Ողջ աշխարհում դեսպանների համար սահմանված տարիքային ցենզեր կան, նաեւ կոնկրետ երկրում ծառայության ժամկետներ, սակայն Հայաստանում որոշ դեսպանների համար ծառայությունը հավերժական է…
Հիշենք, թե որքան պաշտոնավարեց Արմեն Սմբատյանը Ռուսաստանում՝ աստիճանաբար հաստատվելով ռուսական բիզնես շրջանակներում: Հիշենք նաեւ տարբեր երկրներում պաշտոնավարող մեր մի շարք դեսպանների, որոնք շատ վաղուց դարձել են նաեւ կարկառուն բիզնեսմեններ՝ մոռանալով Հայաստանի եւ նրա շահերի մասին: Հավերժական դեսպանի կարգավիճակով է գործում նաեւ Վիգեն Չիթեչյանը՝ ՀՀ ամենատարեց դեսպանը, որը հիմա էլ Ֆրանսիայում է ՀՀ դեսպանը: Եւ ոչ միայն: Թվարկենք նրա դիվանագիտական ծառայության ցանկը. 2011թ. Անդորրայի Իշխանապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ), 2011թ. Մոնակոյի Իշխանապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Փարիզ), 1997-2009թթ. Բելգիայի Թագավորությունում, Նիդերլանդների Թագավորությունում եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ինչպես նաեւ Եվրոպական միությունում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավար (նստավայրը` Բրյուսել), 1997-2004թթ. ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավար (նստավայրը` Բրյուսել): Վիգեն Չիթեչյանը դեսպան է նաեւ Սուրբ Աթոռում… Ինչպես տեսնում ենք, պարոն Չիթեչյանը սիրահարվել է Եվրոպային ու այլեւս չի կամենում Հայաստան վերադառնալ: Դե, 72 տարեկան մարդն այլեւս ի՞նչ է անելու Երեւանում Փարիզից ու Բրյուսելից հետո, մանավանդ որ առանձնապես ջանք ու եռանդ էլ չի թափում աշխատելու համար:
Ֆրանսիայում հայ քաղաքացիներ են հայտնվում փողոցում, հայ համայնքը քաղաքական եւ քաղաքացիական ակցիաներ է իրականացնում, ԵՄ անդամ Հունգարիան ցմահ ազատազրկված հանցագործի է արտահանձնում, իսկ ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչության ղեկավարն այս եւ վերոհիշյալ երեւույթների մասին չի էլ մտածում: Ասում են՝ շատ է ծերացել ու հազիվ է շարժվում: Այնքան չի շարժվում, որ չի կարողանում ակտիվ հարաբերություններ հաստատել հայ համայնքի հետ, տեղյակ լինել մի շարք դավերի, որոնք նյութվում են ՀՀ-ի դեմ, մասնակցություն ունենալ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող հոդվածի առթիվ կազմակերպվող գործողություններին: Տպավորությունն այնպիսին է, թե մենք Ֆրանսիայում դեսպան չունենք: Հենց այսպես էլ արտահայտվում են ֆրանսահայերը, որոնք վաղուց են երես թեքել Չիթեչյանից:
Իհարկե, դեսպան Չիթեչյանը հարցազրույցներ է տալիս թերթերին ու հանդեսներին, Հայաստան ուղարկում որոշ պարզաբանումներ՝ կապված լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների հետ, բայց արդյոք սա է դեսպանի պարտականությունը: Նա այդ ամենը կարող էր անել նաեւ Երեւանում: Բայց դե Փարիզն ուրիշ է, այստեղ Չիթեչյանն ապրում է Էյֆելյան աշտարակի մոտ վարձակալված բնակարանում, որի համար մեր պետական բյուջեից ամեն ամիս 6300 եվրո է վճարվում: Այսինքն՝ երեք միլիոն դրամից ավելի: Նման շքեղությունն ո՞վ կթողնի եւ կվերադառնա Հայաստան, թեեւ այստեղ եւս պարոն Չիթեչյանը հրաշալի բնակարան ունի… Բայց Երեւանը հո Փարի՞զ չէ… Մեր ձեռքի տակ է Ֆրանսիայում ապրող ճանաչված հայ երաժիշտ Գուրգեն Թագվորյանի նամակների «հավաքածուն»: Արդեն քանի՜ տարի նա կամենում է Ֆրանսիայում հայ պատանի երաժիշտների համախումբ ստեղծել, քարոզել արդի հայ երգը, սակայն դեսպանատունը ոչնչով չի աջակցում՝ «խորհուրդ տալով» նամակներն ուղարկել ՀՀ սփյուռքի նախարարություն:
Դեսպանից ու դեսպանատնից վաղուց համագործակցություն եւ աջակցություն չեն ակնկալում ֆրանսաբնակ մեր շատ հայրենակիցներ: Նրանք զայրույթով էին պատմում խաչքարերի ցուցադրության հետ կապված խայտառակ պատմության մասին, երբ դեսպան Չիթեչյանն ընդամենը մի փոքր «հուզվեց»…
Վ. Չիթեչյանն այն մարդկանցից է, որը լիարժեք վայելեց անկախության պտուղները: Նա ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական, Մոսկվայի ավիացիոն եւ էներգետիկայի ինստիտուտները, դարձել տեխնիկական գիտությունների դոկտոր: 1963-ից դասախոսական աշխատանք է կատարել Պոլիտեխնիկական ինստիտուտում, հետո էլ Թունիսի պետական ճարտարագիտական դպրոցում: Այսպես՝ 22 տարի: 1985-90թթ. եղել է գործարանի տնօրեն, արդյունաբերության նախարարի տեղակալ: 1990-ին Վազգեն Մանուկյանը նրան նշանակեց պետական նախարար: Այս պաշտոնը նա վարեց մինչեւ 1993թ.՝ գլխավորապես պատասխանատու լինելով էներգետիկայի համար: 1993-ին էլ նշանակվեց փոխվարչապետ՝ դարձյալ պատասխանատվություն կրելով առաջին հերթին էներգետիկայի համար: Իսկ սրանք մեր երկրի պատմության ամենաողբերգական ժամանակներն էին, ցրտի ու մթի, զանգվածային արտահոսքի տարիները: Նաեւ Վ. Չիթեչյանի խղճին են ծանրացած էներգակիրների յուրացումները, մոտ 1 մլն մարդու հեռացումը երկրից, սովն ու աղքատությունը: Այս ամենի մասին շատերը չեն խոսում, չեն խոսում նաեւ այն մասին, որ Ֆրանսիան այն երկիրն էր, որը Եվրոպայում դարձավ Հայաստանի շահերի յուրատեսակ պաշտպանը, մինչդեռ մեր տապալված դիվանագիտության պատճառով այսօր Ֆրանսիայի համար Հայաստանը չունի այն նշանակությունը, որն ուներ 1990-ականների սկզբներին:
Վերջերս «Վիկիլիքս»-ը նոր բացահայտումներ արեց, ներկայացրեց հայ դեսպանների գրագրությունները` ցույց տալով, որ մեր դիվանագետները զբաղված են առեւտրով ու քյաբաբի փառատոններ կազմակերպելով: Եւ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը գրեթե չէր տարբերվում մյուսներից…
ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ