Արդեն մի քանի օր է, ինչ ակտիվ քննարկվում են աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթի՝ Երեւանի Կարապի լճի մոտ ունեցած անվճար համերգի մանրամասները: Չի մոռացվել նաեւ այն, որ Ուեսթը համերգի ընթացքում մի քանի անգամ դժգոհեց, որ «ինչ-որ բան այն չէ», ըստ երեւույթին խոսքը տեխնիկական խնդիրների մասին էր, որ նրան ստիպեց ընդհատել համերգը:
Քանյե Ուեսթը համարվում է ամենապահանջված արտիստներից մեկը: Նա ամբողջ աշխարհում վաճառել է 21 միլիոն ալբոմ եւ 66 միլիոն թվային սինգլ: Ուեսթը երաժշտարվեստում ամենաբարձր գնահատականին է արժանացել երկու տասնյակ անգամ. նա 21 Գրեմմի մրցանակի դափնեկիր է: Ուեսթը զուգերգեր է կատարել այնպիսի աշխարհահռչակ երգիչ-երաժիշտների հետ, ինչպիսիք են Փոլ Մաքարթնին, Ռիհանան, Ջեյ-զին, Թի-Փեյնը եւ ուրիշներ: Նա նաեւ զբաղվում է պրոդյուսերական աշխատանքով եւ երաժիշտներ է «պատրաստում»՝ միջազգային արենայում հանդես գալու համար: 2012 թվականի ապրիլից նա հանդիպում էր ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ, 2013-ի հունիսին ծնվեց նրանց դուստրը` Նորթ Ուեսթը: Իսկ 2014 թվականի մայիսի 24-ին Ֆլորենցիայում զույգն ամուսնացավ:
Քանյե Ուեսթն ու Քարդաշյան քույրերը ապրիլի 8-13-ը Հայաստանում էին: Ու այդ ընթացքում Ուեսթի երկրպագուներն ամեն ինչ արեցին՝ նամակներով, ակցիաներով՝ խնդրելով մեգաաստղին համերգ տալ Երեւանում: Այդ օրերին Change.org կայքում ստորագրահավաք սկսվեց Քանյե Ուեսթի համերգի պահանջով: Ավելի ուշ, Change.org-ի թիմը եւ Քանյե Ուեսթի` Երեւանում համերգով հանդես գալու խնդրագրի հեղինակ Վրեժ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք լուսաբանել էին Ուեսթի երկրպագուների խնդրանքը: Թվում էր, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը պետք է ոտ ու ձեռք ընկած պատրաստվեին այդ մեծության աստղի համերգին: Ընդ որում, նրանք պարտավոր էին պատրաստվել այդ համերգին՝ առանց հավաստիանալու՝ կկայանա՞ այն, թե՞ ոչ: Քանի որ այդ մակարդակի երաժիշտ Հայաստան տասը տարին մեկ կարող է հյուր գալ, եւ նրա համերգի տապալումն ուղղակի ամոթ էր: Բայց ոչ, Երեւանի քաղաքապետարանում իրադարձություններին անհաղորդ նստած էին համակարգչի առջեւ եւ հրճվում էին Քարդաշյանի այցով՝ մոռանալով իրենց բուն պարտականությունների մասին:
Ի վերջո, Քանյե Ուեսթը, ինչպես եւ սպասվում էր, հանկարծ որոշում կայացրեց ապրիլի 12-ի գիշերը Երեւանում հանդես գալ համերգով: Հայ հանրությունը կեսգիշերից 10-15 րոպե առաջ տեղեկացավ Կարապի լճի մոտ կայանալիք համերգի մասին, բայց այն էլի մարդաշատ անցավ: Եւ այստեղ քաղաքապետարանն անակնկալի եկավ: Ճիշտ այնպես, ինչպես անակնկալի է գալիս, օրինակ, ձմռանը, երբ ձյուն է տեղում, ու քաղաքի երթեւեկությունը կաթվածահար է լինում:
Այս իրավիճակում համերգը կայացավ, ու, բնականաբար, Ուեսթը հրաշալի տպավորություններ թողեց իր հայաստանցի երկրպագուների մոտ: Բայց այդ ընթացքում PR-շիկները չմոռացան Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի «գովազդն անել» եւ համերգի բացման ժամանակ հայտարարվեց, թե շնորհակալություն պետք է հայտնել Երեւանի քաղաքապետին՝ համերգը կազմակերպելու համար: Մինչդեռ անգամ համերգի տեսագրությունից է պարզ դառնում, որ հանրահայտ ռեփերը դժգոհ է տեխնիկական խնդիրներից: Նա մի քանի անգամ ասաց, թե «ինչ-որ բան այն չէ»: Շատերի մոտ նույնիսկ կարծիք կա, որ ռեփերը նետվեց Կարապի լիճը՝ տեխնիկական խնդիրների պատճառով առաջացած տհաճ իրավիճակը փրկելու համար: Քանյե Ուեսթն ընդամենը 6 երգ կատարեց, ու մինչ հավաքվածները վանկարկում էին նրա անունը, բարձրախոսով հայտարարվեց, թե համերգն ավարտվել է, եւ երգիչը վաղուց հյուրանոցում է:
Ինչո՞ւ հնարավոր չեղավ պատշաճ համերգ կազմակերպել: Այս հարցի պատասխանը «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել նշված երկու վարչությունների պետերից, սակայն այդ դժվարին գործն իր ուսերին վերցրեց քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվական վարչության պետ Արթուր Գեւորգյանը: «Մենք աջակցել ենք ռեփերի ցանկությանը: Իր ծրագրի մեջ նախապես չի եղել նման համերգ անցկացնելու մտադրություն: Նման համերգները բարձրակարգ կազմակերպելու համար ժամանակ է անհրաժեշտ: Եթե իրենց գալու ժամանակ արդեն իսկ ասված լիներ, որ նմանատիպ ցանկություն կա, ապա համոզված եղեք, որ ամեն ինչը նախապես կարվեր, եւ որեւէ թերացում չէր լինի: Ի դեպ, դժգոհությունների մասով առաջինը լսում եմ ձեզանից: Ո՞վ է խոսել Քանյե Ուեսթի հետ, ո՞ւմ է նա դժգոհել: Ո՞վ է ասել, որ տեխնիկական թերացում է եղել, կամ նա դժգոհել է: Քանյե Ուեսթի պաշտոնական փաստարկը ներկայացրեք»,- մեծ անտեղյակությամբ հետաքրքրվեց Ա. Գեւորգյանը: Մինչդեռ առանձնապես մեծ երաժշտական տաղանդ պետք չէ ունենալ՝ հասկանալու համար, թե տեխնիկապես ինչքան վատ էր կազմակերպված համերգը:
Եւ այս ֆոնին հետաքրքիր է հիշեցնել, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այժմ ունի 7 խորհրդական եւ 4 տեղակալ: Մի՞թե նրանցից որեւէ մեկը չկարողացավ այնպիսի խորհուրդ տալ, որ այսօր հայ հասարակության զգալի մասը անիմաստ չհամարեր Ուեսթի համերգի համար քաղաքապետին շնորհակալություն հայտնելը:
Հիշեցնենք նաեւ, որ անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված Նունե Եսայանի մենահամերգի կազմակերպման համար պետության միջոցներից ծախսվեց 54.7 մլն դրամ (134 հազար ԱՄՆ դոլար): Եւ այն տեխնիկապես հագեցած էր: Հիմա ի՞նչ. ստացվում է, որ Նունեի համար մեր երկրում անհնարինն անգամ հնարավոր է (մեջը փող կա), իսկ որ Քանյե Ուեսթի համերգն անվճար էր, կարելի էր «բեսեդկայի» մակարդակով կազմակերպե՞լ: Համաձայնեք՝ սիրուն չէ, Տարո՛ն:
Հ. Գ. Իսկ ինչ վերաբերում է ՀՀ մշակույթի նախարարին, ապա տիկին Հասմիկ Պողոսյանին վաղուց շատերը մշակույթի նախարար չեն ընդունում: Նա ընդամենը առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ընկերուհին է (ընդ որում, նա հաջողեցնում է նույն ջերմությամբ ընկերություն անել բոլոր ժամանակների առաջին տիկնանց հետ), որն ունի աշխատակազմ, ծառայողական ավտոմեքենա ու Սերժ Սարգսյանի հետ էլ երբեմն շրջագայում է աշխարհով մեկ՝ ՀՀ պետբյուջեի հաշվին: Պողոսյանն ու մշակույթն այնքան անհամատեղելի են, որքան ՀՀԿ տատիկն ու Քիմ Քարդաշյանը:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՊՈՒՏԻՆԸ ԿԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան հնարավոր այցի, Վատիկանում տեղի ունեցած պատարագի մասին Armlur.am-ը զրուցեց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ:
-Պարո՛ն Շիրխանյան, ապրիլի 24-ին ՌԴ պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը կմեկնի Թուրքիա` մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին: ՌԴ-ն համարվում է Հայաստանի դարավոր բարեկամն ու ռազմավարական գործընկերը. այս տեսանկյունից ճի՞շտ է Թուրքիայում նման բարձր մակարդակով ներկայացվածությունը:
-Մենք Թուրքիայի հետ, համենայն դեպս, պատերազմի մեջ չենք: Եվ մեր ռազմավարական դաշնակիցն այստեղ որոշումը կայացրել է` ելնելով նրանից, որ Թուրքիայի հետ ունի լուրջ հարաբերություններ՝ տնտեսական, առաջին հերթին: Եվ եթե որոշել է, որ պետք է ներկա գտնվի այդ միջոցառմանը, ուրեմն դա ելնում է իրենց ազգային շահերից:
-Սակայն դեռեւս պարզ չէ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին կլինի Հայաստանում, թե ոչ:
-Հայտարարություն եղել է, որ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին կլինի Հայաստանում, եւ կարծում եմ` այդպես էլ կլինի: Եվ դա ինձ լիովին բավարարում է:
-Բայց, կարծես թե, Վլադիմիր Պուտինը դեռեւս չի շտապում վերջնական հայտարարել Հայաստան գալու մասին: Ըստ Ձեզ` ո՞րն է պատճառը, որ վերջնական հայտարարություն չի արվում:
-Որեւէ մեկը չգիտի` նա լիարժեք պատասխան արդեն տվել է, թե չէ: Դա արվում է պետական հարաբերությունների խողովակներով: Ինչ գիտե՞ք, որ համաձայնությունը չկա, նախապատրաստական հարաբերությունները վաղուց չեն գնում: Իսկ Հայաստան գալու հայտարարությունը եղել է: Հուսանք, որ կհստակեցվի, եւ կգա:
-Պարո՛ն Շիրխանյան, մեծ իրադարձություն էր Վատիկանում անցկացված պատարագն ու Հռոմի պապի հայտարարությունը: Ի՞նչ հետեւանքներ եք տեսնում:
-Հայաստանի եւ Թուրքիայի համար, երեւի թե, ամենամեծ իրադարձությունն էր: Ես, օրինակ, շատ գոհ եւ շնորհակալ եմ Հռոմի պապից, այդ պատարագն անցկացրեց եւ խոսեց Հայոց ցեղասպանության մասին, որը Թուրքիային դրեց փաստի առաջ:
-Իսկ նրա հայտարարությունն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այլ երկրների վրա:
-Շատ մեծ, շատ լուրջ: Համենայնդեպս, կաթոլիկ եկեղեցին շատ մեծ ազդեցություն ունի տարբեր երկրներում, նրա ժողովուրդների, ինչու չէ` նաեւ պետությունների վրա:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՄԱՆԿԱՀԱՍԱԿ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Ինչպես հայտնի է` առաջիկայում Հայաստանում պարտադիր կրթության շեմը 9-ամյայից պետք է բարձրացվի 12-ամյա ուսուցման: Թե այս նորամուծությունն ինչպես կանդրադառնա հատկապես մարզերում մեծ տարածում գտած աղջիկների՝ վաղ հասակում ամուսնությունների վրա, պարզ կդառնա առաջիկայում: Իսկ մինչ այդ, Տավուշի մարզում մանկահասակ շատ աղջիկներ դպրոցում ուսումը տարբեր պատճառներով կիսատ թողնելով՝ ամուսնանում, դեռատի հասակում մայրանում են: Ահավասիկ, նման բազում օրինակներից մեկը: Տավուշի մարզի Կողբ գյուղում հաշվառված, պայմանագրային զինծառայող, 1990թ. ծնված Գեւորգ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով քսանմեկ տարին լրացած անձ, 2014թ. հունիսի 16-ից փաստացի ամուսնական հարաբերություններ է հաստատել ակնհայտ տասնվեց տարին չլրացած, 1999թ. օգոստոսի 4-ին ծնված աղջկա հետ եւ փոխադարձ համաձայնությամբ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Գ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Քսանմեկ տարին լրացած անձի կողմից պարբերաբար սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ): Սույն հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-10 տարի ժամկետով: Գ. Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունն այժմ ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:
ՍՏԻՊՎԱԾ
Հայերիս համար գարունն ավետաբեր է, քանի որ մարդիկ ազատվում են ձմռան ցրտից, ջեռուցման հոգսից: Ուտելի բույսերի հաշվին ավելանում է բնակիչների ոչ այնքան հարուստ կերակրացանկը: Տավուշի մարզի շատ բնակիչներ բնության բարիքների հաշվին ընտանիք են կերակրում: Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի եզրին, Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բարձունքում տեղացի կանայք ուտելի խոտաբույսեր են վաճառում: Նրանք Ադրբեջանի սահմանագոտին շրջանցող ավտոճանապարհի եզրին վաճառքի են հանում սինդրիկ, ծնեբեկ: Սինդրիկի կապը վաճառում են 150-250 դրամով: Կանայք դժգոհեցին, որ սահմանամերձ գյուղում աշխատատեղեր չկան, ապրելու հնարավորությունները սակավ են, իրենք էլ այդ կերպ փորձում են հոգալ հանապազօրյա հոգսերը: Սակայն միջպետական ավտոճանապարհով երթեւեկող ավտոմեքենաների վարորդները եւ ուղեւորները ակտիվ չեն ուտելի, վայրի բույսեր գնելու հարցում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ