Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում հրավիրել էր խորհրդակցություն, որի ժամանակ հայտարարել է, թե անթույլատրելի է համարում գնումների գործընթացում պետության սուղ միջոցների եւ զինվորների հաշվին թույլ տրվող չարաշահումները: Իսկ մինչ այս այն մարդիկ, որոնք համարձակվում էին հայոց բանակի մասին բացասական կարծիք արտահայտել, իշխանական ուժերի կողմից որակվում էին դավաճաններ:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ Սերժ Սարգսյանի հրապարակային քննադատությունը ստվեր չի՞ գցում հայոց բանակի հեղինակության վրա:
ՊԱՏԱՍԽԱՆ. Սերժ Սարգսյանը չի խոսել բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների, սպանությունների, ինքնասպանություններ որակումների եւ նրանց շուրջ կատարվող դատական գործընթացների մասին, այլ խոսել է զինվորի հաշվին հարստանալու ոմանց, մեղմ ասած, վարքի դրսեւորումների մասին: Ես հակառակ կարծիքին եմ, եթե իշխանությունը կամք ունի եւ ուզում է լուծել այս խնդիրները, ընդհակառակը, պետք է բարձրացնի խնդիրները… Այո՛, ճիշտ է ասված՝ բանակը մեր հասարակության հայելին է: Եթե հասարակության կյանքում ստվերային եւ ոչ ստվերային դրսեւորումներ կան, բնական է, որ դրանք բանակում էլ կդրսեւորվեն: Ս. Սարգսյանը սկզբունքորեն կուզենա, որ բանակում նվազագույն լինեն այսպիսի երեւույթները, բայց վստահ չեմ, որ այստեղ շատ ռադիկալ քայլեր պետք է արվեն, եւ համոզված չեմ, որ այս քննադատություններն իրենց ցանկալի արդյունքը կտան:
ազգագրագետ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ցանկացած քննադատություն, եթե ինքնանպատակ չէ, այլ միտված է իրավիճակը դրականորեն փոխելուն, անկախ հեղինակից եւ քննադատության թիրախից՝ ողջունելի է: Հայոց բանակի մասին բացասական կարծիք հայտնելն արտառոց երեւույթ չէ: Բանակում առկա թերությունները շտկելն ու չարաշահումները վերացնելը բնական անհրաժեշտություն են: Սակայն հարց է առաջանում՝ ինչու է այժմ խոսվում այդ ամենի մասին: Չէ՞ որ բանակում տիրող հոռի երեւույթների մասին միշտ էլ բարձրաձայնվել է հասարակության կողմից, սակայն իրավիճակը արմատապես չի փոխվել: Համոզված եմ, որ այս անգամ էլ որակական փոփոխություններ չեն կատարվի, քանզի բանակը Հայաստանում պետական կառավարման համակարգի մի մասն է կազմում եւ իրապես փոփոխություններ իրականացնել նշանակում է փոխել կառավարման համակարգը եւ ոչ թե մեկ կամ մի քանի անձանց պաշտոնանկ անել կամ էլ ձերբակալել: Իսկ կառավարման համակարգի փոփոխություն նշանակում է իշխանության բոլոր թեւերում:
«Սարդարապատ» շարժման
նախաձեռնող խմբի համակարգող
ՊԱՏԱՍԽԱՆ. Ընդհակառակը, ես կարծում եմ, որ բանակը եւ, առհասարակ, կառավարման համակարգն այս ամենից հետո ուժեղանում է, քանի որ այդ հայտարարություններից հետո կոնկրետ գործողություններ իրականացվեցին: Այս ամենն ուժեղացնում է պայքարը կոռուպցիայի դեմ բոլոր ոլորտներում եւ հատկապես բանակում: Երբ պայքար ես սկսում արատավոր երեւույթների դեմ, բնականաբար, այդ պայքարը ցավոտ երանգներ է ընդունում եւ դրսեւորվում է մարդկանց պատժելու ձեւով:
ԱԺ արտաքին հարաբերությունների
մշտական հանձնաժողովի անդամ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ