ՀՀ Սյունիքի մարզի Հարժիս համայնքի պահածոների գործարանը, որը դեռ 1990-ականներին է ստեղծվել, վերջին մի քանի տարիներին դադարներով է աշխատում: Հարժիսի պահածոների գործարանի տնօրեն Զավեն Գասպարյանի խոսքով` պատճառը ֆինանսական խնդիրներն են, որոնք, սակայն, առաջիկայում կլուծվեն շնորհիվ գործարանով հետաքրքրված մի գործարարի, ով պատրաստվում է ներդրումներ կատարել եւ ոտքի կանգնեցնել գործարանը: Ըստ տնօրենի` ներդրում իրականացնողը Մյունխենի հայերից է, ով մտերիմ հարաբերությունների մեջ է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Հարժիսի բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեծ ափսոսանքով նկատեցին, որ մի քանի տարի է, ինչ այս գործարանը չի աշխատում: Մինչդեռ ժամանակին գյուղի մեծ մասն այդ գործարանում է աշխատել:
Տնօրեն Զավեն Գասպարյանը երանությամբ է հիշում այն տարիները, երբ գործարանը բնականոն աշխատում էր, ինչի արդյունքում մի քանի տասնյակ ընտանիք կերակրվում էր: Իսկ այսօր խնդիրները շատ են: Հիմա Գասպարյանը դժվարանում է լուծել հատկապես տրանսպորտի հետ կապված խնդիրը: Բանն այն է, որ Հարժիս համայնքը չունի տրանսպորտ, որով մարդիկ կարողանան գյուղից գնալ ու գալ: Հենց այս խնդրի պատճառով էլ գործարանի տնօրենը հայտնվել է անելանելի դրության մեջ:
«Աշխատուժ չկա, ընկած այստեղ-այնտեղ տրանսպորտի հարցն եմ ուզում լուծել, որպեսզի Գորիսից կարողանամ Հարժիս աշխատող բերել: Գյուղի բնակիչներից ընդամենը մի քանիսն են պատրաստ աշխատել: Իսկ մեր գործարանին 60 մարդ է պետք: Գյուղերում տրանսպորտ չկա: Նույնիսկ մեր գյուղ Գորիսից եկող-գնացող տրանսպորտ չկա: Ստիպված պետք է մի փոխադրամիջոց վարձակալեմ, որով պետք է աշխատողներ բերել ու տանել: Գործարանը պատրաստ է ընդունել մինչեւ 60 աշխատող: Մասնագետներ են պետք: Իսկ կոնկրետ Հարժիսից շատերը հրաժարվում են, քանի որ չեն հասցնում տնային գործերը, բացի այս՝ անասնապահությամբ են զբաղվում»,- ներկայացրեց Գասպարյանը:
Հարժիսի պահածոների գործարանը նախորդ տարիներին արտադրել է մուրաբաներ, կոմպոտներ, մարինացված պահածոներ եւ այլն: Այս տարի նախատեսվում է արտադրանքի մեջ ավելացնել շուշան, բոխի, սխտորի միջուկ:
Գործարանի տնօրինությունը հույս ուներ, որ այն կսկսի աշխատել այս տարվա ապրիլի 15-ից, սակայն այս պահի դրությամբ դա հնարավոր չէ: Ճիշտ է՝ գործարանը դեռ չի աշխատում, բայց տնօրենի փոխանցմամբ՝ արդեն արտադրանքի պատվերներ է ընդունում ե՛ւ Մոսկվայից, ե՛ւ Ուֆայից: Ըստ Զավեն Գասպարյանի՝ ապրիլի 20-ից հետո հնարավոր է, որ պահածոների գործարանը սկսի իր արտադրությունը: Նաեւ տնօրինությունը հույս ունի, որ կմասնակցի միջազգային ցուցահանդեսներին եւ այդ կերպ ճանաչում ձեռք կբերի:
Այս պահին գործարանում սպասում են պատվիրված ապակյա տարաներին, որոնք պետք է Ուկրաինայից բերվեն: «400 հազար հատ պատվիրել ենք: Ներդրում իրականացնողը նախորդ տարի եղավ գյուղում, խոստացավ օգնել ու իր խոստմանն էլ տեր է կանգնել»,- հայտնեց մեր զրուցակիցը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ով է ներդրողը, Գասպարյանը հրաժարվեց պատասխանել. «Ինքը չի ցանկանում երեւալ, շատ համեստ մարդ է: Ես էլ խոստացել եմ չհրապարակել իր անունը»,- պատճառաբանեց տնօրենը:
Իսկ թե պահածոների գործարանը ինչ ճակատագիր կունենա հետագայում կամ կհասցնի այս տարի արտադրություն տալ, այս պահին դժվար է ասել: Մինչդեռ ՀՀ գլխավոր գյուղատնտես Սերգո Կարապետյանն ամեն պատեհ եւ անպատեհ առիթով հայտարարում է, որ վերամշակող ճյուղը Հայաստանում առաջատար դիրքերում է, եւ պետք է հնարավորինս զարգացնել այն: Սակայն այսօր հակառակ միտումն է զարգանում: Հայաստանում երկար տարիներ գործունեություն ծավալող պահածոների գործարանները այսօր կա՛մ սնանկանում են ու փակվում, կա՛մ էլ դադարներով են աշխատում, ինչպես Հարժիսի պահածոների գործարանի դեպքում է:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀՐԱԶԴԱՆԸ ՎԱՐԱՐԵԼ Է
Օրեր առաջ՝ ապրիլի 10-ին, Հրազդան գետը վարարել էր ու լցվել շրջակա բնակելի տները՝ անհանգստություն պատճառելով բնակիչներին: Հրազդանցիները պատմեցին, որ ջրի հոսքի դեմն առնելու համար ստիպված են եղել քարերից պատնեշներ սարքել: «Եթե մեր համայնքի ղեկավարությունը գոնե տարին մեկ անգամ հետեւողական լինի, այսպիսի խնդրի առաջ չենք կանգնի»,- բարկացած ասաց նրանցից մեկը` նշելով, որ նույն օրը, երբ գետը վարարել է, իրենք ահազանգել են քաղաքապետարան, որտեղից պատասխանել են, թե կգան, կնայեն, ուսումնասիրություն կանցկացնեն: Մեր զրուցակցի խոսքերով՝ այդպես էլ չիմացան՝ եկան, թե չեկան, թեեւ նրանց գալուց շատ մեծ ակնկալիքներ չունեին էլ: Բանն այն է, որ հրազդանցիները դեռ նախորդ տարվանից փոխհատուցման էին սպասում, որն, ի վերջո, մի կերպ տվեցին, այն էլ` ոչ բոլորին:
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա աշնանը, Կառավարության որոշմամբ, ոռոգման նպատակով Սեւանա լճից Հրազդանի հունով 270 մլն խմ-ի չափով ջուր բաց թողնվեց: Հրազդանը վարարեց եւ ողողեց Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասը, ինչի հետեւանքով բնակիչները կորցրին ողջ բերքը:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրազդան