Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն տեղյակ է, թե ուր են անհետացել ՀԷՑ-ի փողերը, այլև գործուն մասնակցություն է ունեցել այդ գործընթացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի էներգետիկայի ոլորտի պատասխանատուները մեկը մյուսի ետեւից հաստատում են, որ առաջիկայում սպառողներին մատակարարվող էլէներգիայի սակագինը կարող է բարձրանալ: Իսկ ամենակարեւորն այն է, որ Հայաստանի պաշտոնյաները, ովքեր պատասխանատու են սպառողների շահերի պաշտպանության համար, ոչ միայն չեն խոստանում նման հեռանկարը կանխել, այլեւ ընդհակառակը իրենք են շտապում արդարացնել էլէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը գրեթե միաբերան առաջ են քաշում այն մոտեցումը, թե իբր դոլար-դրամի փոխարժեքի կտրուկ տատանումի արդյունքում էներգետիկայի ոլորտում խնդիրներ են առաջացել, թե իբր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունն անցած տարվա նոյեմբերից մեծ վնասներով է աշխատում:

Իսկ ինչո՞ւ է ՀԷՑ-ը վնասներով աշխատում: Այս հարցը Հայաստանի պաշտոնյաները երբեւէ չեն դիտարկել, եւ առկա կարծիքները վկայում են, որ չեն էլ պատրաստվում անել: Ավելին՝ այս տարվա սկզբին, երբ խորհրդարանում քննարկվում էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2015 թվականի գործունեության ծրագիրը, պարզվեց, որ ՀԷՑ-ը անցած երկու-երեք տարիներին մոտ 300 միլիոն դոլարի պարտք է կուտակել, ավելին՝ ընկերությունն այնպիսի վիճակում է հայտնվել, որ չի կարողանում ժամանակին վճարել փոքր ՀԷԿ-երի մատակարարած էլէներգիայի դիմաց: Այս փաստը եւս Հայաստանի պաշտոնյաների կողմից անտարբերության մատնվեց:

Ինչպես հայտնի է՝ ՀԷՑ-ի սեփականատերը ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունն է: ՀԷՑ-ի տնօրինությունը նշանակվում է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի կողմից, հենց այս ընկերությունն էլ վերահսկում է իր նշանակած կառավարիչների գործունեությունը: Այլ կերպ ասած՝ եթե «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը ՀԷՑ-ի տնօրինությանը պաշտոնանկ չի անում եւ նրանց պատասխանատվության չի ենթարկում, ապա կարելի է կարծել, որ նրանց գործունեությունն իրեն բավարարում է: Այլ կերպ ասած՝ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին չի մտահոգում այն փաստը, որ ՀԷՑ-ը շուրջ 300 միլիոն դոլարի պարտք է կուտակել:

Իսկ ինչու է այս խնդրի նկատմամբ անտարբեր հայկական կողմը: Ավելին՝ այդ պարտքը մեկ օրում կամ մեկ տարում չի կուտակվել, ինչպե՞ս է ստացվել, որ Հայաստանի էներգետիկայի ոլորտի համար պատասխանատու պաշտոնյաներն իրենց լիազորությունների շրջանակներում չեն միջամտել եւ չեն փորձել կանխել ՀԷՑ-ի «անկումը»: Այս տեսանկյունից թերեւս տեղին է վերհիշել դեռեւս 2012-ին տարածված այն լուրերը, ըստ որոնց, այդ տարի տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ իշխանությունները ոչ միայն Հայաստանի օլիգարխներին են ստիպում «մուծվել», այլ նաեւ կոմունալ ոլորտները սպասարկող ընկերությունների տնօրինությանը: Այս մոտեցումը հետեւյալ կերպ էր բացատրվում. նշված ընկերությունների տնօրինությունը, ինչպես հայ օլիգարխները, իր բոլոր «գործերից» Հայաստանի ղեկավարությանը մաս է հանում:

Սակայն ընտրությունների շրջանում նրանցից պահանջում են սովորականից երբեմն կրկնակի կամ եռակի անգամ ավել վճարել: Ըստ այդ լուրերի՝ մասնավորապես ՀԷՑ-ի տնօրինությունը 2012-ի ԱԺ եւ 2013 թվականի նախագահական ընտրություններում մի քանի տասնյակ միլիոն դոլար է «ներդրել»: Այլ կերպ ասած՝ Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն տեղյակ է, թե ուր են անհետացել ՀԷՑ-ի փողերը, այլ նաեւ գործուն մասնակցություն է ունեցել այդ գործընթացում: Հենց այս փաստն է նաեւ պատճառը, որ Հայաստանի ղեկավարությունն ամեն կերպ անտարբերության է մատնում ՀԷՑ-ի ֆինանսական ծանր կացության պատճառների մասին հանրությանը բացատրություն տալու մասին բոլոր հայտարարություններին: Այսինքն՝ Հայաստանի ներկա ղեկավարությունը քանի դեռ իշխանություն ունի, նույն մեխանիզմն անընդհատ գործելու է, իրենք գումարները մսխելու են ռուսների կամ մեկ ուրիշի հետ, իսկ Հայաստանի քաղաքացին դրա համար վճարելու է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս