ՆԱԽԿԻՆ ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԵԿ-ԱԿԱՆ ԴԱՌՆԱԼԸ ՀԱՅՀՈՅԱՆՔ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 10-ին ԱԺ ճեպազրույցների ընթացքում ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, թե ՕԵԿ գրասենյակներում կտրուկ ավելացել է կուսակցությանն անդամագրվելու դիմումների թիվը: «Այո, մեր գրասենյակներում ընդունելության գործընթացն իրականացել է այդ օրերին եւ ավելի ակտիվ է եղել, քան նախկինում: Ես տեղեկություններ չունեմ, թե ով ինչ է ասում, կամ ով ում է զանգում, բայց որ մեր գրասենյակներում ակտիվություն կա, ես դա հաստատում եմ»: Հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ նախկին անդամներ, այդ թվում` պատգամավորներ, դիմել են, ՕԵԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «ԲՀԿ անդամներ դիմել են, իսկ ինչ վերաբերում է պատգամավորներին, ամեն խոսակցություն չի, որ հրապարակման ենթակա է»:

Նշենք, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությունից հետո մի խումբ ԲՀԿ-ական պատգամավորներ հայտարարեցին, որ իրենք լքում են կուսակցությունը, իսկ երեք հոգի էլ` ԲՀԿ խմբակցությունը՝ Գրիգորի Մարգարյան՝ Բելաջիոյի Գրիշ, Մուշեղ Պետոյան եւ Դավիթ Քոչարյան: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է այն 11 պատգամավորների հետ, որոնք լքել են ԲՀԿ շարքերը՝ պարզելու համար՝ արդյո՞ք նրանք դիմում են ներկայացրել՝ «Օրինաց երկիր» կուսակցությանն անդամագրվելու համար:

ԱԺ անկախ պատգամավոր ԳՐԻԳՈՐԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ
-Պարո՛ն Մարգարյան, ըստ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի՝ ԲՀԿ շարքերը լքածներն իրենց կուսակցությանն անդամակցելու համար դիմում են ներկայացրել: Դուք պատրաստվո՞ւմ եք կրկին ՕԵԿ-ական դառնալ:
-Բացարձակ նման բան գոյություն չունի, Դուք իրենց հարցրեք, թե ինչու են նման հայտարարություններով հանդես գալիս, բայց ես անձամբ գիտեմ, որ պատգամավորներից նման մարդ չկա, որը ՕԵԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել: Գուցե ինֆորմացիային լա՞վ չեմ տիրապետում, ով ինֆորմացիան տարածում է, գուցե իրենք ավելի՞ լավ են տիրապետում իրավիճակին: Կոնկրետ եթե հարցն ինձ է վերաբերում, ես նմանատիպ խնդիր չունեմ, մեկ, իսկ երկրորդն էլ՝ ես կուսակցության անդամ չեմ եղել, որ հիմա ինչ-որ մի կուսակցությունից դուրս գայի ու գնայի այլ կուսակցություն: Ես բազմաթիվ անգամ հայտարարել եմ, որ ես կուսակցության անդամ չեմ ու չեմ էլ պատրաստվում լինել: Իսկ ես կուսակցության անդամ չեմ 2006 թվականից: Դա ինձ չի վերաբերվում, առավել եւս՝ ես մի անգամ ՕԵԿ-ից դուրս եմ եկել: Մի փիլիսոփա ասել է, որ մի ջուրը մի անգամ ես մտնում, իսկ ես այդ ջուրը մի անգամ մտել եմ:
-Իսկ գուցե ԲՀԿ խմբակցության Ձեր նախկին գործընկերներից լինե՞ն մարդիկ, որոնք ցանկանան ՕԵԿ-ական դառնալ:
-Ես, ճիշտն ասած, չեմ պատկերացնում, որ կարող է նման բան լինել, որովհետեւ բոլորին ճանաչում եմ: Բայց եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ՕԵԿ-ում նման դիմումներ կան, ես մի անգամ ասել եմ ու միշտ կրկնում եմ, որ անհնարին բան չկա այս կյանքում, ու մեկ էլ ասում են՝ երբեք մի՛ ասա երբեք: Բայց ես չեմ պատկերացնում նմանատիպ բան՝ ճանաչելով բոլորին, ովքեր դուրս են եկել ԲՀԿ-ից:
-Այսինքն՝ քննարկել եք այդ հարցը ԲՀԿ շարքերը «լքածների» հետ…
-Ճիշտն ասած՝ նման քննարկումը ծիծաղելի կլիներ, մենք նման հարց չենք քննարկել: Ես խոստանում եմ Ձեզ, որ ես կուսակցության անդամ չեմ դառնա, ես այսպես ավելի անկախ եմ: Իսկ կուսակցությունը մի օր իր քաղաքականությունը փոխում է:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆ
-Պարո՛ն Ախոյան, պատրաստվո՞ւմ եք ՕԵԿ-ական «դառնալ»:
-Ոչ, ոչ, արդեն տեւական ժամանակ է, ինչ այս հարցը շրջանառվում ու քննարկվում է, կարծում եմ՝ պետք է մոռանան այդ հարցի շահարկումները:
-Բայց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը օրերս նորից հայտարարել է, որ ԲՀԿ-ականներից դիմումներ են ներկայացրել՝ ՕԵԿ շարքերը համալրելու համար: Դուք այդ մարդկանց թվո՞ւմ չեք:
-Իսկ ինչու իրենք չեն արձագանքում այդ դիմումներին, թող արձագանքեն, ավելի լավ, մենք էլ կիմանանք՝ ում շնորհավորենք: Ես դրա հետ որեւէ առնչություն չունեմ:
-Դուք մտադրություն ունե՞ք որեւէ կուսակցության անդամագրվել:
-Ո՛չ, ես հայտարարել եմ, որ ոչ մի կուսակցության անդամ չեմ լինելու:
-Այդ դեպքում ինչո՞վ են պայմանավորված ՕԵԿ խմբակցության ղեկավարի նման պնդումները:
-Ոչ թե չեմ կարող մեկնաբանել, այլ չեմ ուզում մեկնաբանել: Այսքանը, ես կուսակցության չեմ անդամագրվելու:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ (Կարամելի Հարութ)
-Պարո՛ն Ղարագյոզյան, պատրաստվո՞ւմ եք ՕԵԿ շարքերը համալրել, արդյո՞ք դիմում եք ներկայացրել՝ կուսակցությանը անդամագրվելու համար:
-Ճիշտն ասած՝ ես ծանոթ եմ ման գալիս, մարդ եմ ման գալիս, չեմ կարողանում գտնեմ, որ մտնեմ ընդեղ (Ծիծաղում է: Ս. Գ.): Ախր, տենց բան ոնց կլինի, նման բան իրականում չկա: Նաիրա Զոհրաբյանը մի անգամ հայտարարեց, որ կարող է Նոյեմբերյանի գյուղերից որեւէ մեկը դուրս է եկել ԲՀԿ-ից ու հիմա ասում է, որ ՕԵԿ-ական եմ ուզում դառնամ, իրենք դա վերցրել են ու սկսել ինչ-որ տեղեկություններ տարածել: Դրա հիման վրա էլ երեւի հայտարարում են, թե պատգամավորներն են ուզում իրենց կուսակցության անդամ դառնալ: Նման բան չկա, ու չեմ կարծում, որ մեր դուրս եկածներից որեւէ մեկը կմտնի ՕԵԿ:
-Իսկ ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են ՕԵԿ-ականները նման հայտարարություններ անում:
-Երեւի իրենց հեղինակությունը բարձրացնելու համար: եթե նման բան կա, թող մի օրինակ բերեն, եթե մեզանից որեւէ մեկը մտել է, էդ ինչ է՝ մենք ցանկություն ենք հայտնում, իրենք մեզ տեղ չե՞ն տալիս: Չկա իրականում նման բան ու վերջ:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ԲԱԶՄԱՍԵՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
-Պարո՛ն Առաքելյան, Դուք դիմում ներկայացրե՞լ եք՝ ՕԵԿ շարքերը համալրելու համար:
-Իհարկե ոչ, Դուք ինձ տենց գիտե՞ք, ես Ձեզանից նեղանում եմ, որ Դուք ինձ նման հարց եք տալիս, Դուք իմ տեսակը չգիտե՞ք՝ որն է: Ես նեղվում եմ, որ իմ տեսակը չգիտեք: Ինչի եք Դուք ինձ էդ հարցը տալիս, Դուք այնպիսի հարց եք տալիս, որ ես մյուս անգամ Ձեր հարցերին չպատասխանեմ:
-Այսինքն՝ ՕԵԿ-ին անդամագրվելն այդքան վատ բան է, ինչի համար կարելի է նեղանա՞լ:
-Իհարկե: Նման բան չկա, ինձ պետք չի նման հարց տալ:
Հ. Գ. Երեկ նույն վրդովված տոնով «Ժողովուրդ»-ի հարցին պատասխանեցին նաեւ ԲՀԿ շարքերը լքած պատգամավորներ Դավիթ Քոչարյանը, Կարո Կարապետյանը, Մուշեղ Պետոյանը եւ մյուսները:

 

 

 

 

ՎՐԱՍՏԱՆԸ ԿԱԽՎԱԾ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ

Երեկ Վրաստանի խորհրդարանում Ախալքալաքից ընտրված պատգամավոր Սամվել Պետրոսյանը ելույթ է ունեցել` կոչ անելով ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Պատգամավորը հայտարարել է, որ կատարվածի ճանաչումն անհրաժեշտ է, որպեսզի կանխվեն ապագայում նման հանցագործությունները:

«Հարցը կարեւոր է պատմական առումով: Մենք, անկախ նրանից՝ ծագումով հայ ենք, թե այլ ազգի ներկայացուցիչ, Վրաստանի քաղաքացիներ ենք: Մենք մեկ երկրի զավակներ ենք ու պետք է ապրենք խաղաղությամբ ու միասնականությամբ: Այդ իսկ պատճառով էլ կարեւոր է, որպեսզի պատմական իրադարձությունները ճիշտ գնահատվեն: Հուսով եմ, որ հայերն ու թուրքերն ընդհանուր լեզու կգտնեն տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար: Հենց այս պատճառով էլ կարեւոր է պատմության համարժեք գնահատականը: Այն, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում, մինչ օրս էլ մեծ վերք է հայ ժողովրդի համար»,-նշել է Պետրոսյանը: Այս հայտարարությունից հետո պատգամավորների միջեւ բուռն քննարկում է տեղի ունեցել: Իսկ իշխող «Վրացական երազանք» դաշինքի անդամ Մահիր Դարձիեւը հայտարարել է, թե «Վրաստանի կողմից Ցեղասպանության ճանաչումը միանշանակորեն վատթարացնելու է հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակցի` Թուրքիայի հետ»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ նման արձագանք կարելի էր ակնկալել վրացական խորհրդարանից: «Այսօրվա դրությամբ բոլորիս համար շատ ցանկալի կլիներ, որպեսզի լիներ հզոր Վրաստան, բայց չկա, քանի որ այսօր Վրաստանը շատ է կախված Ադրբեջանից ու Թուրքիայից՝ տնտեսապես եւ այլ հարցերով: Ու չի կարող ինքնուրույն քաղաքականություն վարել ու այդ քաղաքականությունը հիմնել արժեքների վրա»:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ԱԽԹԱԼԱՅԻ ԿՈՄԲԻՆԱՏԻՆ ԿՏՈՒԳԱՆԵՆ
«Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, որ «Ախթալայի ԼՀ կոմբինատում» դեռեւս 2013 եւ 2014 թվականներին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը լայնածավալ ստուգումներ է իրականացրել եւ լուրջ խախտումներ հայտնաբերել, սակայն դրանք այդպես էլ հետեւանք չեն ունեցել: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից պարզել՝ ինչո՞ւ է նախարարությունը բարեհաճ վերաբերմունք դրսեւորում կոմբինատի նկատմամբ եւ չի տուգանում արձանագրված խախտումների համար: Արդյո՞ք կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի անձով է ինչ-որ բան պայմանավորված: «Ընթացքի մեջ են: Կան որոշակի խախտումներ, գործերն ընթացքի մեջ են: Ե՛ւ տուգանք կլինի, ե՛ւ ամեն ինչ կանենք այդ ուղղությամբ, որովհետեւ խախտումներ կան»,- վստահեցրեց նախարար Զախարյանը:

 

ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԳՆԱՄ ՈՒ ԳԱՄ
Երեկ, երբ Կառավարության նիստի վերջում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց գաղտնի հարցերի քննարկումը սկսելու մասին, նախարարների մի մասը դուրս եկավ գործադիրի շենքի ետնամուտքից, մի մասն էլ` գլխավոր մուտքից, սակայն նրանցից մի քանիսը կարճ ժամանակ անց հետ վերադարձան: Մասնավորապես, «Ժողովուրդ»-ն արձանագրեց, որ, օրինակ, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը Կառավարության ետնամուտքից դուրս եկավ եւ գնաց, բայց քիչ անց շտապ վերադարձավ եւ որոշ ժամանակ մնալուց հետո նոր միայն «անվերադարձ» հեռացավ: Նույնը տեղի ունեցավ նաեւ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ:

 

ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՀԱԾ ՏԱՏԻԿԸ
ՀՀ Կառավարության՝ երեկ տեղի ունեցած նիստից հետո ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին մոտեցավ 80-ամյա Մագդալենա Նիկոլյանը: Տատիկը բավականին երկար զրուցեց նախարարի հետ: Իսկ որոշ ժամանակ անց «Ժողովուրդ»-ի լրագրողը նկատեց, թե ինչպես նախարարը հրահանգեց իր օգնականին կնոջը գումար տալ, որից հետո օգնականը 5 հազար դրամ տվեց 80-ամյա տատիկին: Տատիկի արձագանքն ուշագրավ էր. նախարարի օգնականից գումար վերցնելուց հետո բարձրաձայնեց. «Մեղավոր են, պիտի պահեն»: Հիշեցնենք, որ Մագդալենա Նիկոլյանն այն անձնավորությունն է, որը ամիսներ առաջ հայտարարել էր, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը խոստացել է իրեն հովանավորել, որպեսզի վերջինս շարունակի իր կիսատ թողած կրթությունը:




Լրահոս