Ալավերդցիները դժգոհում են «Շանթ»-ի սերիալից. «Լոռեցի աղջկա» պարզաբանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս «Ֆեյսբուք» սոցցանցում մի խումբ է բացվել` «Ալավերդցիները բողոքում են «Շանթի» նոր սերիալից» անվանումով: Խմբի անդամները կոչ են անում բոլոր ալավերդցիներին բոյկոտել «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Խոպանի տեսություն» նոր սերիալը: «Սերիալում ալավերդցու անվան տակ ներկայացվում է մի աղջիկ, ով սովորելու նպատակով մարզից Երեւան է գնացել: Այն կերպարը, որ մարմնավորում է աղջիկը, հեռու է ալավերդցու կերպարից:

Բացի այդ` սա վիրավորում է ալավերդցիների արժանապատվությունը, քանի որ մեզ ներկայացնում են գյուղատիպ, անճաշակ, միամիտ: Մենք պահանջում ենք, որ սերիալի սցենարիստները, ռեժիսորը անհապաղ դադարեն Ալավերդու անունը օգտագործել իրենց սերիալում: Պահանջում ենք նաեւ, որ «Շանթ» հեռուստաընկերությունը ներողություն խնդրի ալավերդցիներից»,- ասված է խմբի տարածած հայտարարության մեջ:

«Ժողովուրդ»-ը զրուցեց սերիալում լոռեցու դերակատարուհու` Անահիտ Կիրակոսյանի հետ, ով նշեց, որ իրենք խնդիր չունեն որեւէ մեկին ծաղրելու, պարզապես իրենց առջեւ նպատակ են դրել ստեղծել հումորային սիթքոմ. «Նախ` ես մարմնավորում եմ գյուղացի աղջկա, եւ եթե իմ կերպարն իր խոսքում նշել է, թե Ալավերդիում մազերը լավ են սարքում, դա դեռ չի նշանակում, որ ինքն ալավերդցի է: Ինքս անձամբ բնիկ լոռեցի եմ, ծնվել եմ Վանաձորում, եւ ծիծաղելի կլիներ, եթե ծաղրեի ինքս ինձ: Ես հպարտ եմ, որ լոռեցի եմ եւ հարգում եմ լոռեցիներին»,-ասաց նա:

Դերասանուհու խոսքով` կերպարը գրոտեսկային է, համեմված է հումորով, տարօրինակ շարժուձեւով. «Վերցված է կյանքի կերպար, որը չափազանցված է, այն չի կարելի համեմատել իրական լոռեցու կերպարի հետ. սա գեղարվեստական կամ վավերագրական ֆիլմ չէ: Հակառակ դեպքում` մեր սերիալի դեմ կարող են բողոքել, օրինակ, բոլոր սելֆի անող աղջիկները, քանի որ մենք ունենք նաեւ նման գրոտեսկային կերպար: Երբ, օրինակ, «Քաղաքում» սերիալի դերասաններից մեկը մարմնավորում էր Համբարձումին, եւ այդ կերպարը եւս ուներ գրոտեսկային տարրեր, ոչ մի երեւանցի չնեղացավ դրանից: Թող չվիրավորվեն նրանք, ովքեր այդպիսին չեն, ինչո՞ւ են իրենց վրա վերցնում, չեմ հասկանում»,-նշեց Անահիտը:

Դերասանուհին նաեւ հավելեց, որ իր կերպարը շարունակելու է ապրել, ներկայանալ այնպես, ինչպես նախկինում, իսկ ում սերիալը դուր չի գալիս, կարող է պարզապես չդիտել այն:

Աննա Բաբաջանյան

Լուսանկարը` Esem.am-ի




Լրահոս