Արդեն մեկ ամիս է անցել այն օրից, ինչ Սերժ Սարգսյանը հաստատեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, որից հետո ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած հանձնաժողովի կողմից բուն տեքստը մշակելու գործընթացն այլեւս պաշտոնապես արտոնվեց:
Սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումները հիմնականում մեկ խնդրի շուրջ են ընթանում` ինչ կառավարման համակարգ պետք է ունենա Հայաստանը. պիտի շարունակի մնալ կիսանախագահակա՞ն, թե՞ դառնա խորհրդարանական կառավարմամբ երկիր: Եւ այս քննարկումների մեջ հետաքրքիր առանձնահատկություն կա: Խորհրդարանական կառավարման համակարգին հիմնական դեմ արտահայտվողներ քաղաքական ուժերը մեկ ընդհանրություն ունեն` նրանք բոլորը պրոռուսական քաղաքական ուժերն են: Իհարկե, այնպես չէ, որ Սերժ Սարգսյանն էլ արեւմտյան արժեքների կողմնակից է, սակայն կարեւոր է հիշել, թե երբ նա հայտարարեց սահմանադրական փոփոխություններ անելու մտադրության մասին՝ 2013-ի սեպտեմբերի 3-ին ԵՏՄ պայմանագիրը ստորագրելուց մեկ օր հետո: Քաղաքական շրջանակներում լուրեր տարածվեցին, որ նա այդ քայլն անում է, քանի որ եվրոպացիներին խոստացել է: Այսինքն՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու որոշումից հետո Սերժ Սարգսյանը եվրոպացիների բարեհաճությունը պահպանելու համար խոստացել է, որ սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնի: Ըստ խոստման, Հայաստանը պետք է անցում կատարի խորհրդարանական կառավարման համակարգին, ինչպես նաեւ բարելավի մարդու իրավունքների սահմանադրական պաշտպանության հարցը:
Խորհրդարանական կառավարման համակարգով Հայաստանն արեւմուտքին ավելի ձեռնտու է այն պարզ պատճառով, որ այդ դեպքում հնարավոր է ստեղծվի այնպիսի վիճակ, որտեղ երկրի կառավարման ղեկն ամբողջությամբ մեկ անձի ձեռքում չի լինի: Այսինքն՝ եվրոպացիները շատ լավ հասկացել են, որ եթե Հայաստանում խորհրդարանական կառավարման մոդել գործի, ապա որեւէ քաղաքական ուժ, այդ թվում նաեւ իշխող ՀՀԿ-ին, նույնիսկ կեղծիքներով չի կարողանա միանձնյա իշխանություն ունենալ, եւ կոալիցիա կձեւավորվի: Իսկ կոալիցիայի դեպքում երկրի իշխանությունն ամբողջությամբ մեկ անձի ձեռքում չի լինի, այլ մի քանի մասի բաժանված կլինի:
Հենց վերը բերված գործոնների պատճառով էլ ենթադրվում է, որ Ռուսաստանի ղեկավարությունը դեմ կլինի, որ Հայաստանն անցնի կառավարման խորհրդարանական մոդելին: Ռուսների համար ավելի հեշտ է Հայաստանը վերահսկել կառավարման կիսանախագահական մոդելի պայմաններում, որտեղ իշխանությունն ամբողջությամբ կենտրոնացած է մեկ մարդու ձեռքում: Նման պայմաններում ռուսներին մնում է ապահովել, որպեսզի այդ մեկ անձը լինի ընտրությունների կեղծման ճանապարհով իշխանության հասած իրենց դրածոն, որպեսզի հնարավոր «վտանգները» հեշտ չեզոքացվեն:
Ու թերեւս այդ պատճառով է, որ մինչ օրս Ռուսաստանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր տեսակետն արտահայտում է առայժմ մի քանի քաղաքական ուժերի եւ Ռոբերտ Քոչարյանի շուրթերով: Ակնհայտ է, որ երբ արդեն խնդիրը լրջանա, եւ գա վերջնական որոշում կայացնելու պահը, Ռուսաստանը ստիպված է լինելու ինչ-որ ձեւով միջամտել: Բայց անհասկանալի է, թե Ռուսաստանի ղեկավարությունն ինչպես է դա անելու: Սահմանադրական փոփոխությունները եվրոպական ասոցացման պայմանագիր ստորագրել չէ, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր մոտ կանչի Սերժ Սարգսյանին եւ նրանից պահանջի այդ ճանապարհով չգնալ: ՌԴ ղեկավարության կողմից Սերժ Սարգսյանին կառավարման համակարգ պարտադրելը նույնն է, թե նրան ասեն՝ այլեւս մուգ կոստյումով մոտներս չգաս, այսինքն՝ առավել քան նվաստացուցիչ կլինի: Բայց մյուս կողմից էլ կասկածից վեր է, որ ինչպես ասոցացման պայմանագրի դեպքում, ռուսները վերջին պահին անպայման միջամտելու եւ իրենց կամքը թելադրելու են, ուստի հետաքրքիր է, թե ինչպես են դա անելու, եւ ինչպե՞ս է դիմադրելու Սերժ Սարգսյանը: Գուցե նա այդ հարցով պայմանավորվածություն արդե՞ն ունի ՌԴ-ի հետ, որ համարձակ քայլեր է անում: Ի վերջո, այս տարբերակն էլ չպետք է բացառել:
Բայց ամեն դեպքում, թերեւս պետք է արձանագրել, որ այսօրվա Հայաստանում ամենամեծ խնդիրը հաստատ Սահմանադրության փոփոխությունը չէ, որ պետք է լուծել: Երկիրն ենք կորցնում, Հայաստանը հայաթափվում է:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԿԳՆԱՆ ԵԽԽՎ ՆԻՍՏԻՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ամենայն հավանականությամբ ինքը ապրիլի 20-ից 24-ին կմասնակցի ԵԽԽՎ նստաշրջանին: Նա նախատեսում է ԵԽԽՎ նիստի ժամանակ հանդես գալ Հայոց ցեղասպանության մասին ելույթով: ԲՀԿ առաջնորդը նշեց, որ ԵԽԽՎ նստաշրջանին կմասնակցի նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանը: Հիշեցնենք, որ Վահան Բաբայանը ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ չէր, վերջերս է ընդգրկվել, քանի որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը հրաժարվեց լինել պատվիրակության կազմում: Մեր տեղեկություններով՝ ԱԺ մյուս խմբակցությունները եւս որոշել են մասնակցել ԵԽԽՎ նիստին, չնայած այն բանին, որ այդ դեպքում ստիպված են լինելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը Հայաստանից բացակայել:
ԱՆՎՃԱՐ ՏԵՂԵՐԻ ԹԻՎԸ
ՀՀ Կառավարության այսօր կայանալիք նիստում պետք է հաստատվի 2015-2016 ուսումնական տարվա բարձրագույն կրթության պետպատվերի տեղերի քանակը եւ բաշխման ցանկը: Ըստ այդմ, տեղեկանում ենք, որ պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ եւ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով (անվճար) տեղերի ընդհանուր քանակը լինելու է 2 հազ. 103, իսկ առանց պետբյուջեից ֆինանսավորման պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով տեղերը կլինեն 137-ը, ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, բայց առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի տեղերը` 258, եւ 19 հազար տեղ` ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ առանց տարկետման իրավունքի: Ի դեպ, տարկետման իրավունքով անվճար տեղերից 1582-ը բաժին է հասնելու ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ենթակայության ԲՈՒՀ-երին, կամ այլ կերպ ասած՝ պետական ԲՈՒՀ-երին:
ՊՈՒՏԻՆԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ ԵՆ
2014թ. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաստակել է 7.654 միլիոն ռուբլի, ինչը 112.6 % ավելի շատ է, քան 1 տարի առաջ էր, երբ երկրի ղեկավարը վաստակել է 3.6 միլիոն ռուբլի: Այս մասին է վկայում Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունը: Այսպիսով՝ Պուտինի ամենամսյա եկամուտն անցած տարի կազմել է 637.8 հազար ռուբլի: Ենթադրվում է, որ 2015թ. նախագահի եկամուտները կկրճատվեն, քանի որ մարտին նա որոշում է ընդունել կրճատել իր աշխատավարձը 10%-ով: Նախագահն ունի հողատարածք, ավտոտնակ, ինչպես նաեւ` բնակարան: Իսկ շարժական գույքից ունի ԳԱԶ M-21, ԳԱԶ M-21-P, «Նիվա» ու ավտոմեքենայի համար «Սկիֆ» կցասայլակ:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԿՄՆԱ ԱՐՑԱԽՈՒՄ
Ապրիլի 24-ին Արցախում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնցով պայմանավորված ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, հնարավոր է, ներկա չգտնվի Երեւանում: Armlur.am-ի հետ զրույցում Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել է. «Միջոցառումները շատ են լինելու, ողջ Արցախի ժողովուրդն է մասնակցելու այդ միջոցառումներին, եւ հնարավոր է, որ նախագահը գտնվի ժողովրդի կողքին»:
10 ՕՐՈՎ ԿՀԻՇԵՑՆԵՆ
Դանիական Online Post պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին. «Դանիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը: Երկրի արտգործնախարար Մարթին Լիդգարդը պնդում է, որ «Դանիայի կառավարությունը չի փորձում թաքցնել 1915թ իրադարձությունները, սակայն դրանք ցեղասպանություն պաշտոնապես չի ճանաչում»՝ նշելով, որ այդ իրադարձությունների վերլուծությունը պետք է թողնել պատմաբաններին: Մինչ Դանիայի այս որոշումը Թուրքիայի իշխանությունների կողմից հավանության է արժանանում, Կոպենհագենում Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակին նվիրված հսկայան արձան կանգնեցնողներին սա, անշուշտ, դուր չի գալիս: 9 մետր բարձրություն ունեցող «Երազ» կոչվող արձանը, որը 10 օրով կտեղադրվի Կոպենհագենի Կուլտորվետ հրապակարում, Թուրքիայի դժգոհությունն է հարուցել»:
ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը:
Դեսպան Միլսը նշել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է գյուղատնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության ոլորտներում, ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական արժեքների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը: Նա նաեւ հայտնել է, որ պայմանավորված միջազգային տարբեր հիմնախնդիրներով՝ ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել կրճատել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում իրականացվող որոշ ծրագրերի ֆինանսավորումը` ընդգծելով, որ դա որեւէ կերպ պայմանավորված չէ համատեղ ծրագրերի արդյունավետությամբ կամ հայ-ամերիկյան ամուր հարաբերություններով:
ՄԵԿՕՐՅԱ ԱՅՑՈՎ
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ մասնակցել է «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովին եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:
ԵԶԴԻՆԵՐԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքին Մալաքե Թաուսի կապակցությամբ: «Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ: Անցնող տարին ծանր եղավ Մերձավոր Արեւելքում բնակվող բազում եզդիների համար, եւ փորձություններն այժմ էլ շարունակվում են: Վստա՛հ եղեք, որ մենք ձեր կողքին ենք այս բարդ իրավիճակում, եւ կարող եք ակնկալել մեր հետագա աջակցությունը: Ամենայն բարիք ձեզ, սիրելի՛ եզդի հայրենակիցներ»,-ասված է Սարգսյանի ուղերձում: