Երեկ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկներ միության» 30 անդամներ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել բոլոր ազատամարտիկներին մասնակցել ապրիլի 17-ին՝ ժամը 18:30-ին, Ազատության հրապարակում կազմակերպվելիք հանրահավաքին եւ երթին:
Հայտարարությունում մասնավորապես նշված է. «Ցավոք սրտի, խաղաղ ժամանակների հերոսները խանգարում են օրվա իշխանություններին, քանի որ նրանք ստիպում են մարդկանց ազատ մտածել, հասկանալ իրենց էությունը, դադարել վախենալ եւ դրանով խարխլում են հանցավոր իշխանության հիմքերը: Խաղաղ ժամանակների հերոսներին այսօր ահաբեկում են, ենթարկում բռնությունների եւ ազատազրկում քաղաքական դրդապատճառներով: Ապրիլի 7-ին Հայաստանում քաղբանտարկյալների թիվը ավելացավ եւս 5-ով: Անհիմն մեղադրանքներով կալանավորվեցին լեգենդար հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահի տեղակալ, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը, «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Գեւորգ Սաֆարյանը»:
«Կոչ ենք անում բոլոր ազատամարտիկներին, ում համար թանկ է մեր հայրենիքի եւ ժողովրդի ապագան, ովքեր անտարբեր չեն խաղաղ ժամանակի հերոսների ճակատագրով, ում համար թանկ է հայ ֆիդայու պատիվն ու արժանապատվությունը, մասնակցել ս.թ. ապրիլի 17-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակում կազմակերպվող հանրահավաքին եւ երթին»:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ազատամարտիկների հետ՝ պարզելու՝ արդյոք պատրաստվում են ներկա գտնվել հանրահավաք-երթին ու, ընդհանրապես, ինչպես են վերաբերվում ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանի ու նրա ընկերների կալանավորմանը:
ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
-Պարո՛ն Հարությունյան, «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկներ միության» 30 ազատամարտիկներ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել բոլոր ազատամարտիկներին ապրիլի 17-ին լինել Ազատության հրապարակում` պահանջելու ազատ արձակել ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանին եւ նրա ընկերներին: Դուք եւս պատերազմի դաշտ եք գնացել եւ մասնակցել Արցախի ազատության համար պայքարին, չե՞ք հետեւելու ազատամարտիկների կոչին:
-Գիտեք ինչ, Դուք այնպիսի հարց եք տալիս… ես հարգում եմ բոլոր այն ազատամարտիկներին, որոնք պատերազմի դաշտ են գնացել ու կռվել են, բայց ոչ մի ազատամարտիկ իրավունք չունի օրենքից դուրս գալու: Գիտեք ինչ, Հայաստանում կա քննչական կոմիտե, որն այդ հարցը քննում է այժմ: Դուք այնպիսի հարց եք տալիս, որ ես իրավունք չունեմ մտնելու նման տիրույթ ու այդ հարցերին պատասխանելու: Ես չեմ կարծում, որ Ձեր հարցը պետք է ինձ ուղղեք: Այժմ այդ հարցով քննություն է իրականացվում: Ես որեւէ բան չեմ կարող ասել:
-Բայց Դուք կարող եք Ձեր տեսակետը ներկայացնել: Ասացեք խնդրեմ` Դուք ճի՞շտ եք համարում, որ Ժ. Սէֆիլյանին կալանքի տակ են պահում միայն նրա համար, որ նա քննադատում է այս իշխանություններին եւ պայքարում իշխանափոխության համար:
-Ես նորից եմ կրկնում՝ ազատամարտիկը նույն ՀՀ քաղաքացին է, որն իրավունք չունի օրենք խախտել, Դուք ինչու եք առանձնացնում. մարդ է, որը օրենք է խախտել:
-Այսինքն` Դուք կարծում եք, որ Ժիրայր Սէֆիլյանը օրե՞նք է խախտել:
-Իհարկե, խախտել է, եթե չխախտեր, կարո՞ղ է պատահի՝ լիներ բանտում:
-Իսկ մի՞թե նման դեպքերը քիչ են մեր իրականությունում, Սէֆիլյանի ընկերները նրան քաղբանտարկյալ են համարում:
-Դա արդեն քննչական կոմիտեն է որոշում, թե ինչի համար են իրեն կալանավորել, Դուք ասում եք՝ ինքը քաղբանտարկյալ է, բայց քննչական կոմիտեն ասում է, որ ինքը խախտել է ՀՀ օրենքը: Հիմա Դուք եք նման որակում տալիս, նման հայտարարությամբ հանդես գալիս, իսկ իրավապահ մարմինները որոշում են՝ ըստ օրենքի խախտման. իրենք էլ նշում են, որ ինքը օրենք խախտող մարդ է: Ես նորից եմ ասում՝ ոչ ոք իրավուքն չունի ՀՀ օրենքը խախտել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՄԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ՝ ՄԽԻԿ
-Պարո՛ն Մխիթարյան, ինչպես եք վերաբերվում ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանի ու նրա թիմակիցների կալանավորման փաստին: Դուք եւս պատերազմի դաշտ եք գնացել ու գիտեք, թե դա ինչ է նշանակում, ըստ Ձեզ` որքանո՞վ է ճիշտ ազատամարտիկին կալանավորել իր քաղաքական հայացքների համար:
-Ես չեմ ցանկանում որեւէ բան խոսել, ես ուղղակի չէի ցանկանա, որպեսզի մինչեւ ապրիլի 24-ը որեւէ միջոցառում, որեւէ հանրահավաք, երթ տեղի ունենար: Մենք այս օրերին հազարավոր հյուրեր ենք ունենալու, տարբեր երկրներից մարդիկ Հայաստան են գալու՝ իրենց ցավակցությունը հայտնելու տեղի ունեցածի հետ կապված, ու կարծում եմ, որ նման միջոցառումներ այժմ պետք չէ անել: Ես չեմ ընդունում նման բաներ, մինչեւ ապրիլի 24-ը ճիշտ չի լինի: Այսքանը, ես որեւէ այլ բան չեմ ցանկանում ասել:
«Ապարան» ջոկատի հրամանատար ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ
-Պարո՛ն Պետրոսյան, Ժիրայր Սէֆիլյանին եւ նրա ընկերներին ազատ արձակելու պահանջով առաջիկա հանրահավաքին մասնակցելո՞ւ եք:
-Մենք հարցը քննարկել ենք վարչության նիստի ժամանակ ու նշել ենք, որ ճիշտ է` քաղաքական ակցիաներին դեմ ենք եղել մինչեւ ապրիլի 24-ը, բայց քանի որ խոսքը գնում է ոչ միայն ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանին կամ «Հիմանդիր խորհրդարանին», այլեւ ընդհանրապես բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին, մենք հանուն դրա լինելու ենք այդտեղ: Մենք իշխանություններին կոչ ենք անելու, որ 100-ամյակն առանց քաղբանտարկյալների լինի:
ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼ ՈՒ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՐԵԼ Է
«Ժողովուրդ»-ը դեռեւս ապրիլի 8-ին տեղեկացրել էր, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր թեկնածուն է ունենալու, որը լինելու է ԱԺ-ում նրա օգնական, մասնագիտությամբ իրավաբան Վահագն Գեւորգյանը: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Վ. Գեւորգյանի հետ:
-Պարո՛ն Գեւորգյան, չնայած, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների օրը դեռ հայտնի չէ, սակայն արդեն կան մարդիկ, որոնք հայտարարել են իրենց թեկնածությունն առաջադրելու մասին: Ըստ մեր տեղեկությունների՝ Դուք եւս պատրաստվում եք Ձեր թեկնածությունն առաջադրել, այդպե՞ս է:
-Այո՛, ես հաստատում եմ, որ Աբովյանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում առաջադրելու եմ իմ թեկնածությունը:
-Արդյո՞ք ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պաշտպանելու է Ձեր թեկնածությունը:
-Ուրեմն ասեմ այսպես, քանի որ պարոն Ծառուկյանը մտահոգ է Աբովյան քաղաքի խնդիրներով, պարոն Ծառուկյանը Աբովյանից ընտրված պատգամավոր է ու Աբովյանի պատվավոր քաղաքացի, նա ուղղակի հավանություն է տվել իմ թեկնածությանը:
-Այսինքն՝ Ձեր առաջադրման հարցը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկե՞լ եք:
-Իհարկե, ես զրուցել եմ պարոն Ծառուկյանի հետ ու ես իրեն ասել եմ, որ ցանկություն ունեմ, ուզում եմ առաջադրվել, պարոն Ծառուկյանը միայն հավանություն է տվել:
-Տեղեկություններ կան, որ իշխանությունները եւս հավանություն են տվել, որ Գ. Ծառուկյանի «թեկնածուն» առաջադրվի ու հաղթի, արդյո՞ք Ձեր թեկնածությունն արժանացել է նաեւ Սերժ Սարգսյանի «հավանությանը»:
-Ես պարոն նախագահին չեմ հանդիպել ու նման ասեկոսեներին չեմ կարող պատասխանել:
-Իսկ Ձեր հաղթանակը որքանո՞վ եք հավանական համարում:
-Մենք ունենք լավ թիմ, արդեն հանդիպել ենք, ու ազգաբնակչությունն էլ արդեն հավանություն է տվել, մենք էլ պատրաստվում ենք քաղաքակիրթ ընտրությունների: Մենք ընտրությունները կառուցելու ենք այսպես՝ ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի, այլ հանուն լավ նպատակի, հանուն մեր քաղաքի:
-Այսինքն՝ Դուք կարծում եք, որ աբովյանցիների ընտրած թեկնածուն Դուք ե՞ք:
-Այդ ամբողջը ցույց կտա քարոզարշավը, երբ որ պաշտոնապես տրվի մեկնարկը, այդ ժամանակ էլ կտեսնենք:
-Իսկ ո՞ւմ եք Ձեզ մրցակից համարում: Արդեն հայտնի է, որ առաջադրվելու է նաեւ «Կինգ Դե Լյուքս» ընկերության ղեկավար Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, Դուք նրան մրցակից համարո՞ւմ եք:
-Աբովյանում թեկնածուների անուններ ասում են, որոնք մեկ տասնյակից ավել են, բայց երբ կլինեն առաջադրումները, այդ ժամանակ էլ կտեսնենք, ամեն ինչ այդ ժամանակ պարզ կլինի:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԳԵՐՈՒ ՀԵՏՔԵՐՈՎ
Այս տարվա մարտի 22-ին ԼՂՀ զորամասերից մեկից մարտական հենակետը լքած պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի փեսան՝ Արմեն Հարությունյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց, որ աներորդու դիրքի ավագն օրերս այցելել է Գրիգորյանների տուն եւ Անդրանիկի ծնողներին պատմել է, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: «Ասում էր, որ երկու հոգով են պոստը պահել ու մեկ էլ տեսել են, թե ինչպես է Անդոն գնում, կանչել են, կանչել են, թե հետ արի, ու նա չի եկել»,- դիրքի ավագի խոսքերը վերապատմեց Արմեն Հարությունյանը: Ըստ նրա՝ Անդրանիկի ծառայակիցը նաեւ պատմել է, որ դեպքի օրը նրա հետ հերթապահած տղաներին բոլորին տարել են ռազմական ոստիկանություն եւ հարցաքննել` պարզելու համար, թե ինչպես է տեղի ունեցել փախուստը: «Ես փորձեցի տղաների հետ խոսել, բայց ինձ թույլ չտվեցին մոտենալ»,- ասաց Արմեն Հարությունյանը: Վերջինիս խոսքերով՝ վերջերս լրատվամիջոցներում հայտնված լուսանկարը, որտեղ ներկայացվում էր, թե Անդրանիկ Գրիգորյանը նկարվել է ադրբեջանցի պաշտոնյաների հետ, ճիշտ չի ներկայացվում: «Կարմիր խաչի ներկայացուցիչները, երբ եկան Անդրանիկենց տուն, ծնողներին ասեցին, որ կգնան եւ իրենց տղայի հետ կնկարվեն եւ լուսանկարը կբերեն Հայաստան: Երբ հետ վերադարձան, ցույց տվեցին այն լուսանկարը, որը հայտնվել էր համացանցում: Լուսանկարի մարդիկ Կարմիր խաչի ներկայացուցիչներն են եղել»,- պատմեց Արմեն Հարությունյանը:
ԹՈՌՆԵՐԸ ԾԵԾԵԼ ԵՆ ՏԱՏԻՆ
Ապրիլի 14-ին Աջափնյակ վարչական շրջանի Նազարեթյան փողոցի տնակներից մեկի բնակչուհու թոռները դաժան ծեծի են ենթարկել իրենց տատուն: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նշված հատվածի բնակիչներն են ահազանգել ոստիկաններին եւ հայտնել, որ նշված փողոցի Արմենուհին ու Արմենը դաժան ծեծի են ենթարկում իրենց տատիկին` Ալվարդին, եւ իրենց մորաքրոջը: Բակի բնակիչները պատմել են, որ նշված անձինք իրենց տատուն նույնիսկ փայտով են հարվածներ հասցրել, ինչի համար էլ հարեւանները ահազանգել են իրավապահներին:
ՆԱԽԱՐԱՐ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻ ՓՈՂԵՐԸ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն անցած տարվա դրությամբ ունեցել 19 մլն 463 հազար 52 դրամի եկամուտ: Պաշտոնական փաստաթղթում էկոնոմիկայի նախարարի եկամուտներից, որպես աշխատավարձ, ներկայացված են երեք առանձին գումարներ՝ 843 հազար, 903 հազար եւ 4 մլն 382 հազար դրամ: Բացի այդ՝ նա 12 մլն դրամ փոխառություն, կամ այլ կերպ ասած՝ վարկ է վերցրել: Բացի այդ՝ Կարեն Ճշմարիտյանն անցած տարվա վերջի դրությամբ ունեցել է 1 մլն 570 հազար դրամ, 1300 դոլար եւ 35 հազ. 500 եվրո դրամական միջոցներ: