ԽԱՐԴԱԽ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Իջեւանի զինկոմիսարիատի ֆինանսատնտեսական բաժանմունքի նախկին պետ Հրանուշ Ներկարարյանի գործով դատավարությունը: Ըստ մեղադրական եզրակացության` գործով տուժողները 16-ն են: Ներկարարյանը խարդախությամբ յուրացրել է 10 միլիոն 732 հազար դրամ զինվորական թոշակներ: Բացի այդ, նա, 3-4 քաղաքացիների վստահությունը չարաշահելով, նրանցից գումարներ է վերցրել՝ մեկից 80 հազար դրամ, մյուսից 450 դոլար եւ այլն: Հ. Ներկարարյանը դատարանում իր մեղքն ընդունել է մասնակիորեն: Նա խոստովանել է, որ յուրացրել է թոշակների գումարները, սակայն չի ընդունել, որ քաղաքացիների վստահությունը չարաշահելով` նրանցից գումարներ է վերցրել եւ չի վերադարձրել: Այս դատավարությունը սկսվել է Բերդ քաղաքում եւ տեղափոխվել Իջեւան: Հաջորդ դատական նիստը նախատեսված է հոկտեմբերի 4-ին: Նշենք, որ Հրանուշի ամուսինը` Ռադիկ Պապյանը, նախկինում եղել է հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանը Իջեւանի տարածաշրջանում: Ներկայում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը՝ Իջեւան) ընթանում է նաեւ Ռ. Պապյանի դատը: Համաձայն մեղադրական եզրակացության` փաստաբան Պապյանը մեղադրվում է այն բանի համար, որ Բերդ քաղաքում բնակարանային գողություն կատարած Էդուարդ Քոսակյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելու համար նրա հորից՝ Սերժիկ Քոսակյանից, պահանջել է 8 հազար դոլար: Ըստ առաջադրված մեղադրանքի` Ռ. Պապյանը 2010թ. սեպտեմբերի վերջին Ս. Քոսակյանից ստացել է 3 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած 5 հազար դոլարը վերջինս հրաժարվել է վճարել:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս