«Երևան գարեջուր»-ն իրականացնում է արտահանում, բայց վնասով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին մի քանի ամիսներին «Երեւան գարեջուր» ՓԲԸ-ն ռուսական շուկայում ստեղծված անկայունության հետեւանքով մեծ վնասներ է կրում, նվազել են ընկերության արտահանման ծավալներն ու եկամուտները: «Ժողովուրդ»-ը զրուցել է «Երեւանի գարեջուր» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Հայրյանի հետ:

-Պարո՛ն Հայրյան, Ձեր ընկերությունն այս պահին կոնկրետ ո՞ր երկրներ է արտադրանք արտահանում:

-Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Վրաստան, Լեհաստան, Ֆրանսիա, Իսպանիա, ԱՄՆ, Կանադա: Եվրոպական երկրներ ավելի շատ այլ արտադրանք ենք արտահանում՝ հյութեր, մուրաբաներ, պահածոներ:

-Դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանելիս ի՞նչ խոչընդոտների եք հանդիպում: Ռուսական շուկայում ի՞նչ խնդիրներ ունի ընկերությունը:

-Առանձնակի խոչընդոտներ չունենք, որովհետեւ մենք արտադրանքը միջնորդ գործընկերոջ միջոցով ենք իրացնում: Իսկ վերջինս մեզանից գնում է, եւ ինքն էլ այնտեղ իրացնում է:

-Իսկ ինչպես են Ձեր եկամուտների վրա անդրադառնում ռուբլու փոխարժեքի վայրիվերումները:

-Արտարժույթի փոփոխությունների հետ կապված խնդիր առաջացել է: Դժվարություններ կան: Արդեն այս պահին մեր ընկերությունը եկամուտ չի գրանցում: Կարելի է ասել՝ վնասով ենք հիմա աշխատում, քանի որ արտարժույթի փոխարժեքը փոխվել է: Եւ նախկինում ինչ գնով որ վաճառում էինք, հիմա այդ գնորդները պետք է վերանայեն գները, բայց իրենք դրան շատ բացասական են նայում, ինչի արդյունքում խնդիրներ են առաջանում: Սակայն քանի որ մենք ռուսական շուկայում որոշակի դիրք ունենք զբաղեցրած, այս պատճառով նման զիջումների չգնալը կարող է ավելի ռիսկային լինել, եւ արդյունքում շուկայից դուրս կմնանք:

-Իսկ դոլարի եւ եվրոյի փոխարժեքի տատանումներն ի՞նչ խնդիրներ են առաջացնում դեպի եվրոպական երկրներ արտահանելիս:

-Որոշակի խնդիրներ առաջացնում են: Դոլարի փոխարժեքը հիմա քիչ թե շատ կայուն է, իսկ եվրոն խիստ տատանումներ է ունենում, հետեւաբար, ում հետ որ եվրոյով ենք աշխատում, խնդիրներ է առաջանում: Բայց նույնիսկ այս դեպքում էլ եվրոյով աշխատելիս եկամտաբեր է: Ամեն դեպքում, մենք դրամով ենք ձեւավորում արտադրանքի գինը, եւ եթե եվրոյի փոխարժեքը ցածր է լինում, բնականաբար, մենք այստեղ չենք տուժում:

-Պարո՛ն Հայրյան, նախորդ տարվա համեմատ՝ այս տարի արտահանման ծավալները նվազե՞լ են, թե՞ ավելացել: Ձեր ընկերության մասով ի՞նչ պատկեր է արձանագրվել:

-2013 թվականի համեմատ՝ 2014 թվականին մեր ընկերության արտադրանքի արտահանման ծավալները մոտ 25 տոկոսով նվազել են:

-Այս խնդրի շուրջ էկոնոմիկայի նախարարություն դիմե՞լ եք: Ի՞նչ են ձեռնարկում իրավիճակի բարելավման ուղղությամբ:

-Նույնիսկ եթե մտահոգված են, ապա իրենք ինչ կարող են անել: Իրենք չեն կարող Ռուսաստանում արտարժույթի փոխարժեքը փոխել: Այնտեղ խիստ տատանումներ են տեղի ունենում: Այնպես որ, մեր Կառավարությունը չէր կարող դեր խաղալ:

-Իսկ տեղական շուկայում կարողանո՞ւմ եք արտադրանք իրացնել: Այստեղ իրացման հետ կապված խնդիրներ կա՞ն:

-Տեղական շուկայում ինչ-որ չափով հաջողվում է պահպանել մեր դիրքերը, բայց այստեղ էլ կապված է ազգաբնակչության սոցիալական վիճակի հետ, մասնավորապես, մարդկանց գնողունակությունն ընկել է: Սա եւս ազդում է արտադրանքի վաճառքի ծավալների վրա:

-Ռուսաստանաբնակ հայերը պարբերաբար դժգոհում են, որ հայկական գարեջուրը, այս դեպքում՝ Ձեր ընկերության արտադրանքը, ռուսական շուկայում թանկ է: Այս մասին ի՞նչ կասեք:

-Այնտեղ գնագոյցման ձեւավորման հարցում որեւէ դեր մենք չենք կարող խաղալ, որովհետեւ մեր ամբողջ արտադրանքը մեզանից գնում է միջնորդ գործընկերը, ում հետ որ աշխատում ենք: Հենց նրանք էլ ձեւավորում են վաճառքի գինը: Իհարկե, շատ էժան չի կարող լինել, որովհետեւ տրանսպորտի ծախսերը շատ զգալի տոկոս են կազմում արտադրանքի գնի մեջ: Չէ որ Հայաստանից դեպի ՌԴ մեկ մեքենայի համար 2.5 հազար դոլար է ծախսվում: Բայց ռուսական շուկայում մեր ընկերության արտադրանքը բավականին մրցունակ է:

-Արդեն չորրորդ ամիսն է լրանում, ինչ ՀՀ-ն անդամակցում է ԵՏՄ-ին, ի՞նչ ակնկալիքներ ունեք դրա հետ կապված:

-Դեռեւս այդ գործառույթները չեն գործում: Այս պահին չենք զգում փոփոխություն, որպեսզի որոշակի բան ասենք: Եթե ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության արդյունքում հայ գործարարները որոշակի առավելություններ ձեռք բերեն ռուսական շուկայում, կարծում եմ՝ կկարողանանք ԵՏՄ շուկայում ներկայանալի լինել եւ բավականին մեծ ծավալներ իրացնել: Պետք է սպասենք, տեսնենք, թե ինչ է ստացվում:

զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս