, որ շինարարության սկսվելու ժամանակ ինքը փորձել է պարզել` դա ում նախաձեռնությունն է և ով է արել: «Որևէ մեկը տեղյակ չէր` ո´չ թանգարանի տնօրենը, ո´չ շինարարությամբ զբաղվող մասնագետները: Այդ պահին զանգեցի նախագահի աշխատակազմ, իրենք էլ Չինաստանում էին: Հիմա, երբ արդեն որոշակի ինֆորմացիա իմացանք, որ լրագրողների համար է դա նախատեսված, ասեցին` գնացքը գնացել է, էլ խառնվելու իմաստ չունի: Խայտառակ ենք լինում ամբողջ աշխարհի առաջ, ասում են` մի խառնվեք իրար: Մարդիկ, որ գալիս են, հուշարձանը փակ է իրենց առաջ, մինչև չհասնեն հուշարձանին, չեն տեսնի: Նման բան երբեք չի եղել: Ոնց են մտածել, ինչ են մտածել: Զզվելի, անճաշակ ու անգիտակից է: Գոնե տանեի դնեին թանգարանի կտուրին, ես այսքան չէի զայրանա»,- վրդովվեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:
Փորձեցինք Երևանի քաղաքապետարանից ևս մեկնաբանություն լսել տաղավարի մասին հնչող քննադատությունների մասին: Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը նշեց, որ տաղավարի կառուցման աշխատանքները սկսվել են բավական շուտ, որպեսզի ապրիլի 24-ի միջոցառումների հեռարձակման հետ կապված որևէ տեխնիկական խնդիր չլինի: «Տեխնիկական որոշակի բնութագրումներ կան, որոնք հաշվի են առնվել: Հեռավորությունը մաքսիմալ հաշվվել է այնքան, որ ապահովի բոլորի համար տեսանելիություն և աշխարհին ներկայացնենք այդ օրվա ողջ պրոցեսը»,- ասաց նա:
Գևորգյանը, սակայն, մեկնաբանություն տվեց նաև որպես ՀՀ քաղաքացի, որպես ցեղասպանության զոհ դարձած հայերի սերունդ և վերջապես որպես ԶԼՄ ներկայացուցիչ: «Առնվազն տարօրինակ է, որ ստեղծվում է հնարավորություն ԶԼՄ ներկայացուցիչների համար և դրա դեմ բողոքում են: Աշխատանքը դյուրին դարձնելու համար է դա տեղադրված և ժամանակավոր է: Այս պարագայում մեզ համար շատ ավելի կարևոր է, որ մենք կարողանանք լիարժեք ներկայացնենք ամբողջ պրոցեսը, որովհետև այդ օրը ամբողջ ուղիղ եթերներով նայելու է արարողությունը, այդ թվում նաև միջազգային լրատվական ծառայությունների կողմից հեռարձակվող: Եթե ճարտարապետներն ասեն` իրենք ինչ դեմ բան ունեն, միգուցե հասկանանք բոլորս»,- շեշտեց Գևորգյանը:
Հստակեցրեցինք, որ ճարտարապետները դժգոհում են, որ այն հուշահամալիրի տեսքը փչացնում է. «Տեսքը ասելով` ՞ինչ նկատի ունեն: «Ռակուրսից» է կախված, ով ինչ ձևով է ուզում ներկայացնել: Դա ընդամենը ներկայացնողի սուբյեկտիվ մոտեցումը կարող է լինել: Անգամ աշխարհահռչակ ճարտարապետների գործերը եթե ճիշտ «ռակուրով» չբներկայացնեն, այդ դեպքում ևս կարելի է ին-ինչ անհամապատասխանություններ գտնել: Չի կարելի ամեն բան դնել ու սևով ներկայացնել: Լրագրողների համար առանձնացված հատվածը որևէ ձևով չի խաթարում հուշահամալիրի տեսքը: Կարծիք կարող են արտահայտել բոլորը, բայց լրագրողներն էլ պետք է փորձեն ճիշտ մեկնաբանություն տալ: Այս պարագայում մեր` հայ ազգի համար, շատ ավելի կարևոր է այդ օրվա արարողությունների պատշաճ ներկայացումը»,- ասաց Գևորգյանը և հավելեց, որ դա իր` որպես ՀՀ քաղաքացու կարծիքն է:
Քրիստինա Աղալարյան