«Երիտասարդ թատերախումբը» պատրաստվում է ապրիլի 16-ին հանդիսատեսի դատին հանձնել իր հերթական ներկայացումը, որը բեմադրվել է Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» պիեսի հիման վրա: Ներկայացման յոթ գլխավոր հերոսները, ովքեր բավական մտերիմ են միմյանց հետ, 1942 թվականին օկուպացված Փարիզում իրենցից մեկի ծննդյան օրն են նշում:
Հանկարծ հոբելյարի տուն է մտնում գերմանացի սպան, տեղեկացնում, որ երկու սպա է սպանվել հոբելյարի տան պատուհանի տակ, եւ պահանջում երկու պատանդ. բարեկամները պետք է իրենց միջից ընտրեն երկու հոգու, եւ հենց այստեղ սկսվում է գիշատիչների խնջույքը: «Ժողովուրդ»-ը ներկայացման եւ դրա արդիականության մասին զրուցել է դերակատարներից մեկի` Շողեր Գրիգորյանի հետ:
-Շողե՛ր, պիեսի ընտրությունը, թերեւս, պատահական չի եղել, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ գոյության պայքարի ու տեսակը պահպանելու կռվի թեման բավական արդիական է:
-Եթե հաշվի առնենք, որ պիեսը նաեւ բռնության, սեփական կամքը մարդկանց պարտադրելու, ապրելու հիմնական օրենքից զրկելու մասին է, ապա` այո: Մարդիկ կանգնում են ապրել-չապրելու ընտրության առաջ: Իսկ ապրելու համար հարկավոր է բարձր գին վճարել, որքան մենք` հայերս ենք վճարել: Այս առումներով ընդհանրություններ կարելի է գտնել:
-Որքան էլ պիեսը Փարիզի իրականությունը ներկայացնի, այնուամենայնիվ, դերակատարները հայ են, եւ այդ հայկականությունը պետք է որ ներկայացման վրա իր ազդեցությունն ունենա:
-Իհարկե, պիեսում պատմվում է կոնկրետ ժամանակահատվածի մասին, սակայն հայ հանդիսատեսը, դիտելով ներկայացումը, կարող է այնտեղ պատկերացնել հայկական իրականությունը: Ամեն դեպքում, պիեսի հեղինակը հայ է, եւ, իմ սուբյեկտիվ կարծիքով, Քաչան այս թեմային անդրադարձել է նաեւ որպես Եղեռնի ցավին ծանոթ մեկը: Ինքս միշտ ասել եմ, որ ներկայացման մեջ Եղեռնի կոնտեքստն եմ տեսնում եւ ես այդ տրամաբանությամբ եմ խաղալու:
Ներկայացման մեջ առկա է նաեւ այն մեսիջը, որ մարդկանց չի կարելի դնել այնպիսի իրադրության մեջ, որը նկարագրվում է: Նույնն այսօր Հայաստանում է. մարդկանց չի կարելի դնել սոցիալական այնպիսի ծանր պայմանների մեջ, որ մարդը մարդու վրա կացին բարձրացնի: Ես ուզում եմ, որ հանդիսատեսը գա ու տեսնի, որ մարդուն չի կարելի գիշատիչ դարձնել:
Աննա Բաբաջանյան