Միով բանիվ՝ «խառը կանաչի» սահմանագոտու եթերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ երկու ամիս է, ինչ մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը եթեր դուրս չի գալիս: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դրա պատճառը հեռուստաընկերության ունեցած պարտքերն են: Նախկինում նշված հեռուստաընկերության փայատերերից էր Տավուշի մարզպետ, այժմ քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանը:

Տվյալներ կան, որ հեռուստաընկերության հիմնական սեփականատերը փոխվել է, իսկ նոր սեփականատերը նախկին տերերից պահանջել է մարել առկա պարտքերը: Իհարկե, «Տավուշը» մարզային հեռուստաընկերություն կարելի էր անվանել վերապահումով, քանի որ դրա հաղորդումները չէին սփռվում մարզի գյուղերի զգալի մասում, Բերդի տարածաշրջանի ողջ տարածքում:

Նշենք, որ «Տավուշ» հեռուստաընկերությունը ստեղծվել է Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերության տեխնիկական հենքի վրա, այդ հեռուստաընկերության շենքում էին պատրաստվում «Տավուշի» ոչ բազմաբնույթ հաղորդումները, դրանց վերահեռարձակումը մարզի Իջեւանի եւ Դիլիջանի տարածաշրջաններ իրականացվում էր Նոյեմբերյանից:

Այժմ՝ մի քանի տարվա ընդմիջումից հետո, եթեր է վերադարձել «Քամուտ» հեռուստաընկերությունը: Նոյեմբերյանի տարածաշրջանի բազմաթիվ բնակիչներ դժգոհում են, որ ամեն օր այդ հեռուստաընկերությունը շուրջ մեկ ժամ եթեր է հեռարձակում կրոնական «Հայտնություն» հաղորդաշարի հերթական թողարկումը:

Մինչ այդ, ամիսներ շարունակ, «Հայտնությունը» հեռարձակվում էր «Տավուշ» հեռուստաընկերությամբ: ԱՄՆ-ում պատրաստված, բողոքական եկեղեցու այդ քարոզչական ծրագիրը ինչքանո՞վ է համահունչ նոյեմբերյանցիների հոգեւոր պահանջներին: Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչները կարիք ունեն հրատապ լրատվության, սահմանագոտու իրավիճակի, բնակչության համար կարեւոր խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ տեղեկատվության, որը, սակայն, շատ քիչ է «Քամուտի» եթերում:

Գրեթե ամեն օր «Քամուտի» հեռուստադիտողները հետեւում են երկրի թիվ 1 շոուին՝ «Կիսաբաց պատուհաններին»՝ լսելով սրտակեղեք պատմություններ կյանքի հատակում հայտնված ընտանիքների, ամուսիններին դավաճանած կանանց եւ այլնի մասին: «Քամուտի» երեկոյան եթերի մնացած մասը զբաղեցնում է դաշնակցական «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը:

Միով բանիվ՝ «խառը կանաչի» սահմանագոտու եթերում: Իսկ թե ուր է նայում Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, հայտնի չէ:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս