ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓՈՂ ԵՆ ՔԱՄՈՒՄ
««Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հ/կ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը երեկ լրագրողներին հայտնել է, որ Երեւանում տեղակայված արագաչափերը սերտիֆիկացված չեն: Նրա տեղեկացմամբ՝ արագաչափերն արտադրված են Գերմանիայում՝ «Ջենոոփթիք ռոբոտ» ընկերության կողմից, մոդելն է MR S580: «Այսինքն՝ սրանք մուլտիռադարներ են, սակայն լավագույն մոդելը չեն, քանի որ անճշտության մակարդակը 3 կմ/ժամ է: Սա նշանակում է, որ վարորդը կարող է ենթարկվել պատասխանատվության արագության վերազանցում թույլ չտալու պարագայում: Օրինակ՝ մեքենան ընթանում է 78 կմ/ժամ արագությամբ, բայց վարորդին արագաչափի ցուցմունքի հիման վրա տուգանում են 80 կմ/ժամը գերազանցելու համար»,-մանրամասնել է  Հովհաննիսյանը:

ԱՌԱՆՑ ՏՈՒՐՔԻ
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել սիրիահայերի խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն: Վարչապետը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին հանձնարարել է սիրիահայերից ժամանակավորապես չգանձել մաքսատուրք եւ մեքենան Հայաստանում շահագործելու հնարավորություն ընձեռել առանց տուրքի եւ տուգանքի:

ՆՈՎՈՅԻ ՈՐԴԻՆ ԿԴԱՏՎԻ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդու` Արտակ Գեւորգյանի դեմ հարուցված քրեական գործը օրերս ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ա. Գեւորգյանը շարունակում է մնալ կալանքի տակ: Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:

ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Սուրեն Սուրենյանցն առաջիկայում ստեղծելու է «Նոր աջեր` քաղաքացիների միություն» կուսակցություն, որի նպատակն է միավորել ՀՀ-ում առկա ազատական ուժերը եւ նոր դեմքեր բերել քաղաքական դաշտ: Խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծվող կուսակցությունը նախագահական ընտրություններին կփորձի որոշակի դերակատարություն ունենալ: «Սովորաբար մեզանում սովորություն է դարձել խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կուսակցություններ ձեւավորել դրանց մասնակցելու նպատակով: Բայց ես կարճաժամկետ քաղաքական պրոյեկտներն արդյունավետ չեմ համարում: Կարծում եմ` հենց խորհրդարանական ընտրություններից հետո պիտի կուսակցություն ձեւավորել ու այդ տարիներին պատրաստվել հաջորդ ընտրություններին»,-նշում է  Սուրենյանցը:

ԵՂԵ՞Լ Է, ԹԵ՞ ՈՉ
Երեկ հրավիրած ասուլիսում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ համաձայնություն է ունեցել, որ իր հետ միասին նա եւս պետք է մանդատը վայր դնի, որպեսզի իրենց տեղը զիջեն երիտասարդներին: Սակայն ԱԴԿ-ի մամուլի քարտուղար Անժելա Խաչատրյանը հերքել է Հովհաննիսյանի պնդումը. «Նման պայմանավորվածության մասին խոսք անգամ չի եղել կուսակցությունում»:

ՍԱՖԱՐՈՎԻՆԸ` ԵԽԽՎ-ՈՒՄ

ԵԽԽՎ-ն երեկ որոշել է աշնանային նստաշրջանի օրակարգ մտցնել ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի գործը: Վեհաժողովի՝ հոկտեմբերի 4-ի քննարկումներում նախատեսված «Քննարկում ընթացիկ հարցերի շուրջ» բաժնում հենց այդպես էլ նշված է` «Սաֆարովի գործը»: Այն քննարկելիք 21-րդ օրակարգային հարցն է:




Լրահոս