Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Մարինե Մելքոնյան) պետբյուջեից 14 մլն դրամ անհետացրած հրամանատարներին համաներել է՝ առանց պատճառված վնասը վերականգնելու: Ստացվում է՝ Սերժ Սարգսյանն իսկապես միայն հեռուստադիտողների համար էր զայրանում՝ խոստանալով, թե «գլխից պետք է բռնենք»: Համենայնդեպս, Վանաձորի զորամասի յուրացումների հարցում գլխից բռնող դեռ չկա…
Դատարանը սեպտեմբերի 29-ի դատավճռով Վանաձորի զորամասի երկու նախկին հրամանատարներից Խաչիկ Ավետիսյանին համաներել է՝ իշխանությունը չարաշահելու, պաշտոնական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերի յուրացման, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Սա եզակի դեպք է, երբ դատավորը յուրաքանչյուր հոդվածով առանձին-առանձին պատժաչափ նշանակելուց հետո (2 տարի, 2 տարի 6 ամիս, 3 տարի) առանց դրանք մասնակի գումարելու եւ վերջնական պատիժ նշանակելու միանգամից համաներել եւ պատժի կրումից ազատել է ամբաստանյալին՝ առանց վնասը վերականգնելու: Ստացվում է, որ մինչեւ 3 տարվա ազատազրկում նախատեսող եւ «համաներման տակ ընկնող» բազմաթիվ հանցանքներ կարելի է անել ու չազատազրկվել: Իսկ Էդիկ Մարկոսյանին դատարանը մեղավոր է ճանաչել ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար եւ դատապարտելով 1 տարվա ազատազրկման՝ կրկին համաներել:
Դատարանը ամբաստանյալներ Խ. Ավետիսյանի եւ Է. Մարկոսյանի վերաբերյալ ներկայացված քաղաքացիական հայցերը թողել է առանց քննության` այն պատճառաբանությամբ, որ երրորդ ամբաստանյալը՝ զորամասի նախկին հաշվապահ, 5 տարվա ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող Գայանե Փահլեւանյանը, չի ընդունել քաղհայցը: Մինչդեռ իրավական գիտելիքներ չունեցող Գայանեին Լոռու մարզի կայազորի քննիչներն այնպես էին «ֆռռացրել» նրա փաստաբանի քթի տակ, որ դատաքննության ընթացքում Գայանեն, պարտք անելով 3,5 մլն դրամ, վճարել էր ինչ-որ հաշվեհամարի, որպեսզի դատարանն իր նկատմամբ ազատազրկման ձեւով պատիժ չնշանակի, եւ ինքը կարողանա խնամել քաղցկեղով հիվանդ որդուն եւ ուսանող դստերը:
Փաստորեն, Գայանեին դատելիս վճարման հանգամանքը հաշվի չի առնվել, քանի որ արդեն հրամանատարների առանձնացված գործից երեւում է, որ ՊՆ-ի ներկայացուցիչ քաղհայցվորը հետագայում կարող է դիմել դատարան՝ այս երեք ամբաստանյալներից համապարտության կարգով արդեն ոչ թե 12 մլն (Գայանեի մեղադրանքում քաղհայցի չափն այդքան էր), այլ մոտ 14 մլն դրամ բռնագանձելու պահանջով: Դատարանը կարծես հակված է Գայանեի վճարումներն անհիմն համարել, ինչը երեւում է հրամանատարների դատավճռից. «Դատահաշվապահական փորձագետի … եզրակացությամբ եւ կից հավելվածներով այն մասին, որ կատարված ստուգմամբ դուրս բերված (զորամասից) 14.089.220 դրամ գումարը փորձաքննությամբ ճշգրտված տվյալներով կազմում է 14.210.595 դրամ: Ընդ որում, նշված գումարից 9.884.613 դրամ գումարի ավել վճարումը բխում է փորձաքննությանը ներկայացված ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ֆինանսական հաշվառման փաստաթղթերից, իսկ եթե մնացած 4.325.982 դրամ գումարի չափով կատարված վճարումները իրավական գնահատման արդյունքում դիտվեն անհիմն, նման պայմաններում փորձաքննությամբ կդիտվի, որ դրանք եւս բխում են ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ֆինանսական հաշվառման փաստաթղթերից»:
Հետաքրքիր է՝ ում հաշվեհամարն են տվել Գայանեին, որ փոխանցի այդ 3,5 մլն դրամը. դա փոխանցվել է ՊՆ-ի՞ն՝ որպես պետությանը հասցված վնասի վերականգնում, թե՞ ինչ-որ մեկի անձնական հաշվեհամարին… Գուցե վերջնական դատական ակտում 14 մլն են դարձրել, որ ինչ-որ մարդիկ պետբյուջեից մի քի՞չ էլ գումար հանեն՝ որպես անվերադարձ հափշտակված գումար. հետո կասեն՝ դրա համար 3 անձ է դատվել՝ հաշվապահ Գայանեն եւ երկու հրամանատարները: Մինչդեռ վերջիններիս նկատմամբ միայն այս տարվա փետրվարին է խափանման միջոց ընտրվել, այն էլ՝ ստորագրություն չհեռանալու մասին, որը դատավճռով վերացվել է, քանի որ համաներվել են:
Ստացվում է՝ կարող են Գայանեին երկրորդ անգամ քաղհայցի պահանջ ներկայացնել: Միանշանակ է, որ երկակի ստանդարտներ են կիրառվել զորամասի հրամանատարների եւ ծանր հիվանդ երեխայի մոր՝ հաշվապահ Գայանեի նկատմամբ, որն ասում է. «Ինչ արել եմ, հրամանատարների հետ եմ արել» (իսկ հրամանատարնե՞րն ում հետ են արել). գուցե դա նրանից է, որ պատժաչափը լսելուց հետո ինքնասպանության փորձ արած Գայանեի բողոքի ձայնը, որը հասել էր նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին, լռեցրել են… Հավանաբար նրա համար, որ Հովսեփյանն ու Լոռու մարզի կայազորի դատախազ Միրզաբեկյանը ազգականներ են:
Հիշեցնենք, որ Գայանեն իրեն ինքնասպանության դրդողների մեջ հիշատակել էր նաեւ Միրզաբեկյանի անունը, որը, Գայանեի խոսքով, իմացել է իրեն արդարացնող որոշ ապացույցների եւ իր նկատմամբ քննիչների իրականացրած անօրինությունների մասին, սակայն իր անգործությամբ իրեն դրդել է ինքնասպանության: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի «զայրույթը» ձեւական էր եւ առայժմ չի տարածվում Լոռու մարզի կայազորի, դատարանի վրա, որոնց գործողություններով կամ անգործությամբ պետությանն էական վնաս է պատճառվում: Գայանեն, ամենայն հավանականությամբ, ճիշտ էր՝ ամեն ինչ իր գլխին են կոտրում… Ս. Սարգսյանն էլ է ճիշտ՝ «գլխից պտի բռնեն», բայց մի «գլուխ բռնող» էլ իր վերահսկողականում է նստած… Տեսնես 14 մլն-ն մինչեւ ո՞ւր է հասել…
ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ 14 ՄԼՆ «ԿԵՐԱՆ» ՈՒ ՀԱՄԱՆԵՐՎԵՑԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ