ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԱՀԱԿԸ «ՓՈՍՏ Ա…»
Արդեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կենվոր 28-ամյա Սահակ Կարապետյանը լրիվ «փոստ ա». այս տարվա հունիսի 20-ին երեւի շտապ փող էր պետք եղել, եւ Սահակը օրը ցերեկով մտել էր «Հայփոստ»՝ փող «վերցնելու»: Ավելի ճիշտ, ոչ թե մտել էր, այլ ավազակային հարձակմամբ, տուժողների կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել էր ուրիշի 83 650 դրամի գույքը՝ առանց մտածելու, որ չի հասցնի փողի վերածել ու ծախսել, փոխարենը կհասցնի դատվել ու երկար մտածել իր արարքի մասին: Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15:00-ին, Սահակը Էրեբունու դատարանում կասի, թե ինչու իր եւ «Հայփոստ»-ի գլխին նման «փոստ» սարքեց…

ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ ՄՈՒՐԱՑԿԱ՞Ն
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12-ին, կդատեն 32-ամյա Աննա Սահակյանին: Անչափահաս երեխայի մայրը՝ Աննան, մեղադրվում է սուտ մատնության մեջ. նա կեղծ տեղեկություն է տվել իրավապահներին, թե Թաթուլ Հայկի Փիլոսյանը 2011թ. դեկտեմբերի 30-ից մինչեւ 2012թ. մարտի 30-ն իր անչափահաս երեխային` Սուսաննա Սահակյանին, ստիպել է մուրացկանությամբ զբաղվել՝ ստանալով նրանից օրական մոտ 20 000 դրամ գումար: Ի դեպ, Աննան մշտական բնակության վայր չունի, ու եթե դատապարտվի եւ ազատազրկվի, երեխայի խնամքը պետք է ստանձնի պետությունը:  

ՌԱՅՄՈ՛ՆԴ, ԴՈ՞Ւ ԵՍ
Արմավիրի մարզի բնակիչ Ռայմոնդ Օհանջանյանը երեւի անեկդոտի հերոս տղայի պես օրվա ինչ-որ ժամի կա՛մ սեռն է փոխում, կա՛մ անունը. անցյալ տարի՝ օրերից մի օր, նա «Գոհար» էր դարձել… ու հիմա մեղադրվում է ապօրինի կերպով զենք ձեռք բերելու եւ կրելու համար. Ռայմոնդը 2011թ. իր նախկին ընկերուհի Գոհարի համար եւ նրա անվամբ ձեռք է բերել «ԱՏՄԱԳԱ» գազային ատրճանակ եւ ապօրինի կրել: Ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցներն էլ 2012թ. մարտի 7-ին նկատել են նրան ու Երեւանի Մոսկովյան փողոցում գտնվող Ա. Թամանյանի արձանի մոտից բերման ենթարկել: Հոկտեմբերի 2-ին Կենտրոնի դատավորներից մեկը կսկսի պարզել, թե Ռայմոնդն ինչու էր կանանց տոնի նախօրյակին իրեն Գոհարի «տեղը դրել» ու «թիթիզացել»:

Է. Մ.




Լրահոս