ԱՅՎԱԶՅԱՆՆ ՕԳՆԵՑ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարբած հանձնաժողովներ, ծեծկռտուքներ, մարդկանց ահաբեկելու եւ ընտրակաշառք բաժանելու բազմաթիվ դեպքեր: Երեկ այսպիսի մթնոլորտում անցան Վրաստանի խորհրդարանական ընտրությունները, որտեղ, այնուամենայնիվ, հաղթեց ընդդիմությունը (իսկ մեծամասնականով՝ իշխանական թեկնածուները):
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին մեր հարեւան Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հիմնական պայքարն ընթանում էր իշխող «Միացյալ ազգային շարժում»  կուսակցության եւ մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլու գլխավորած «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի միջեւ:
Ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում մինչ ընտրությունների օրը իրավիճակը բավական լարված էր: Նախօրեին Թբիլիսիի կենտրոնում միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի՝ 100 հազար կողմնակիցներով կայացած հանրահավաքը զարմացրել էր միջազգային հանրությանը: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թբիլիսիի Ազատության հրապարակը ամբողջովին լեցուն է եղել. նույնիսկ նոր ժամանողները ստիպված են եղել հավաքվել ամբողջովին փակ Ռուսթավելու պողոտայում:
Ընդդիմադիր առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին խորհրդարանական ընտրություններում Միխայիլ Սահակաշվիլու «քրեական ռեժիմի դեմ հաղթանակը» համարել է անխուսափելի, իսկ նախագահ Սահակաշվիլին ընտրողներին կոչ է արել քվեարկել «սառը գլխով»:
Չնայած առաջնորդների կոչերին եւ հայտարարություններին, այնուամենայնիվ, արձանագրված դեպքերը վկայում են, որ վրացական հանրությունն էլ դեռ հեռու է գիտակցված ընտրություն կատարելուց: Վաղ առավոտից ինչպես վրացական, այնպես էլ միջազգային մի շարք լրատվամիջոցներ արձագանքեցին մի շարք ընտրախախտումների եւ ընտրակաշառքների դեպքերի մասին: «Ժողովուրդ»-ը տեղեկություններ ստացավ, որ այս ամենի մեջ ներքաշվել են նաեւ մի շարք հայ ուսանողներ, որոնց խոստացել էին ընդհուպ մինչեւ 600 ԱՄՆ դոլար ընտրակաշառք եւ անվճար փոխադրամիջոց:
Ստեղծված իրավիճակը մեկնաբանելու խնդրանքով «Ժողովուրդ»-ը զրուցեց Վրաստանի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Նորիկ Կարապետյանի հետ: «Աննորմալ երեւույթներ են կատարվում: Սարսափելի է, սա վիճակ չէ-նկարագրեց ընդդիմության թեկնածուն՝  շարունակելով,-առավոտյան կարծես թե ամեն ինչ լավ էր, բայց հետո սկսեցին: Ոստիկանությունն է ներխուժում, մարդկանց ահաբեկում, կրկնակի քվեարկություն է գնում: Ընտրատեղամասեր են եղել, որտեղ քաղաքացիներն առանց անձնագրի են քվեարկել»:
Նրա խոսքով՝ Վաչյան գյուղում իշխանության ներկայացուցիչները հարբած են եղել. «Մենք դրա վերաբերյալ արձանագրություն ենք կազմել: Ամենաահավորն այն է, որ ընտրատարածքը չի փակվել, իսկ ընտրություններն այդ ընտրատարածքում շարունակվել են»: Ինչպես պարզաբանեց ընդդիմության թեկնածուն, Արագա գյուղում ծեծել են իրենց վստահված անձանց. «Երկու աղջիկ էլ ընտրակաշառք են բաժանել եւ երբ տեսել են ընդդիմության ներկայացուցիչներին, փախել են: Մարդկանց տներն են մտնում, ահաբեկում են՝ ասելով, թե Սահակաշվիլու մարդուն չընտրեք, ձեզ կնստացնենք: Ես վախենալու ոչինչ չունեմ եւ ձեզ ճիշտ բաներ եմ ասում»:
Նորիկ Կարապետյանը նաեւ նշեց, որ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը աշխատում է Սահակաշվիլու համար. «Այվազյանն իր հայրենի գյուղում հսկայական բիզնեսներ ունի, եւ ջիփերով եկել են ու ամեն ինչ անում են՝ Սահակաշվիլու կուսակցությունը հաղթի»: «Ժողովուրդ»-ը փորձեց Վ. Այվազյանից մեկնաբանություններ ստանալ, բայց նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: 

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս