ՄԱՐԶՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնում անցկացված 30-րդ պարաօլիմպիական խաղերին Հայաստանի թիմը ներկայացրած երկու մարզիկներից մեկը գյումրեցի ծանրորդ Գրետա Վարդանյանն էր: Երկրորդ անգամ օլիմպիական խաղերի մասնակցող մեր մարզուհուն հաջողվել է 46 երկրների շարքում գրավել 7-րդ տեղը, ինչը նա համարում է մեծ ձեռքբերում, քանի որ մրցակիցները շատ ուժեղ են եղել՝ ունենալով մինչեւ 20-21 տարվա փորձ: 48 կգ քաշային կարգում հանդես եկող Գրետան բարձրացրել է 82 կիլոգրամ, բայց սա այնքան էլ վատ ցուցանիշ չի համարում, քանի որ լրջորեն սկսել է պատրաստվել օլիմպիական խաղերից մի քանի ամիս առաջ:
Մեզ հետ զրույցում Գրետան նշեց, որ մոտ երեք տարի է՝ մարզվում է առանց մարզչի եւ պարաօլիմպիական խաղերից հետո էլ վերսկսել է մարզումները ու նորից առանց մարզչի: 1988թ. երկրաշարժի հետեւանքով երկու ոտքերից զրկված մեր մարզուհու ցանկությունն ու նպատակն է մասնակցել Բրազիլիայի օլիմպիական խաղերին, բայց մինչ այդ անպայման մասնակցելու է Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններին՝ հաջորդ օլիմպիական խաղերին մասնակցության ուղեգիր նվաճելու նպատակով:
Պարաօլիմպիկ խաղերին շատ փոքր թիմով ներկայանալը Գրետան բացատրում է հաշմանդամների նկատմամբ մեր պետության ցուցաբերած փոքր ուշադրությամբ ու հոգատարությամբ, քանի որ Հայաստանում հաշմանդամ մարզիկների թիվը բավական մեծ է: Նա համոզված է, որ իրենց ֆիզիկական տվյալներով մեր հաշմանդամ մարզիկները մեծ հնարավորություններ ունեն միջազգային բարձր ասպարեզներում հաղթանակների հասնելու համար:
Գրետան հավաստիացնում է, որ եթե պետությունը աջակցի, եւ ինքը 4 տարի անընդմեջ մարզվելու հնարավորություն ունենա, հաջորդ օլիմպիադայից անպայման մեդալով  կվերադառնա: Իսկ այս խաղերից արդեն մեկ ամիս է անցել, բայց Գրետան հանդիպում չի ունցել եւ ոչ մի ղեկավար անձի հետ, ավելին, պարաօլիմպիկների թիմին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են միայն լրագրողները: Նման վերաբերմունքը տխրեցրել է մեր մարզիկին: «Կապ չունի՝ մարզիկը մեդալով է վերադարձել, թե ոչ, պետությունը պարտավոր է, ու մեզ համար էլ է ցանկալի, որ ղեկավար մարմինները ներկա գտնվեին պարաօլիմպիկի թիմին դիմավորելուն: Սպորտն ինձ համար լրիվ ուրիշ աշխարհ է: Քանի ուժ ու հնարավորություն կա՝ կմնամ սպորտում, ուղղակի վիրավորական է, որ չի գնահատվում պարաօլիմպիկ սպորտը»,-վրդովված նշում է Գրետան:
Օլիմպիական ոսկի ունենալն այսօր Գրետայի միակ երազանքն է: Նա արդեն փոխել է իր քաշային կարգն ու այսուհետ հանդես կգա 52 կիլոգրամ քաշային կարգում՝ պարապմունքներն անցկացնելով «Փյունիկ» ՀԿ-ի դահլիճում, որտեղ միայն ծանրաձողն է, իսկ մկանների զարգացման ոչ մի հնարավորություն չկա: «Այնտեղ կպարապեմ այնքան ժամանակ, մինչեւ մեր ղեկավար մարմինները քնից արթնանան եւ ասեն` Գրետա՛ ջան, արի՛, մարզվի՛ դահլիճում»,-ասում է հաշմանդամ մարզուհին:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս