ԳՅՈՒՄՐԻԻ ԲԿ-ՈՒՄ ԱՐԴԵՆ ԵՐՐՈՐԴ ՄԱՀՆ Է ԱՐՁԱՆԱԳՐՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. մարտի 14-ին Գյումրիի «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոցում մահացել է 6 ամսական Նարե Դավթյանը: Մահացած երեխայի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են բժիշկներին: Ու սա այդ հիվանդանոցում մահացության առաջին դեպքը չէ:

Եվ այսպես, ինչ է կատարվել մարտի 14-ին Գյումրու «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոցում, ինչո՞ւ են մահացած երեխայի հարազատները մեղադրում բժիշկներին, ի՞նչ են պատմում բժիշկները: Այս հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով «Ժողովուրդ»-ը նախ զրուցեց մահացած 6-ամսյա Նարե Դավթյանի հոր՝ Արմեն Դավթյանի հետ: Նա պատմեց, որ առաջին անգամ երեխայի ինքնազգացողությունը վատացել է 2014թ դեկտեմբերին: «Շուտ հասցրել էինք հիվանդանոց, եւ այնտեղ մեզ ասացին, թե իբր լավ չեք խնամել երեխային, կեղտոտություն է եղել, երեխեք շատ եք ունեցել ու այսպիսի բաներ: Իսկ, ահա, վերջնական եզրակացությունը տվեցին, որ աղիքայի վարակ է եղել: Երկրորդ անգամ երեխայի վիճակը վատացավ հունվար ամսին, էլի տարանք, էլի դուրս գրվեց, ամեն ինչ նորմալ էր, եւ, ահա, երրորդ անգամ 2015թ մարտի 14-ին՝ առավոտյան ժամ 9:00 կողմերը, երեխան վատացավ, շտապ հասցրեցի հիվանդանոց, ընդունող բժշկուհուն ընդհանրապես չտեսա: Խոսքը Մարգարիտա Հարությունյանի մասին է: Երեխայի վիճակի հետ կապված զրուցել եմ մեկ այլ բժշկի՝ Արտուշ Սանոսյանի հետ: Նա էլ ասել էր, թե առավոտվա համեմատ երեխայի վիճակը լավ է, ու վտանգավոր բան չկա, ցնցումների մեջ եղել, հետո վիճակը կարգավորել են»:
Մահացած երեխայի հոր խոսքերով` այս ամենից հետո երեխայի մորը՝ Վեսմիրային, թույլ են տալիս մտնել վերակենդանացման բաժանմունք. «Կինս այնտեղ տեսնելով, որ երեխային ապարատներ են միացրել, բժշկին հարցրել է՝ կարո՞ղ է երեխայի մոտ լուրջ բան կա, ինչո՞ւ են այսքան ապարատ միացրել: Բժիշկ Սանոսյանը կնոջս պատասխանել է, թե այս անգամ ավելի քիչ ապարատներ են երեխային միացրել: Ավելին՝ հավելել է, թե ժամանակին եք բերել, եւ հնարավոր է հիվանդության դեմն առնել: Ու այդպես մենք եկանք տուն: Ավելի ուշ գյուղի բնակիչների միջոցով ժամը 16:00-ի սահմաններում մեզ ասացին, թե հիվանդանոցից կանչում են: Գնացինք, իմացանք, որ երեխաս չկա»:
Ըստ մեր զրուցակցի՝ եթե բժշիկները մատների արանքով չնայեին, ապա այս վիճակը չէր լինի, եւ երեխան իրենց կողքին կլիներ. «Մեկը մեկի վրա է քցում, թե սա է եղել, սա են ասել: Ես չեմ լռի, այսօր իմ 6 երեխաներին վերցնելու եմ, գամ Կառավարության դիմաց, թող ինձ պատասխան տան, իմ ջիգյարն եմ կորցրել: Պետք լինի արտաշիրիմում, կանեմ, թող տեսնեն, թե ինչու այսպես եղավ»:
Նկատենք, որ այս դեպքից հետո զարմանալի զուգադիպությամբ թե միտումնավոր 6 ամսական Նարեին ընդունած բժիշկ Մարգարիտա Հարությունյանը արձակուրդի է մեկնել: Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Մարգարիտա Հարությունյանի հետ: Նրա վստահեցմամբ՝ իր արձակուրդ գնալը որեւէ կերպ պայմանավորված չէ տեղի ունեցածով. «Ապրիլի 13-ից եմ արձակուրդի գնացել, իմ արձակուրդն է, եւ երբ ցանկանամ, կարող եմ վերցնել: Ավելին՝ կարող եմ ասել, թե ինչու եմ վերցրել արձակուրդս հիմա: Հանգստյան տանը երկու շաբաթ առաջ արդեն տեղ էի պատվիրել… հեռախոսով չեմ ցանկանում այլ բան խոսել»:
Երբ հետաքրքրվեցինք, թե որտեղ է հիմա նա, մենք պատրաստ ենք նրա հետ հանդիպել, Հարությունյանը պատասխանեց. «Հիմա իմ հանգիստն է, իրավունք ունեմ հանգստանալու եւ չեմ պատրաստվում որեւէ բան մեկնաբանել, միայն կարող եմ ասել, որ գոյություն ունի փաստաթուղթ, գոյություն ունի մահվան եզրակացություն, ես ինձ մեղավոր չեմ համարում, իմ գործը հստակ եմ արել եւ չեմ ուզում իմ հանգիստը խաթարել անիմաստ պատճառով»:
Ահա, այսպես Հիպոկրատի երդում տված տիկինը անիմաստ բան է համարում երեխայի մահը: Ինչ արած, մեզ մնում է հիշեցնել, որ սա առաջին նման դեպքը չէ, որն արձանագրվել է նշված բուժհաստատությունում: 2014թ մայիսի 29-ին Գյումրու «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում 3-րդ երեխան ծննդաբերելիս մահացել էր 1975 թվականին ծնված Կարինե Պապանյանը: Կատարվածի մեջ մահացած կնոջ հարազատները մեղադրում էին բժիշկներին: Ու այդ դեպքից երկու ամիս անց նույն հիվանդանոցում մահացել էր Շիրակի մարզի Արեւիկ համայնքի բնակիչ 4-ամյա Սուրեն Պողիկյանը: Երկու դեպքերից էլ հայրենի իրավապահները տեղյակ էին. նույնիսկ քրեական գործ հարուցվեց: Սակայն մինչ օրս որեւէ մեկը չի ենթարկվել պատասխանատվության: Ու չի բացառվում, որ եթե լիներ այդ պատասխանատվությունը, հերթական մահվան դեպքը չէր արձանագրվի հիվանդանոցում, առավել զգոն կլինեին մարդու կյանքի համար պատասխանատվություն ստանձնած բժիշկները:
Տեղեկացնենք, որ նշված բժշկական կենտրոնը գտնվում է Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության ենթակայության տակ, եւ այնտեղ առկա անպատասխանատվության մթնոլորտի թիվ մեկ պատասխանատուն Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն է:
Սակայն այս հանգամանքը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին որեւէ կերպ չի ազատում պատասխանատվությունից, քանի որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ Կառավարության քաղաքականությունը: Ավելին՝ նշված հիվանդանոցում 2014թ տեղի ունեցած մահացության դեպքերի առթիվ Արմեն Մուրադյանը հանձնարարել էր ուժեղացված տեսչական հսկողությունը իրականացնել, հայտնաբերված բացթողումներն ու թերացումները դարձնել լուրջ քննարկման առարկա` անհապաղ ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ: Ահա եւ ուժեղացված հսկողության հետեւանքը: Հետեւանքը եղավ 6-ամսյա երեխայի մահը: Ահա թե ինչ քաղաքականություն է մշակում եւ իրականացնում նախարար Արմեն Մուրադյանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 
ԻՋԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ օրեր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է դիմել Իջեւան քաղաքի մի բնակիչ եւ պահանջել, որ հանձաժողովը վերականգնի իր ոտնահարված իրավունքները:

Ինչից է սկսվել կռիվը. Իջեւանի երաժշտական դպրոցի ուսուցիչ Էդգար Ամիրյանը Իջեւան համայնքի ավագանու անդամի թեկնածություն է առաջադրել: Նա իր աշխատավայրի` դպրոցի տնօրեն Աիդա Սարգսյանին դիմում է գրել, որպեսզի իրեն արձակուրդ տրամադրվի, եւ նա կարողանա իր քարոզարշավը հանգիստ իրականացնել: Ըստ մեզ հասած տեղեկությունների` դպրոցի տնօրենը տարբեր պատճառաբանություններ է առաջ քաշել եւ Էդգարին արձակուրդ չի տրամադրել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Էդգար Ամիրյանը հայտնել է, թե դպրոցի տնօրենը դիտավորյալ իրեն արձակուրդ չի տալիս, քանի որ տնօրենի ամուսնու եղբայրը եւս ավագանու թեկնածու է: Ուստի եւ նրանք ամեն ինչ անում են՝ իր քարոզարշավը խոչընդոտելու եւ դրա շնորհիվ դպրոցի տնօրենի եղբորն առաջ տանելու համար: Արդյունքում, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին այլ ելք չի մնացել, քան մարտին Էդգար Ամիրյանի դիմումը վարույթ ընդունել եւ դպրոցի տնօրենին ու ուսուցչին հրավիրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով` հարցը քննարկելու համար:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Իջեւանի երաժշտական դպրոցի տնօրեն Աիդա Սարգսյանի հետ, որը վստահեցրեց, թե ինքը Էդգար Ամիրյանին առաջարկել է արձակուրդ, բայց ոչ նրա ներկայացրած պահանջներին համաձայն:
Ի դեպ, նշենք, որ Իջեւան քաղաքի թիվ 41 ընտրատարածքում, որտեղ ավագանու թեկնածություն է առաջադրել Էդգար Ամիրյանը, հանձնաժողովի նախագահը եղել է հենց Աիդա Սարգսյանը. «Էդգարն իմ բոլոր առաջարկներից հրաժարվեց, ինչ ասեմ, ընտրություններն էլ կայացան, եւ նա չընտրվեց: Ընտրությունն անցել է օրենքի շրջանակում: Մենք չենք խոչընդոտել, ինքներդ կարող եք գալ եւ ստուգել, համոզվել, ես ինձ նման բան թույլ չէի կարող տալ: Ախր երաժշտական դպրոցում Էդգարը շաբաթվա մեջ աշխատանքի է գալիս երկու անգամ եւ նա բավականին ժամանակ ուներ, որ հանգիստ իր քարոզարշավը իրականացներ: Բայց նա իմ առաջարկած բոլոր տարբերակներից հրաժարվեց»: Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք իր տագրն ընտրվեց Իջեւանի ավագանու անդամ, ինչին ի պատասխան՝ Ա. Սարգսյանը հանգիստ տոնով պատասխանեց. «Այո՛, քանի որ նա միշտ մասնակցել է ավագանու ընտրություններին եւ անցել է»:
Ինչեւէ: Փաստն այն է, որ ավագանու անդամին այդպես էլ արձակուրդ չեն տվել` քարոզարշավն անխոչընդոտ իրականացնելու համար, եւ նա չի ընտրվել ավագանու անդամ: Ասել է թե` նրա իրավունքները ոտնահարվել են, եւ այս դեպքում բացառել, որ հակառակ պարագայում նա կարող էր ընտրվել, պարզապես հնարավոր չէ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՉԱՅԿԱՅԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ
Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի առջեւ երեկ մեկ տասնյակ ակտիվիստներ բողոքի ակցիայով ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայից պահանջել են պատասխանել իրեն ուղղված՝ ՀՀ գլխավոր դատախազի նամակին, որով նա խնդրում է Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքով հարուցված քրեական գործի վարույթը փոխանցել ՀՀ իրավապահներին:

 

ԿԱԽՎԱԾ ԵՆ ԳՏԵԼ
Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում նախօրեին, նախնական տվյալներով, ինքնասպանություն է տեղի ունեցել. 67-ամյա Կոլյա Ռոմանովը հայտնաբերվել է իր առանձնատան հարակից կիսաքանդ շինությունում` կախված վիճակում: Ծաղկաձորի քաղաքապետի օգնական Արտաշես Խաչատրյանը Armlur.am-ին հայտնել է, որ Կ. Ռոմանովը մոլոկան էր, ապրում էր միայնակ. «Կինը մեկ տարի առաջ է մահացել: Երեք տղա ունի, երեքն էլ ամուսնացել են, Երեւանում են բնակվում: Իրեն էլ լավ նայում էին, հոգ էին տանում: Որեւէ խնդիր հարազատների կամ ազգականների հետ չուներ: Սոցիալապես ապահովված էր»: Նա նաեւ հայտնել է, որ Ռոմանովը վերջին շրջանում առողջական խնդիրներ ուներ. շագանակագեղձի ուռուցքով էր տառապում: Ըստ Armlur.am-ի տեղեկությունների` ինքնասպանությունից առաջ Ռոմանովը նամակ է թողել, որում գրել է, որ իր քայլի մեջ ոչ մեկի չմեղադրեն: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հանդես է եկել հայտարարությամբ, որով պահանջում է ՀՀ իշխանություններից՝ 1. Անհապաղ ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին։ 2. Կատարել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ս.թ. ապրիլի 24-ին ապահովելու «Հիմնադիր խորհրդարանի» անդամների՝ խաղաղ հավաքների եւ ցույցերի անցկացման սահմանադրական իրավունքի իրացումը:

 

ԹՈՒՐՔԻ ԱԿԱՆՋՆԵՐԸ
Թուրքիան ոչ մի պատճառ չունի ճանաչելու Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում իրականացված Հայոց ցեղասպանությունը, քանի որ «երկրի պատմության մեջ երբեք ոչ մի նման բան չի եղել», այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով երեկ Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման քննարկումները: Մինչ այդ էլ նա ասել էր.«Եթե Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ ընդունի, դա մեր մի ականջից կմտնի, մյուսով դուրս կգա: Քանի որ Թուրքիայի համար հնարավոր չէ ընդունել այդպիսի հանցագործությունը, այդպիսի մեղքը»:




Լրահոս