«Ժողովուրդ»-ը հանգստյան օրերին եղավ Լոռու մարզի Նեղոց գյուղում, զրուցեց համայնքապետ Սպարտակ Բեգջանյանի եւ գյուղի բնակիչների հետ: Ծանոթացանք նրանց առօրյային եւ լսեցինք խնդիրների մասին: Պարզվեց, որ նեղոցցիները փող վաստակում են միայն տարվա երեք ամիսներին:
Գյուղն ունի մոտ 350 բնակիչ, որից 50-ը արտագնա աշխատանքի պատճառով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Նեղոցը նախկինում գյուղ չի համարվել, ընգրկված է եղել Ախթալա քաղաքի կազմում:
Մեզ հետ զրույցում գյուղի բնակիչներից մի քանիսը դժգոհեցին համայնքապետի աշխատանքից: Նրանց կարծիքով՝ գյուղի խնդիրները պակասելու փոխարեն ավելանում են, իսկ համայնքի ղեկավարն էլ ոչինչ չի նախաձեռնում դրանց լուծման համար: Գյուղացիներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, վրդովված ասաց. «Ի՞նչ ա անում որ: Ոչ մի բան, մենք չենք տեսնում: Հենա նորից ընտրվել ա: Իրա ազգը, բարեկամությունը շատ ա, դրա համար ընտրվում ա: Ա՛յ քիրա ջան, ամբողջ ընտանիքով աշխատում ենք, բայց չենք կարում նորմալ ապրենք, տուն առնենք: Բայց գյուղապետը հենա տղերքի համար տներ ա առել: Ո՞նց, ո՞ւմ փողերով, ի՞նչ փողերով, չգիտեմ»: Զրույցին ներկա մյուս նեղոցցիներն էլ համաձայնեցին իրենց համագյուղացու հետ՝ ցույց տալով քարուքանդ եղած ճանապարհը:
Հանդիպեցինք համայնքի ղեկավար Սպարտակ Բեգջանյանի հետ եւ հետաքրքրվեցինք, թե ինչ քայլեր է ձեռնարկում գյուղի խնդիրները գոնե նվազեցնելու ուղղությամբ:
«Այն ժամանակ Ախթալայի պահածոների գործարան կար, աշխատատեղ շատ կար, իսկ հիմա միայն երկաթգիծն է, որտեղ մեր գյուղից աշխատում է ընդամենը 4 հոգի: Ճիշտ է, Թեղուտում էլ աշխատող ունենք, բայց ի՞նչ արած: Եթե գայիք մի 15 օր առաջ, ապա ամեն ինչ պարզ կլիներ»,-նշեց գյուղապետը: Բանն այն է, որ տեղի բնակիչների փող վաստակելու միակ միջոցը մոշն է, որը սկսում են հավաքել հուլիսի վերջերից մինչեւ սեպտեմբերի վերջ: Հիմա անտառում այլեւս մոշ չկա: Իսկ անասնապահությամբ էլ զբաղվում է միայն 10 հոգի. «Որովհետեւ արոտավայր չունենք, այն քարքարոտ է ու վտանգավոր անասունների համար: Իսկ մանր եղջերավոր կենդանի` այծ, ոչխար, չունենք: Երկրաշարժից հետո չախկալները (շնագայլ-խմբ.) լցվել են այստեղ: Մտնում են գոմերը ու դրանց ուտում,-պարզաբանեց Բեգջանյանը` հավելելով, որ գյուղացիները նաեւ հողագործությամբ չեն զբաղվում,-անիմաստ է, հողը էրոզացվել է: Անցյալ տարի համապատասխան մարդիկ եկել էին, ստուգել եւ պարզել, որ շատ ծախս ա պետք, որ սելիտրայով կարողանան հողը բարելավեն: Ա՛յ հիմա աշնանացանը սկսվում է, բայց մեր գյուղը չի օգտվում դրանից»:
Բեգջանյանը մեզ վստահեցրեց, որ ՀՀ կառավարությանը տեղյակ է պահում գյուղի խնդիրների մասին: «Իրենք էլ եկել ու ստուգել են, որ հողը անբարենպաստ է: Վարուցան անելու համար համապատասխան տեխնիկա է պետք, բայց մենք ապահովված չենք դրանով: Հետո ոռոգման ջուր էլ չունենք, բոլոր հողերը անջրդի են»,-նշեց գյուղապետն ու մտաբերեց, որ անցյալ տարի իրենց գյուղ մի քանի հետազոտողներ էին եկել` Դեբեդի ջրի համար ստուգումներ անելու: «Դեբեդից հնարավորություն չկա օգտվելու, քանի որ պոմպակայաններ չկան: Հետազոտեցին ու հետո հայտարարեցին, թե մեր գյուղը տարածաշրջանում երկրորդն է, որ թունավոր է: Չեմ վախեցնում մեր ժողովրդին, բայց հիմա օդը հագեցած է էդ ծանր մետաղներով: Ժամանակին, երբ մալինան հասնում է, բերում ըրեխին ենք տալիս` չմտածելով, որ այն թունավոր է: Բայց եթե այդ հետազոտողների ասածին մնանք, ապա մեր էստեղ ապրելն անիմաստ է»,-կատակի տալով՝ նշեց Բեգջանյանը:
Գյուղի մի մասը խմելու ջրի համար վճարում է: «Մենք երեք տեղից խմելու ջուր ունենք. երկուսը բնական աղբյուրներից է գալիս, իսկ մեկը` Ստեփանավան-Նոյեմբերյան ջրագիծն է: Բայց մի մասն է, փոքր մասը»,-տեղեկացրեց համայնքապետը:
«Գյուղացին ի՞նչ միջոցներով է վճարում ջրի համար» հարցին գյուղապետը պատասխանեց. «Դե մի ձեւի տալիս են, էլի: Մեր ժողովուրդը պետությանը չի բողոքում, խելոք են: Չնայած որ բողոքի, պետությունն ի՞նչ պետք է անի»: Համայնքի ղեկավարի համար միակ առաջնահերթ խնդիրը եղել է գյուղապետարանի շենքը, որը կառուցվել է համայնքի եւ պետական միջոցներով. «Դե գազի պրոբլեմի մասին նույնիսկ չեմ էլ ուզում խոսել: Բազմիցս դիմել եմ այդ հարցով, բայց պատասխանում են, թե ծախսը շատ է, իսկ սպառողը` քիչ: Էլեկտրական հենասյուները շտապ պետք է փոխվեն: Այդ փայտե սյուները կան, բայց սպեցգրուպան չկա, որ տեղադրի ու լույսերը քաշի»: Նրան փոխանցեցինք, որ բնակիչները դժգոհում են նաեւ գյուղի ճանապարհներից. «Գյուղի ճանապարհներն էլ հիմնովին վերանորոգման կարիք ունեն: Կկարգավորեմ, չեմ թողա այդպես: Ես այդքան գումար չունեմ, մեր գյուղի բյուջեն ընդամենը 5 մլն դրամ է: Դա այնքան գումար չէ, որ ես կարողանամ մի հարց լուծել»:
Զրույցի վերջում իմացանք, որ գյուղը մանկապարտեզ չունի: Ըստ գյուղապետի՝ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ դպրոցն ունի նախակրթարան, որտեղ հաճախում է 11 երեխա: Իսկ Նեղոցի հիմնական դպրոցը, որը կրում է զոհված ազատամարտիկ Արթուր Բեգջանյանի անունը, գտնվում է բարվոք վիճակում. «Բայց մի թերություն ունի` աշակերտների թիվը քիչ է: Դրան նպաստում է ծնելիության նվազումը: 2004-ին աշակերտների թիվը եղել է 75, իսկ հիմա դարձել է 28»:
ՓՈՂ ՎԱՍՏԱԿՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՏԱՐՎԱ ԵՐԵՔ ԱՄԻՍՆԵՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ