Ռուսական «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը երեկ ժամանել էր Հայաստան եւ հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ: Մեր տեղեկություններով՝ այս այցը հապճեպ պլանավորվել է ՀՀ ԱԺ-ի վերջին` ապրիլի 7-ից 9 տեղի ունեցած քառօրյայում Հայաստանի գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության քննարկումներից հետո:
Պարզվում է՝ այդ քննարկումներից հետո ՌԴ ղեկավարությունը եկել է այն եզրակացության, որ արդեն որերրորդ գործով Ռուսաստանը հայ հանրության աչքում ներկայանում է իբրեւ թալանչի: Այսինքն՝ մեկ պարզվում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է անհայտ պատճառներով մի քանի հարյուր միլիոն դոլարի պարտքեր կուտակել, հետո պարզվում է, որ Հայաստանի գազամատակարարող ընկերություններն են հարյուրավոր միլիոն դոլարների եկամուտներ ունեցել, բայց մի քանի տարի շարունակ համակարգը բարելավելու համար ոչ մի ներդրում չեն կատարել, եւ այսպես շարունակ: Արդյունքում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է «Գազպրոմ» ԲԲԸ-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին շտապ գործուղել Հայաստան: Ավելին՝ որոշվել է «Գազպրոմի» դուստր ձեռնարկությանը` հայկական «Գազպրոմ Արմենիային», հանձնարարել Հայաստանում մի քանի սոցիալական ծրագրեր իրականացնել` հանրության շրջանում ռուսական ընկերության նկատմամբ ձեւավորված բացասական վերաբերմունքը մեղմելու համար:
Եւ որպեսզի Ալեքսեյ Միլլերը դատարկաձեռն չգա, արագացված կարգով սկսել են նախապատրաստել առաջին ծրագիրը, որպեսզի հնարավոր լինի նրա այցելության պահին պաշտոնապես ազդարարել դրա մեկի մասին: Իբրեւ առաջին ծրագիր ընտրվել է Ավանում ուսումնամարզական համալիր կառուցելու նախագիծը: Ուշադրություն դարձրեք այն փաստին, որ այդ շինարարության համար անհրաժեշտ հողամասը` 31 հազ. 841ք/մ մակերեսով, Երեւանի քաղաքապետրանի ավագանին «Գազպրոմ Արմենիային» վաճառել է ընդամենը երկու օր առաջ` ապրիլի 14-ին: Երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ այդ համալիրի շինարարության նպատակով ռուսական «Գազպրոմը» 49,3 մլն դոլարի ներդրում կիրականացնի: Ավելին՝ երեկ կազմակերպվել էր նշված համալիրի հիմնարկեքի միջոցառումը` Սերժ Սարգսյանի եւ Ալեքսեյ Միլլերի մասնակցությամբ:
Այն աստիճան էին շտապել, որ նույնիսկ շինարարության հիմքը չէին հասցրել փորել եւ համապատասխան սրվակը տեղադրեցին բետոնե, քառակուսի սալիկի մեջ արված անցքում: Ենթադրվում է, որ այդ բետոնի կտորը հետագայում պետք է դրվի համալիրի շինարարության հիմքում, կամ որ չդնեն էլ, ով կիմանա, կարեւորն անհրաժեշտ էր այսօր այդ միջոցառումը կազմակերպել, ինչն արդեն արվեց:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարությանը ՌԴ-ից հանձնարարվել է առաջիկայում սոցիալական 4 ծրագրեր իրականացնել՝ դպրոցաշինություն, դպրոցների ֆինանսավորում, օգնություն սոցիալապես անապահով խավերին ինչ-որ ծրագրով, եւ այսպես շարունակ:
Ենթադրվում է, որ այդ ծրագրերը եւ դրանց քարոզչությունը կօգնեն, որ սպառողներին մատակարարվող գազի սակագնի մոտ 10 դրամով թանկացումը, որը նախատեսվում է ամռանը, Հայաստանի հանրության շրջանում բողոքի մեծ ալիք չբարձրացնի: Ի դեպ, ըստ լուրերի՝ ռուսական կողմը նախատեսում է Հայաստանին մատակարարվող գազը էժանացնել եւ հազար խորանարդ մետրը վաճառել 164 դոլարով` ներկայիս 181 դոլարի փոխարեն (չի բացառվում, որ մինչեւ 25 դոլարով նվազի սահմանին հասնող գազի սակագինը):
Մի խոսքով, Ալեքսեյ Միլլերին Հայաստան ուղարկելով՝ ՌԴ ղեկավարությունը միաժամանակ ցանկացել է մեկ անգամ եւս ճշտել Հայաստանի հանրության շրջանում Ռուսաստանի նկատմամբ առկա տրամադրությունները: Այլ կերպ ասած՝ Ալեքսեյ Միլլերին ասել են, որ նրա ընկերության պատճառով Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը վերջին շրջանում դարձել է խիստ բացասական, եւ նա այս այցի ընթացքում պետք է կարողանար հակառակ ապացույցներ գտնել: Ու քանի որ «Գազպրոմը» միայնակ չի փոշիացրել միլիարդավոր դոլարները, ուստի չի բացառվում, որ Միլլերը Սերժ Սարգսյանին հորդորել է իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել: Եւ, ահա, այդ խնդիրը լուծելու համար էլ Սերժ Սարգսյանը երեկ Միլլերին պարգեւատրեց «Բարեկամության» շքանշանով: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանն այդպիսով արձանագրել է, որ պաշտոնական Երեւանը «Գազպրոմի» հետ խնդիրներ չունի, այլ ընդհակառակը՝ բարեկամներ են: Եւ «Գազպրոմի» ղեկավարը, երբ մեդալով վերադառնա Մոսկվա, Վլադիմիր Պուտինին կզեկուցի, որ Հայաստանում առկա դժգոհությունների մասին բոլոր լուրերը բամբասանք են. իրենք իրականում բարեկամներ են: Բայց ռեալ կյանքում՝ Սերժ Սարգսյանի, այլ ոչ թե հայ ժողովրդի հետ:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ԼԻՆԻ
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կազմակերպել է խորհրդարանական լսումներ` Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ թեմայով: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Լսումները նախաձեռնել է հանձնաժողովը, քանի որ մայիսի վերջին Ռիգայում պետք է տեղի ունենա արեւելյան գործընկերության երկրների հերթական գագաթնաժողովը: Հրավիրված են եվրամիությունում հավատարմագրված դեսպանները, ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները, քաղաքական հասարակության սեկտորը, պատգամավորներ, փորձագետներ: Կլինի մտքերի փոխանակություն, թե ինչ է ապագա Հայաստան-Եվրամիություն իրավական փաստաթուղթը, ինչ օրակարգ պետք է իր մեջ ներառի»: Ըստ Զոհրաբյանի՝ երեկվա դրությամբ առկա տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը լսումներին ներկայացված է լինելու ի դեմս փոխնախարար Կարեն Նազարյանի: Հիշեցնենք, որ Ուկրաինան ու Վրաստանն ակնկալում են, որ Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ ԵՄ-ի կողմից որոշում կընդունվի վիզային ռեժիմի չեղյալ հայտարարելու մասին: Հավելենք նաեւ, որ ԵՄ-ի ընդլայնման ու հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը մարտի սկզբին հայտարարել էր, որ Եվրոպական հանձնաժողովը դեռ պատրաստ չէ Ռիգայի գագաթնաժողովում խոսել Ուկրաինայի ու Վրաստանի համար վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու մասին:
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԵՐԹ
Այսօր՝ ժամը 18:30-ին, Ազատության հրապարակում «Հիմնադիր խորհրդարանը» հրավիրել է հանրահավաք-երթ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հանրահավաքին ներկա կլինեն նաեւ մի խումբ ազատամարտիկներ, որոնք հետեւել են նախօրեին «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկներ միության» կոչին: Նշված միությունը բոլոր ազատամարտիկներին կոչ էր արել ներկա գտնվել իրենց հանրահավաքին, որը նվիրված է ազատամարտիկներ Ժիրայր Սէֆիլյանի եւ Պավլիկ Մանուկյանի, «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Գարեգին Չուգասզյանի, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանի եւ Գեւորգ Սաֆարյանի դեմ սկսված քաղաքական հետապնդմանը, որի արդյունքում նրանք բոլորն արդեն տասը օր է՝ անազատության մեջ են: Ի դեպ, Գեւորգ Սաֆարյանը հացադուլ է հայտարարել:
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ
«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Լեւոն Տեր-Պետրոսյանի «Հայոց ցեղասպանությունը. հայացք պետականության դիտակետից» գիրքը, որում ներառված են Տեր-Պետրոսյանի հրապարակային ելույթները, հոդվածները եւ հարցազրույցները:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՎԱՏ ՉԵՆ ԱՊՐՈՒՄ
ՀՀ Կառավարությունը երեկ հաստատել է ճանապարհային ոստիկանության եւ պայմանագրային հիմունքով պահպանության եւ անվտանգության ծառայությունների մատուցման ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015թ. նախահաշիվները: ՃՈ 2015թ. արտաբյուջետային միջոցների տարեկան մուտքերը հաշվարկվել են մոտ 14 մլրդ դրամի, ծախսերը՝ շուրջ 13.5 մլրդ դրամի չափով: Պետական պահպանության եւ անվտանգության ապահովման արտաբյուջետային միջոցների ծրագրային ցուցանիշը հաշվարկվել է մոտ 9 մլրդ դրամ, ծախսը՝ ավելի քան 8 մլրդ դրամ:
ԳԵՐՄԱՆԻԱՆ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ
Թուրքական ընդդիմադիր Zaman թերթի փոխանցմամբ՝ Դարդանելի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու հարցում բացասական պատասխան է ստացվել Գերմանիայից: Չնայած Թուրքիայի արած հրավերին՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու նախագահ Յոահիմ Գաուկը չեն մասնակցի այդ միջոցառումներին: Թերթի պնդմամբ՝ Գերմանիայի նախագահը նախապատվությունը տվել է հայերին եւ Բեռլինում մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվելիք հիշատակի միջոցառումներին ու պատարագին:
ՄԵՐ ՀԱՇՎԻՆ
«Սեւանի իշխան» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2015թ. ապրիլի 15-ից մինչեւ 2016թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը Կառավարության որոշմամբ հետաձգվել է մինչեւ 2018թ. ապրիլի 18-ը: Որոշումն ընդունվել է ՀՀ Կառավարության երեկվա նիստում։ Սեւանի իշխանի վերամշակման գործարան կառուցելու համար ընկերությունը նախատեսում է շուրջ 3 մլրդ դրամի ներդրում կատարել եւ ստեղծել 150 աշխատատեղ: Այսպիսով` ՀՀ Կառավարությունը հերթական արտոնությունն է սահմանում ոչ հերթական իշխանավորի (ըստ մամուլի հրապարակումների` հենց իր` Սերժ Սարգսյանի) բիզնես պրոյեկտի իրականացման համար: Առանց այդ էլ գերշահույթներ խոստացող եւ Սեւանի էկոլոգիական միջավայրը խաթարելու վտանգներ պարունակող այս ծրագիրը հաստատվեց` հաշվի չառնելով բնապահպանների մտահոգությունները, հիմա էլ, պարզվում է, այս «յուղոտ» բիզնեսը պիտի կայանա մեր բոլորիս հաշվին: Տեսնես երբ կլինի, որ հայրենի Կառավարությունը մի անգամ էլ մտածի փոքր ու միջին բիզնեսի համար իրական արտոնություններ սահմանելու մասին:
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Երեկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հանդիպումը կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել են Հայաստանում տնտեսական ոլորտի զարգացման հեռանկարները եւ այդ գործընթացին նպաստող նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը: Դեսպանը շեշտել է, որ իր եւ դեսպանատան առաջնահերթություններից է Հայաստանում ամերիկյան ներդրումների խթանումը: