ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՄԻԱՅՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, անդրադառնալով Հալեպի հայկական թաղամասերի ռմբակոծությանը, կարծիք հայտնեց, որ բոլոր խնդիրների պատասխանատուն նախարարությունը չէ. «Նախարարությունն ընդամենը պետք է կարողանա ինֆորմացիան ճիշտ հասկանալ եւ այն ներկայացնել: Վտանգի խնդիրը միշտ կա, բայց եթե մարդն իր տանից դուրս չի գալիս, ինչ անեմ»:

Նշենք, որ Հալեպում պատերազմի թոհուբոհի մեջ մնացած սիրիահայերից շատերը բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ համացանցի օգնությամբ, Հայաստանի Կառավարությանը խնդրում են տարհանել իրենց: Հալեպից հեռանալ շատերն են ցանկանում, քանի որ վերջին օրերին հրթիռակոծությունները վերսկսվել են, իսկ դպրոցները՝ փակվել: Հալեպահայերը բարձրաձայնում են, որ գումար չկա՝ Հայաստան հասնելու համար. «Մենք մենակ խնդրում ենք Կառավարությունից, որ մեզ օգնեն անվտանգ Երեւան հասնել: Մեզ պես շատերը կան, բայց չեն կարողանում դուրս գալ, չգիտենք՝ ո՞ւմ դիմել, օգնություն էլ չկա, միայն ուտելիք՝ բրինձ, ոսպ…, ֆինանսական միջոցներ չկան Հալեպից դուրս գալու համար»:
«Ժողովուրդ»-ը հալեպահայերի վիճակի, ինչպես նաեւ՝ կոնկրետ սփյուռի նախարարության կողմից Սիրիայի մեր հայրենակիցներին օգնելու քայլերի մասին զրուցեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:
-Տիկի՛ն Հակոբյան, Հալեպում իրավիճակն օրեցօր անվերահսկելի է դառնում, ի՞նչ եք մտածում՝ տեղի հայ համայնքի անվտանգությանն ուղղված քայլեր ձեռնարկելու շուրջ:
-Ամեն օր կապի մեջ ենք եւ տեղյակ ենք՝ ինչ է կատարվում, ցավում եմ, որ այդ հրեշները քրիստոնեական աշխարհի վրա են հարձակվում, առավելեւս՝ հայկական թաղամասի: Իրենք ասում են, որ առայժմ ուժեղ վտանգը անցավ: Հարցը բարձրացրել եմ Կառավարությունում, վարչապետն ասաց՝ եթե իրենք նպատակահարմար համարեն, տարբեր ձեւերով երեխաներին դուրս կբերենք: Մենք չենք կարող իրենց փոխարեն որոշում կայացնել: Իրենք եթե որոշեն, մենք պատրաստ ենք բոլոր հարցերով իրենց օգնել: Հիմա սպասենք Հալեպի որոշմանը:
-Մինչեւ եր՞բ սպասեք, մինչեւ որ իրավիճակն ավելի՞ վատանա: Ի վերջո, Սիրիայում այս պատերազմի պատճառով զոհվել է ավելի քան 100 հայ:
-Մենք այստեղ խոսում ենք, իրենք այնտեղ ապրում են, իրենք են տեսնում դրա հնարավոր վտանգները: 4 տարի շարունակ ասում եմ՝ դուրս եկե՛ք, մի՛ մնացեք, միեւնույն է՝ պատերազմը կանգ չի առնում, բայց ես նրանց փոխարեն ինչպես որոշեմ: Իրենք սկզբնական շրջանում մեզ քննադատում էին, թե ինչո՞ւ ենք ասում՝ դուրս եկեք, ի վերջո, այդպես իրենց ծաղկուն համայնքը կքանդվի: Բայց Աստված հեռու տանի` վատ բան լինի, ավելի լավ չէ՝ օր առաջ դուրս գան:
-Այս օրերին սփյուռքի նախարարությանը մեղադրում են, որ Դուք ասում եք, թե մի քանի անհատների պահանջները բավարար չեն, որպեսզի մարդկանց տարհանեք Հալեպից: Պարտադիր պետք է հարյուր հոգի միանգամի՞ց դիմի, որ նախարարությունը հասկանա իրավիճակի լրջությունը:
-Մենք չենք խոսում մեկ-երկուսի հետ, մենք խոսում ենք համայնքի շտաբ օգնության ղեկավարության հետ, որոնք կազմակերպում են ամբողջ համայնքը, դրանք դաշնակցությունն է, ռամկավարները, հնչակները, Անթիլիասի հոգեւոր առաջնորդը, Էջմիածնի հոգեւոր առաջնորդը, բոլորն իրար հետ են, մենք մեկ-երկու մարդու կարծիքն ինչպես կարող ենք հաշվի առնել: Նշեմ, որ մեր խնդիրը ինֆորմացիան հասկանալն է, ինֆորմացիան ներկայացնել է, ուրիշ գործիք նախարարությունը չունի:
-Փորձել եք հասկանալ՝ ինչու է Հալեպի հայ համայնքի ղեկավարությունը բնակիչներին տարհանելու որոշումը ուշացնում:
-Իրենք այնտեղ իրավիճակը շատ ավելի ճիշտ են պատկերացնում, քան մենք: Իրենք ասում են՝ կան ռումբեր, բայց չկա մասսայական հարձակում: Այսինքն՝ զորքը չի մտել հայկական թաղամաս, միայն հրթիռներ են նետում, ու կարծես թե այս ամենը սովորական է դարձել իրենց համար:
-Փորձը ցույց է տվել, որ շատ դեպքերում նախարարությունն ասում է, թե ամեն ինչ վերահսկում է, բայց ավելի ուշ ակնհայտ է դառնում, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, եւ այս դեպքում նախարարին են մեղադրում անգործության մեջ: Չեք վախենում, որ նման խնդրի առաջ կկանգնեք, եթե հիմա Հալեպի հայ համայնքի ղեկավարությանը չասեք, որ մարդկանց կյանքը չվտանգելու համար պետք է շտապ որոշումներ կայացնել:
-Նախ՝ բոլոր խնդիրների պատասխանատուն նախարարությունը չէ: Նախարարությունն ընդամենը պետք է կարողանա ինֆորմացիան ճիշտ հասկանալ եւ այն ներկայացնել: Վտանգի խնդիրը միշտ կա, բայց եթե մարդն իր տանից դուրս չի գալիս, ինչ անեմ, ասեք՝ ի՞նչ անեմ, ի՞նչ եք առաջարկում:
-Զարմանալի հակասություն կա. մարդիկ ասում են՝ օգնե՛ք, Դուք ասում եք՝ իրենք չեն ցանկանում դուրս գալ իրենց տանից:
-Գիտեք, գուցե Դուք մի երկուսին եք հանդիպում, բայց համայնքում 20.000 մարդ կա, ու այդ 20.000-ը նույն կարծիքին չեն, կան մարդիկ, որ ուզում են օր առաջ գան, կան մարդիկ, որ իրենց մոտեցումները տարբեր են: Ավելին՝ ճամփայի խնդիր կա, անվտանգության հարց կա: Հալեպից Բեյրութ հասնելու խնդիր կա, օդանավ այսօր իջեցնել հնարավոր չէ, նրանք պետք է հասնեն Դամասկոս, Դամասկոսից՝ Բեյրութ: Այնպես որ, այդ բոլոր հարցերը պետք է ուսումնասիրենք, արտակարգ իրավիճակների նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը, մեր բոլոր գերատեսչությունները պետք է ուսումնասիրեն, մասսայական հանելն այդքան հեշտ գործ չէ: Հանձնարարությունը տրված է, եւ բոլոր գերատեսչություններն այս ուղղությամբ աշխատում են: Հիմա, օրինակ, երեխաներին բերեցինք, պետք է ընդունենք այդ երեխաներին ճամբարներում, բայց դրանք արդեն սփյուռքի նախարարությանը չեն ենթարկվում: Վարչապետը հայտարարեց, որ մենք պետք է օգնենք մեր հայրենակիցներին, չենք կարող չօգնել, եթե նրանք պահանջում են: Բայց եթե նրանք այս պահին ասում են, որ դրա վտանգը չկա, դեռեւս դպրոցները պետք է գործեն, ես ոնց կարող եմ ասել՝ չէ, թող չգործեն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՎԵՏԵՐԱՆ ԴԱՏԱԽԱԶՆԵՐ
Պարզվում է` ՀՀ-ում, բացի նախկին վարչապետների ակումբից, գործում է նաեւ վետերան դատախազների միություն, որոնք այսօր գրողների միությունում պատրաստվում են նախագահ ընտրել: Երեկ aravot.am-ը տեղեկություններ էր տարածել, թե ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը դատախազության շենքի նիստերի դահլիճը չի տրամադրել վետերան դատախազներին ընտրություն անցկացնելու համար: Ըստ այդմ, նախկին դատախազները վրդովված լինելով Գ. Կոստանյանից՝ դիմել են մի շարք վայրեր, որպեսզի նրանց դահլիճ հատկացնեն: Եւ, ահա, Հայաստանի գրողների միությունն է օգնել՝ դահլիճ տրամադրելով:
Ինչ գործունեություն է իրականացնում վետերան դատախազների միությունը, այս հարցի պատասխանը «Ժողովուրդ»-ը փորձեց ստանալ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյանից: Նրա տեղեկացմամբ, դատախազների վետերանների միությունը գործում է բավականին երկար ժամանակ, սակայն այդ ընտրությանը մասնակցում են այն դատախազները, որոնք թոշակի են անցել. «Նրանք, ովքեր թոշակառու չեն, չեն կարող մասնակցել այդ ընտրությանը: Նշեմ, որ միությունը ակտիվ աշխատանքներ չի իրականացրել, համենայնդեպս, ես չեմ նկատել, սակայն մեր ավագների խորհուրդները մենք միշտ լսել ենք, օգտագործել, իրենք մեր միջոցառումներին մշտապես ներկա են եղել: Նույնիսկ տարվա արդյունքների ամփոփման ժամանակ նրանց ձայն ենք տվել, եւ նրանց մեջ կան շատերը, որ մեր համակարգին պատիվ բերող անձինք են եղել»: Անդրադառնալով դատախազների վետերանների միության վրդովմունքին, որ Գեւորգ Կոստանյանը դահլիճ չի տրամադրել նրանց, Արամ Թամազյանը պատասխանեց, թե չի կարող նման բան պատահել, քանի որ երիտասարդ սերունդը բարոյական չափորոշիչները կպահպանի:
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ գլխավոր դատախազության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզել, թե ինչո՞ւ վետերան դատախազներին դահլիճ չեն տրամադրել, մեզ հայտնեցին, թե տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. «ՀՀ «Դատախազության համակարգի վետերաններ» կազմակերպությունը դահլիճ տրամադրելու հարցով ՀՀ դատախազություն չի դիմել, վերոնշյալ կազմակերպությունից հասցեագրված միակ գրությունը եղել է հետեւյալը՝ «Հարգարժա՛ն Գեւորգ Սուրենի, 2015թ. ապրիլի 3-ին կայանալու է ՀՀ «Դատախազության համակարգի վետերաններ» իրավապաշտպան ՀԿ-ի հաշվետու վերընտրական ժողովը, ցանկալի է Ձեր, ինչպես նաեւ դատախազության աշխատակիցների մասնակցությունը: Ժողովը տեղի կունենա ապրիլի 3-ին, ժամը 16:00-ին, Խնկո Ապոր անվան գրադարանի դահլիճում»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ
«Հիմնադիր խորհրդարան»-ը երեկ հայտարարություն է տարածել այն մասին, որ Գյումրիում սպառնացել են շարժման աջակիցներից Յուրա Աթոյանին։ Ըստ հաղորդագրության՝ Գյումրիում «Հիմնադիր խորհրդարան»-ի հանրահավաքի ժամանակ շարժման անդամ Հրաչիկ Միրզոյանին դանակահարելու մեջ կասկածվող Կամո Խաչատրյանի հայրը՝ Գեւորգ Խաչատրյանը, երեկ առավոտյան մոտեցել է ազատամարտիկ Յուրա Աթոյանին եւ ասել, որ այս գիշեր իրենից «գողականով հաշիվ են» պահանջելու, քանի որ Աթոյանը ցուցմունք է տվել իր որդու դեմ։

 

ՀԱՅՏՆԻ ՉԷ
Դեռեւս հնարավոր չէ ասել՝ առաջիկայում համաներում սպասվո՞ւմ է, թե՞ ոչ: Համենայն դեպս, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը այդ մասին տեղեկություն չունի: Նա երեկ ասել է. «Թե որքանով կթեթեւանա կալանավայրերի ծանրաբեռնվածությունը, կախված է նրանից, թե ինչ ծավալ կկազմի համաներումը։ Այս պահին հնարավոր չէ այդ մասին ասել, եւ հետո հնարավոր չէ նաեւ ասել՝ այդ համաներումը կլինի, թե ոչ։ Նման հարցադրում այս պահին գոյություն չունի»,-ընդգծել է նա։

 

ՆՈՐ ՊԻՏԻ ՏԵՂԵԿԱՆԱ
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, պատասխանելով հարցին, թե որն է պատճառը, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներից Գեւորգ Սաֆարյանը պահվում է 27 հոգու հետ մեկ բանտախցում, որտեղ ընդամենը 8 մահճակալ կա, եւ ինչու նախարարությունը չի զբաղվում նման հարցերով, ասել է. «Այդպիսի հարցերով ես ամեն օր եմ զբաղվում: Այդ խնդրի բարձրացումից հետո ես զանգահարել եմ, որ իրավիճակը ճշտվի եւ ինձ զեկուցվի: Այո՛, մենք ունենք գերծանրաբեռնված բանտախցեր, իսկ կոնկրետ այդ հարցի մասով ես հանձնարարել եմ ուսումնասիրել»:

 

ԳԼԽԱԳԻՆՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է
«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության հետեւանքով որսված գայլերի համար տրվող պարգեւավճարի 100 հազար դրամը փոխարինվել է 123 հազար 346 դրամով: Կառավարության նախկին որոշման փոփոխության նպատակն է խրախուսել գայլերի թվաքանակի կարգավորումը եւ վերականգնել բնության մեջ խախտված էկոլոգիական հավասարակշռությունը:




Լրահոս