ԱՄՆ-ՈՒՄ ՕԲԱՄԱՆ ՄԵՆԱԿ Է ՄՆԱՑԵԼ. ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ Ո՞ՐՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկար ժամանակ է, ինչ միջազգային լրատվամիջոցների լրահոսում մեծ տեղ են զբաղեցնում Հայաստանն ու Հայոց ցեղասպանության թեման: Ու թեեւ վատ առիթով են մեզ հիշում, այնուամենայնիվ, պատմական արդարության հասնելու տեսանելի թվացող ճանապարհով անցնելն այսօր մի տեսակ ազգային հպարտություն է առաջացրել ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիների եւ աշխարհասփյուռ հայության մոտ:

Ցեղասպանության թեման լայն թափով սկսեց լուսաբանվել աշխարհով մեկ Քիմ Քարդաշյանի եւ նրա ընտանիքի՝ Հայաստան կատարած այցի օրերից սկսած: Եւ մինչ Հայաստանի թշնամիներն ու ծպտյալ չար բարեկամները փորձում էին գռեհիկ մեկնաբանություններով Քարդաշյանի հետ նույնացնել ցեղասպանության թեման, «գործի անցավ» նրա աշխարհահռչակ ամուսինը՝ Քանյե Ուեսթը՝ Կարապի լճի մոտ անմոռանալի համերգով: Եւ հատկապես ապրիլի 12-ին աշխարհի ուշադրության կենտրոնում բացառապես մեր երկիրն էր՝ Վատիկանում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի մատուցված պատարագը, Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղերձը եւ Գրիգոր Նարեկացուն տիեզերական վարդապետ հռչակելը իսկական շոկ էր առաջացրել: Ու դրանից հետո Թուրքիայի հիստերիկ արձագանքն առավել տխուր իրավիճակում դրեց այդ երկրին:
Եւ որպեսզի բարկությունից անդառնալի սխալներ չգործեն, երեկ՝ իր 3.5 ժամանոց ելույթի ժամանակ, թեմայի մասին հետաքրքիր ուղերձներով խոսեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Թուրքիային եւ Վատիկանին կհաջողվի կարգավորել լարվածությունը, որն առաջացել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Պապի հայտարարությունից հետո,- հայտարարեց Պուտինը՝ հավելելով, – Ես չեմ ուզում միջամտել Պապի եւ Թուրքիայի բանավեճին: Ես Պապին այնքան հեղինակավոր մարդ եմ համարում, որ նա միջոց կգտնի բացատրվել մոլորակի բոլոր մարդկանց հետ՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից: Իսկ թուրք գործիչները ողջամտություն կունենան, նրանք խելոք մարդիկ են եւ բավական ճկուն, որ լուծեն խնդիրները»: Այս խոսքերով Վլադիմիր Պուտինը հասկացրեց Թուրքիայի իշխանություններին, որ պետք չէ Հռոմի պապի մասին որեւէ «թթու խոսք ասել», քանի որ նա մեծություն է: Ու դրանից հետո ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը էժանագին հրապարակումով հանդես եկավ՝ գրելով, թե հայ մեծահարուստ Քրք Քրքորյանը 25 մլրդ դոլարով գնել է Հռոմի պապին:
Իհարկե, հատկապես 28 եվրոպական երկիր ներկայացնող Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումից հետո նման էժանագին քայլերը սպասելի էին, քանի որ հայերի լայն ազգային կոնսոլիդացիան տարբեր ոլորտներում սկսել է նյարդայնացնել մեր հարեւան, բայց ոչ բարեկամ երկու երկրներին: Բայց նրանք այլեւս անկարող են աշխարհում տեղի ունեցող գործողությունների ընթացքը փոխել: Այսօր միջազգային լրահոսում ամենակարդացվող ու ամենատարածված թեմաներից մեկը դարձել է Հայոց ցեղասպանության խնդիրը՝ տարբեր մատուցումներով: Եւ հակառակ կարծիքները կարծես թե կյանքի իրավունք չունեն: Նկատենք, որ մինչ օրս Թուրքիան որեւէ տրամաբանված, փաստարկված պատճառաբանությամբ չի կարողանում բացատրել առաջադեմ մարդկությանը, թե ինչու չի ընդունում հայոց ցեղասպանությունը: Ի վերջո, նույն Եվրախորհրդարանի բանաձեւում նույնիսկ հուշում կա այն մասին, որ եթե Թուրքիան ընդունի ցեղասպանությունը, այն չի կարող իր հետեւից բերել իրավական գործընթացներ, ինչի մտավախությունը, թերեւս, ունի Թուրքիան:
Ու քանի դեռ թուրքերը շարունակում են ագրեսիան, շատ երկրներ մեկը մյուսի հետեւից տարբեր ձեւաչափերով ընդունում են Հայոց ցեղասպանության փաստը եւ դատապարտում: Սա պայմանավորված է նաեւ Թուրքիայի նկատմամբ աշխարհում առկա վատ վերաբերմունքով, որը պետք է մենք՝ հայերս, ճիշտ օգտագործենք՝ հասնելով մեր ազգային նպատակի իրագործմանը՝ հատուցում եւ դատապարտում:
Եւ այսքանից հետո, եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարվա իր ուղերձում չասի ցեղասպանություն բառը, թերեւս դրա համար լրջագույն, ծանրակշիռ բացատրություն պիտի տա ինչպես ողջ երկրագնդի կաթոլիկներին, այնպես էլ շարքային մահկանացուներին: Ի վերջո, ԱՄՆ 50 նահանգներից 45-ն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այնպես որ, նույնիսկ ԱՄՆ-ում է Օբաման մենակ մնացել:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է, ԲԱՅՑ ՉԻ ԿԱՏԱՐԵԼ

Երեկ Երեւանի Ծարավ Աղբյուր թաղամասի 55/6 շենքի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել. նրանց պնդմամբ՝ Երեւանի քաղաքապետարանը խոստացել է նշված թաղամասի բնակիչների համար այգի կառուցել, սակայն խոստումը չի կատարել: Ավելին՝ այդ տարածքը վաճառել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու՝ ապրիլի 14-ի արտահերթ նիստում ավագանին հավանություն էր տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ներդրումային ծրագրին, որի շրջանակում նախատեսվում է մայրաքաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/25 հասցեում կառուցել կրթական համալիր: Երեւանի ավագանին ապրիլի 14-ի արտահերթ նիստին որոշել էր Երեւանի քաղաքային համայնքի սեփականություն համարվող Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/25 հասցեում գտնվող հողամասը եւ շինություններն ուղղակի վաճառքի ձեւով օտարել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը: Իսկ դրան դեմ են նույն թաղամասի բնակիչները: Երեկ Ծարավ Աղբյուրի 55/6 շենքի բնակիչներից մի քանիսն այդ առթիվ բողոքի ակցիա էին կազմակերպել` իրենց պատուհաններին ու պատշգամբներին փակցնելով «Վաճառվում է» գրությամբ պաստառներ: Բանն այն է, որ նոր կառուցվելիք շենքերը խանգարելու են այսօրվա բնակիչներին, փակելու են արեւի լույսը: Բացի այդ, կա եւս մի փաստ, որը բնակիչները շատ ավելի են կարեւորում, այն է` ժամանակին քաղաքապետարանը խոստացել էր բնակիչներին շենքին հարող այդ տարածքում կառուցել պուրակ ու մանկական խաղահրապարակ: Դեռեւս նախորդ տարվա մարտին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը թաղամասի բնակիչներին խոստացել է պուրակը կառուցել մինչեւ 2015 թվականը, սակայն խոստումն այդպես էլ չի իրագործել: Հիմա էլ է խոստանում, բայց ոչ հիմա, այլ Գազպրոմի կողմից իրականացվող շինարարության ավարտից հետո:
Բնակիչները դժգոհում են նաեւ այն պատճառով, որ իրենք 2010 թվականի մայիսին դարձել են ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ կողմից Երեւանի Ծարավ Աղբյուր թաղամասում կառուցվելիք շենքի շահառուներ: Ըստ պայմանագրի՝ նախատեսված էր, որ բնակարանը հանձնվելու է 2012 թվականի նոյեմբերին, սակայն բնակիչներն այնտեղ փաստացի բնակվելու հնարավորություն ստացան միայն 1,5 տարի ուշացումով՝ 2014 թ սկզբին:
Ի դեպ, այս ուշացման համար նույն պայմանագրով ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ-ն պետք է 1-2 միլիոն դրամ յուրաքանչյուր բնակարանի դեպքում որպես տույժ փոխհատուցեր շահառուներին: Սակայն շահառուների պնդմամբ՝ ՀԿ-ն տույժերը փոխհատուցելու փոխարեն խոստացել է բակում խաղահրապարակ կառուցել: Իսկ հիմա ստացվում է, որ նույն ՀԿ-ն պետք է կրկին բնակելի շենքեր կառուցի, դպրոց եւ մարզական ակումբ՝ բակը վերածելով շինհրապարակի: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանի հետ, սակայն այդպես էլ չհաջողվեց: Նրա հեռախոսն անջատված էր:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 55/6 շենքում բնակվում են նաեւ նախագահականի երկու աշխատակից՝ Սերժ Սարգսյանի օգնական Վարուժան Ներսեսյանը եւ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը: Այդ նույն թաղամասի մեկ այլ շենքում` Ծարավ Աղբյուր 55/11 հասցեում է բնակվում նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը: Եւ խաղահրապարակ ու պուրակ կառուցելու խոստումները, ստացվում է, տրվել են նաեւ այդ պաշտոնյաներին եւ խաբել են նաեւ նրանց:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԾԵՐ ԵՎ ԱՆՕԳՆԱԿԱՆ
Տավուշի մարզի Աչաջուր համայնքն ունի 4573 բնակիչ, 905 հա վարելահող, 165 հա խաղողի եւ պտղատու այգի: Աչաջրեցիները «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ չեն կարողանում մշակել իրենց հողատարածքներն ու այգիները: Գյուղամիջում կայացած զրույցի ժամանակ նրանք ներկայացրին իրենց բազում խնդիրները: 74-ամյա Մելսիկ Ալավերդյանն ասում է, որ շատ համագյուղացիներ օրվա հացի փող չունեն, չեն կարողանում սերմացու, թունաքիմիկատներ գնել, իրենց վարելահողերն ու այգիները մշակել:
«Մեր պրոբլեմը շատ մեծ ա: Այգի մշակելու տեխնիկա չունենք, սրսկիչ չունենք, այգիների միջշարային տարածքները վարող տրակտոր չունենք, կոմբայն չունենք»: Նրա խոսքերով՝ խոտի հակավորող տրակտորի համար իրենք հաղթահարում են 30 կմ, հասնում Ներքին Ծաղկավան, գյուղտեխնիկայի տիրոջը խնդրում, հավելյալ 5 լիտր դիզելային վառելիք տալիս, որ նա տրակտորով գա Աչաջուր: Մ. Ալավերդյանի վկայությամբ՝ խորհրդային ժամանակներից Աչաջրում մնացած գյուղտեխնիկան վաղուց վաճառվել է, նոր տեխնիկա էլ չկա:
Աչաջրում թունաքիմիկատների սրսկիչով «Բելոռուս» հին տրակտոր կա, որը, սակայն, հիդրավլիկ մեխանիզմ չունի, խաղողի այգիներ մտնելով՝ վնասում է վազերը: Աչաջրեցիներն արտերը հնձելու համար հացահատիկահավաք կոմբայնի հետեւից սահմանամերձ Բերքաբեր գյուղ են գնում: Բացի այս` շատ աչաջրեցիներ ծերանալով՝ վատառողջ են դարձել, իրենց այգիները, վարելահողերը չեն կարողանում մշակել: 84-ամյա Լադիկ Խառատյանի կինը մահացել է, նա արդեն 7 տարի մենակ է ապրում: Միակ դուստրը Ռոստովի մարզում է ապրում, հորն օգնելու հնարավորություններ չունի: 2 տարի է՝ Լադիկի առողջությունը վատացել է, դարձել է 1-ին խմբի հաշմանդամ, չի կարողանում անգամ իր հագուստները հագնել: Նա գոյատեւում է 61 հազար դրամ կենսաթոշակով:
Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանը նախկինում նրան ամեն ամիս 10 հազար դրամով օգնում էր՝ որպես խնամակալի վարձ: Լադիկը հայտնեց, որ արդեն 2 տարի է` չի կարողանում մշակել պտղատու եւ խաղողի այգիները, վարելահողը, իր հարեւանը խնձորի բերքը տանում, խոզերին է տալիս: Լ. Խառատյանը գյուղապետ Կ. Ղալթախչյանի աջակցությամբ փակել է հողի հարկի պարտքը, սակայն որպես դրա տույժ 28 հազար դրամ է պարտք: 73-ամյա Վաչիկ Շահնազարյանն էլ 5 աղջիկ ունի, 4-ն ամուսնացած են, Վաչիկը բնակվում է իր թոշակառու կնոջ եւ մանկուց 2-րդ խմբի հաշմանդամ, 50-ամյա ավագ դստեր հետ: Մի կերպ գոյատեւում են 3-ի ստացած ընդհանուր 78 հազար դրամ թոշակով:
Ընտանիքը այգիները մշակելու հնարավորություն չունենալով՝ հրաժարվել է դրանցից, վաճառել է ունեցած անասունները, հիմա լոկ տան առաջ գտնվող 100 քառակուսի մետր հողն է մշակում:
Ահա, այսպես երբեմնի ծաղկուն եւ զարգացող գյուղը հետզհետե ծերանում է եւ ամայանում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս