ԻՆՉ ՀՈՂ ԿԱՐՈՂ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ ՄՈՍԿՎԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրվան մնացել է ընդամենը մեկ շաբաթ, սակայն պաշտոնական Մոսկվան դեռ չի շտապում հայտարարել՝ ի վերջո, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին կժամանի՞ Երեւան, թե՞ ոչ: Հասկանալի է, որ այդ այցը Հայաստանի համար առավել քան կարեւոր է՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Ռուսաստանն արդեն իսկ հայտարարել է, որ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն ապրիլի 24-ին մեկնելու է Թուրքիա` Գալիպոլի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պաշտոնական Մոսկվան իր հայ գործընկերներին արդեն մի քանի օր է՝ ակնարկում է, որ Վլադիմիր Պուտինը միայն մեկ պատճառով կարող է չգալ, եթե վատառողջ լինի: Այսինքն՝ միայն Պուտինի առողջական խնդիրների պաշտոնական պատճառաբանությամբ կարող է Երեւան կատարելիք այցը չեղյալ հայտարարվել: Բայց հաշվի առնելով այն փաստը, որ ՌԴ նախագահը երեկ մի քանի ժամ շարունակ լրագրողների եւ ռուսաստանցիների հարցերին էր պատասխանում, կարող ենք հուսալ, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է, եւ գոնե մի քանի ժամով կկարողանա այցելել Հայաստան:
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահի խոսնակը մի անգամ արդեն ասել էր, որ Պուտինը 24-ին Երեւանում կլինի:

 

 

 

 
«Ժողովուրդ»-ը երեկ փորձել է «գտնել» ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին այն անդամներին, որոնք, ըստ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի, ցանկացել են անդամակցել այս կուսակցությանը: Սակայն նախկին ԲՀԿ-ականներն իրենց ՕԵԿ անդամ դառնալու հնարավորության վերաբերյալ հարցը ընկալեցին որպես վիրավորանք: Մասնավորապես, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Բազմասեր Առաքելյանը իր՝ ՕԵԿ անդամ դառնալու հնարավորության մասին այսպիսի պատասխան տվեց. «Դուք ինձ տենց գիտե՞ք, ես Ձեզանից նեղանում եմ, որ Դուք ինձ նման հարց եք տալիս»: Այլ կերպ ասած՝ ՕԵԿ-ական «դառնալը» նույնիսկ նախկին ԲՀԿ-ականների համար է հայհոյանք: Ի դեպ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Հարություն Ղարագյոզյանն էլ (Կարամելի Հարութ), որը փետրվարից անկուսակցական է, ՕԵԿ անդամ դառնալու հնարավորության մասին ասաց. «Ճիշտն ասած՝ ես ծանոթ եմ ման գալիս, մարդ եմ ման գալիս, չեմ կարողանում գտնեմ, որ մտնեմ ընդեղ: Ախր, տենց բան ոնց կլինի, նման բան իրականում չկա, ամոթ ա»:

 

 

 

 
«Երեւան գարեջուր» ՓԲԸ, որը հայտնի է իր «Կիլիկիա» ապրանքանիշով, այս տարվա ընթացքում չի դադարել Ռուսաստան գարեջուր արտահանել, ինչի արդյունքում մեծ վնասներ է կրում: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է «Երեւանի գարեջուր» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Հայրյանը: Վերջինս իրենց քայլը պատճառաբանել է ռուսական շուկան չկորցնելու նպատակով: Այսնիքն՝ եթե դադարեն արտահանել, ապա ռուսական շուկայի կարգավորվելուց հետո այնտեղ վերադառնալը կդառնա դժվար եւ ծախսատար: Ըստ Արմեն Հայրյանի՝ դեռեւս անցած տարվանից իրենց ընկերության արտահանման ծավալները նվազել են, 2013 թվականի հետ համեմատած, մոտ 25 տոկոսով: Ի դեպ, «Երեւան գարեջուր» ՓԲԸ-ի փոխտնօրենի խոսքերով՝ ներքին շուկայում եւս սպառման ծավալներն առաջվանը չեն: «Այստեղ էլ կապված է ազգաբնակչության սոցիալական վիճակի հետ, մասնավորապես, մարդկանց գնողունակությունն ընկել է: Սա եւս ազդում է արտադրանքի վաճառքի ծավալների վրա»,- ասել է նա:

 

 

 

 

Երջանկահիշատակ, վաղամեռիկ Կարեն Դեմիրճյանն այսօր կդառնար 83 տարեկան: Անհերքելի իրողություն է, որ եթե 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը չլիներ, եւ տասնամյա ընդմիջումից հետո քաղաքականություն վերադարձած Կարեն Դեմիրճյանը հասցներ իրագործել իր ծրագրերը, ապա այսօր մենք բոլորովին այլ որակի` զարգացման հստակ ուղի բռնած եւ արժանապատիվ Հայաստան կունենայինք: Կարեն Դեմիրճյանը երջանկահիշատակ սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ Հայաստանի քաղաքացիներին վերադարձրել էին ընտրված իշխանություն ունենալու հույսն ու բերկրանքը, որը, ցավոք, շատ կարճ տեւեց, եւ մարդիկ նույնիսկ չհասցրեցին լիարժեք ընկալել, թե ինչ ասել է ընտրված իշխանություն եւ չընտրված` կեղծիքներով իշխանության ղեկն իրենց ձեռքում պահող մարդկանց խումբ: Հոկտեմբերի 27-ի սպանդի արդյունքում իշխանություն ստացած մարդիկ, որոնք մինչ օրս էլ պաշտոնավարում են, այդպես էլ չներեցին Կարեն Դեմիրճյանին, այդ իսկ պատճառով էլ Երեւանում նրա հուշարձանի տեղադրումը տարբեր պատճառներով ձգձգում են:

 

 

 

 
ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ` Ի ՏԵՍ

Մինչ այս օրերին ողջ արեւմտյան մամուլը հեղեղված է Ցեղասպանության մասին հրապարակումներով, Հռոմի պապը պատարագ է մատուցում անմեղ նահատակների հիշատակին եւ կատարվածը որակում որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, իսկ եվրոպական 28 երկրներին միավորող Եվրոպական խորհրդարանն էլ ընդունում է բանաձեւ, որով կոչ է անում Թուրքիային առերեսվել սեփական պատմության հետ, տարօրինակ կերպով քար լռություն է տիրում Հայաստանի իշխանությունների ընտրած դաշնակիցների ճամբարում: Խոսքը, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության անդամ Բելառուսի եւ Ղազախստանի մասին է: Ռուսաստանն այս դեպքում առանձին դիրքում է թե՛ այդ երկրում Ցեղասպանության հարցի հետ կապված ընդհանուր մոտեցման, թե՛ 1995 թ. Պետդումայի ընդունած առանձնահատուկ հայտարարության (առանձնահատուկ, քանի որ դրանում Արեւմտյան Հայաստանը հիշատակված է որպես հայերի հայրենիք, ինչը չկա որեւէ այլ փաստաթղթում), եւ թե՛, ի վերջո, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում սպասվող ներկայության առումով:
Իսկ, այ, մեր մյուս եվրասիական դաշնակից, ընդ որում` քրիստոնյա պետությունում հայերի Ցեղասպանության մասին որեւէ մեկը չի հիշում: Ավելին՝ ՀՀ իշխանական էլիտայի հետ բավականին սերտ անձնական հարաբերություններ ունեցող Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոն չի պատրաստվում ապրիլի 24-ին այցելել ՀՀ` հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, եւ դա, բնականաբար, առաջին հերթին Թուրքիային եւ հատկապես Ադրբեջանին չնեղացնելու համար: Ամենայն հավանականությամբ դաշնակից Բելառուսը ՀՀ-ում այդ օրն անգամ երկրի 2-րդ, 3-րդ կամ 10-րդ դեմքով ներկայացված չի լինի: Համենայնդեպս, առ այսօր այդ մասին տեղեկատվություն չկա: Նույնն էլ, բնականաբար, պանթյուրքիզմի ռահվիրա Ն. Նազարբաեւի եւ նրա կողմից ցմահ ղեկավարվող Ղազախստանի դեպքում է: Ահա թե ինչ շրջապատ է ընտրել Սերժ Սարգսյանը, եւ սա եւս մեկ անգամ ընդգծում է այդ ընտրության անհեռանկար եւ ապազգային բնույթը:
Դա այլեւս այնքան ակնհայտ է եւ անհերքելի, որ նման վերաբերմունքը «ռեալ պոլիտիկի» տեսանկյունից ներկայացնելու ՀՀԿ-ականների հուսահատ ճիգերն արդեն անգամ զավեշտալի էլ չեն, դրանք պարզապես «լացացնող» են: Օրինակ` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի բերած փաստարկը, թե. «…ինչ է, եթե մենք անդամակցեինք կամ ասոցացվեինք ԵՄ-ին, ապա 28 երկրների ղեկավարները լինելու էի՞ն այսօր», մեղմ ասած, դժվար է գնահատել, ինչպես ասում են` «No comment»: Միայն մի փոքրիկ հիշեցում՝ այդ նույն՝ 28 երկրների ղեկավարները տակավին նախօրեին ընդունեցին Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ` վերահաստատելով դեռեւս 1989թ-ին ընդունած նույնաբովանդակ բանաձեւը, մինչդեռ Ս. Սարգսյանի ընտրած դաշնակիցների` մինչ օրս մեր օգտին արված ամենամեծ քայլը եղել է… լռությունը: Տարբերությունը, կարծում ենք, պետք է որ տեսանելի լինի անգամ հանրապետականների համար:




Լրահոս