Ինչո՞ւ էին սատկում խոզերն ու մեղուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Դիտավան գյուղի ֆերմեր, Հայաստանի հանրային խորհրդի գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովի անդամ Արշակ Սարիբեկյանը 2013թ. նոյեմբերի 29-ին նամակ է գրել ՀՀ վարչապետին եւ գյուղատնտեսության նախարարին` հայտնելով, որ գյուղնախարարության կողմից վնասատուների դեմ ուղղաթիռներով կատարված քիմիական պայքարի հետեւանքով Տավուշի մարզում ոչնչացել են բազմաթիվ խոզեր եւ մեղվաընտանիքներ:

Սարիբեկյանը հայտնել է, որ քիմիական պայքարի հետեւանքով վարակվել է անտառի կաղինը, որով սնված բազմաթիվ խոզերի անկում է եղել: Մեղուներն էլ թունաքիմիկատներով վարակված ծառերից, ծաղիկներից նեկտար վերցնելով՝ ոչնչացել են: Ա. Սարիբեկյանը նամակում առաջարկել է Տավուշի մարզում վնասատուների դեմ քիմիական պայքար չիրականացնել, դրա համար պետական բյուջեից հատկացված 30 միլիոն դրամն ուղղել սահմանամերձ գյուղերի համար հացահատիկահավաք կոմբայն կամ արժեքավոր ծառատեսակների տնկիներ գնելուն:

2013թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը Ա. Սարիբեկյանին պատասխան նամակ է ուղարկել, որում հայտնել է, որ գյուղատնտեսության նախարարությունը բույսերի պաշտպանության ծրագրի շրջանակներում 2009թ. հունիսի 16-19-ը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւանի եւ Սեւքարի անտառտնտեսությունների 2200 հա անտառային տարածքում ավիացիոն պայքար է իրականացրել, որի ընթացքում օգտագործված նյութերը կենդանիների եւ թռչունների համար անվնաս են, իսկ «մեղուների համար, եթե դրանք ուղիղ շփման մեջ չեն մտնում, նույնպես վտանգ չեն ներկայացնում»:

Նամակում նշվում է նաեւ, որ Իջեւանի եւ Սեւքարի անտառտնտեսությունները զանգվածային լրատվամիջոցներով՝ հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, այդ տարածքի բնակիչներին ավիացիոն պայքարի գործողությունների եւ ժամկետների մասին իրազեկել են: Ա. Սարիբեկյանը զարմացած է, թե հունիսին՝ մեղվի զարգացման բուռն ժամանակաշրջանում, մեղուներն ինչպե՞ս կարող էին անմիջական շփման մեջ չմտնել թունաքիմիկատներով վարակված ծառերի եւ ծաղիկների հետ: Ինչ վերաբերում է իրազեկմանը, ապա Տավուշի մարզային հեռուստատեսության սփռման տարածքը չի ներառում մարզի գյուղերը, մարզային ռադիոընկերություն էլ գոյություն չունի, ուրեմն անտառտնտեսություններն ինչպե՞ս են բնակիչներին իրազեկել վնասատուների դեմ քիմիական պայքարի մասին:

Գյուղնախարարի տեղակալի տրամադրած տեղեկատվության մեջ դրականը, թերեւս, միայն այն է, որ հաշվի առնելով մորեխներով տարածքների վարակվածության ցածր աստիճանը՝ 2009 թվականից մինչեւ այժմ Տավուշի մարզում քիմիական ավիացիոն պայքարի միջոցառումներ չեն իրականացվում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս